Կարևոր իրադարձություններ

Ինչպիսին էլ լինի հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում. Նախագահ

22 Փետրվար, 2018 14:13
Ինչպիսին էլ լինի  հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում. Նախագահ

Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանում: Պարո՛ն նախագահ, սա Ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին: 

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ Նախագահ Աունի հետ մեր զրույցն անցավ ջերմ մթնոլորտում՝ հայ-լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան: Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել և ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը:  

Թեև նախորդ տարի մեր դիվանագիտական հարաբերությունները թևակոխեցին իրենց քառորդ դարը, սակայն մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն, որում, անխոս, իր ուրույն դերն ունի լիբանանահայ համայնքը: Երկուստեք գոհունակությամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ հաջողվել է մեր բարեկամությանը հաղորդել նոր որակ՝ ձևավորելով փոխգործակցության ամուր կապեր քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում:

Կարևորեցինք մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևոր խթան: 

Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը՝ հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։
Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորեցինք տնտեսական բաղադրիչը: Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։ 
Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար:

Բարձր գնահատեցինք միջազգային կառույցներում մեր երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը հատկապես մեզ համար կենսական կարևորություն ներկայացնող հարցերում: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ: 

Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում: Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաև համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարևորը բանակցային գործընթացն է, և ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել:

Արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ և երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։ Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին և իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր:

Ցավոք, այսօր Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում մենք շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների: Այս առումով կարևորում ենք Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին և եղբայրներին: 

Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ: 

Լիբանանի Նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու և մասնակցելու Ֆրանկոֆոնհիայի գագաթնաժողովին: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին