Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ը մշտադիտարկման այց է կատարել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» (տեսանյութ, լուսանկարներ)

27 Դեկտեմբեր, 2023 19:10
ՄԻՊ-ը մշտադիտարկման այց է կատարել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» (տեսանյութ, լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին: 

Անահիտ Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին:

Շրջայցին հաջորդել է տոնական համերգը՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոնի էթնո երաժշտախմբի սաների մասնակցությամբ: «Ճախրուկների» հետ կատարումներով են հանդես եկել նաև տուն-ինտերնատի շահառուները:

«Սեր և ջերմություն միմյանց փոխանցելով է հնարավոր աշխարհն ավելի լավը դարձնել: Այսօրվա միջոցառումը կայացավ հենց այդ սիրո և ջերմության մթնոլորտում: Այն զգացողությունը, որով յուրաքանչյուրս այստեղից հեռանալու է, աննկարագրելի է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ցանկանում եմ հատուկ ընդգծել՝ Ձեր իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են աշխատակազմի և իմ անմիջական ուշադրության ներքո»,-ասել է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին:

Տոնական օրվա ավարտին Անահիտ Մանասյանը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնակիչներին նվիրել է շախմատ և սեղանի այլ խաղեր՝ հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ նրանց առօրյան էլ ավելի հետաքրքիր կդառնա:

 

Լրահոս

Դիտել ավելին