Կարևոր իրադարձություններ

Կրեմլը Թուրքիային կոչ է անում չներգրավվել ղարաբաղյան հակամարտությունում. Պեսկով

29 Սեպտեմբեր, 2020 15:40
Կրեմլը Թուրքիային կոչ է անում չներգրավվել ղարաբաղյան հակամարտությունում. Պեսկով
Կրեմլը կոչ է անում Թուրքիային չներգրավվել ղարաբաղյան հակամարտությունում
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարություն «կրակի վրա» յուղ է լցնում, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել հակամարտության որևէ կողմին այն բանից հետո, երբ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին։ «Որևէ ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակի վրա։ Մենք կտրականապես դեմ ենք նման ակտիվությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին դադարեցնել… և վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք դրան, և մենք համաձայն չենք հարցի նման ձևակերպման հետ», - հայտարարել է Պեսկովը ։
Նա նաև ասել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է Բաքվի, Երևանի և Անկարայի հետ: «Մենք  բոլոր երկրներին կոչ ենք անում, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, անել ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերին համոզենք դադարեցնել կրակը և վերադառնալ այդ հնացած հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշել է Պեսկովը:
Այսօր ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում: «Մենք ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արմատապես լուծվի։ Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին՝ թե ռազմի դաշտում, թե բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կշարունակենք այդ համերաշխությունը»,- ասել է Չավուշօղլուն։
 

Լրահոս

Դիտել ավելին