Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են տառապում նախագահները (լուսանկարներ)

07 Սեպտեմբեր, 2016 16:31
Ինչու՞ են տառապում նախագահները (լուսանկարներ)

 ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը ինչ-որ առումով պահի թելադրանքի արդյունք էր: Նման կարծիք են հայտնել փորձագետները:  Վարկածի համաձայն, Քենեդու դեմ մահափորձի հեղինակները Ֆիդել Կաստրոյի գործակալներն են եղել: Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը` 2005թ. մայիսի 10-ին, Թբիլիսիի կենտրոնական հրապարակի մեջտեղում, ական է նետում, նպատակ ունենալով սպանել պաշտոնական այցելությամբ Վրաստան ժամանած ԱՄՆ-ի նախագահին…

Լուսանկարում՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին է

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը հայտնի է նախագահների վրա կատարված բազմաթիվ մահափորձերով: Ըստ հոգեբանների` մահափորձեր իրականացնող անհատները հիմնականում հոգեպես անհավասարակշիռ մարդիկ են, ովքեր սեփական անհաջողությունները կապում են կառավարության լիդերների հետ, այդ կերպ փորձելով   «հաշվեհարդար տեսնել»իրենց անհաջողություների համար: Սակայն լինում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրենց քաղաքական ձևավորված հայացքների պատճառով, փորձում են    «չեզոքացնել» այս կամ այն նախագահին: Հոգեբանների կարծիքով, ահաբեկչական խմբավորումների անդամները` անհատ մարդասպաններից ավելի սառնասիրտ են, որն էլ նրանց հնարավորություն է տալիս խուսափել հանցանքի վայրում բռնվելու վտանգից:

Ամերիկյան ոստիկանության խուզարկու Ջեֆ Սլեյդը` իր ունեցած փորձից ելնելով, եկել է այն համոզման, որ ահաբեկչական խմբավորումները գործում են պահի թելադրանքով, ոչ թե կանխամտածված. «Կանխամտածվածը միայն սպանելու գաղափարն է, մինչդեռ դրան տանող գործողությունները տեղի են ունենում ըստ` տվյալ պահին ստեղծված իրավիճակի»,-նշել է խուզարկուն:

Այդ տարիներին «կուբայական ճգնաժամի» գլխավոր մեղավորը համարվում էր ԱՄՆ-ն: Տեսաբանների կարծիքով` կուբացի հետախույզների խումբը, պլանավորել էր Քենեդուն սպանել 1963թ. նոյեմբերի 2-ին Չիկագոյում` ֆուտբոլի առաջնության ժամանակ: Ենթադրությունների համաձայն, Դալլասը եղել է Քենեդուն սպանելու «պահեստային»տարբերակը: Վարկածներից մեկն էլ այն է, որ իրականում ցանկացել են սպանել ոչ թե Քենեդուն, այլ Տեխասի նահանգապետ Ջոն Քոնելլիին (Քենեդու սպանության օրը գտնվել է նույն լիմուզինում): Առ այսօր հայտնի չէ Քենեդու դեմ մահափորձի իրական պատվիրատուն: Այդ պատճառով Քենեդու սպանությունը համարվում է 20-րդ դարի մեծագույն գաղտնիքը, որից հետո իրար են հաջորդել բազմաթիվ սպանություններ, նախագահի սպանության իրական պատճառը չբացահայտելու նպատակով:

Լուսանկարում՝ Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն է

ԱՄՆ նախագահները «անեծքի» զոհ են

 ԱՄՆ նախագահներից Ուիլյամ Հենրի Հարիսոն (ընդամենը 1 ամիս է եղել նախագահ), իր կառավարման ընթացքում մասնակցել է հնդկացիների դեմ մղվող պայքարին, մասնավորապես, նա դեմ է եղել հնդիկ շաման Տեկումսեին: Ըստ ամերիկյան հավատալիքի` Տեկումսեն անիծել է ԱՄՆ-ի նախագահներին, և կանխատեսել, որ այն բոլոր նախագահները` որոնց ընտրվելու տարեթիվը կավարտվի զրոյով, դատապարտված կլինեն վաղաժամ մահվան: Չնայած այն հանգամանքին, որ սա լեգենդ է, սակայն ամերիկացիները կուրորեն հավատում են դրան: ԱՄՆ-ի գրող և պատմաբան Էլեն Պեյջելսը տարիներ առաջ ներկայացրել է շամանի խոսքերի իսկությունը. «Աբրահամ Լինկոլնը ԱՄՆ առաջին նախագահն է, ում դեմ մահափորձ են կատարել (ընտրվել է 1860թ.), Ջեյմս Հարֆիլդը դարձել է մահափորձի զոհ (ընտրվել է 1880թ.), Ուիլյամ Մակ Կինիլին ևս սպանել են (ընտրվել է 1910թ.), Ջոն Քենեդին, ում սպանությունը նշվածներից միակն է, որը չի բացահայտվել (ընտրվել է 1960թ.): Նշված ցուցակը թույլ է տալիս կարծել, որ շամանի կանխատեսումներն իսկապես իրական են»,-նշել է Պեյջելսը:

 ԱՄՆ-ում մինչև 1968թ. նախագահների կյանքը մազից էր կախված, սակայն քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու վրա կատարված անհաջող մահափորձից հետո, ԱՄՆ-ի կառավարությունը որոշում ընդունեց հոգալ գործող նախագահների և նախագահի թեկնածուների անվտանգությունը:

 Լուսանկարում՝ Ուիլյամ Հենրի Հարիսոնն է

Զգուշացեք կանանցից  

Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ի նախագահ լինելը բարդ ու վտանգավոր աշխատանք է: Ռիչարդ Նիքսոնին հաջորդած Ջերալդ Ֆորդը ԱՄՆ-ի պատմության մեջ միակ նախագահն է, ում վրա երկու անգամ են մահափորձ իրականացրել, սակայն անհաջող: Չիրականացված մահափորձերի հեղինակները եղել են կանայք: Ֆորդի դեմ առաջին մահափորձի դեպքը գրանցվել է 1975թ. սեպտեմբերի 5-ին ահաբեկչուհի Լինետ Ֆրոմի կողմից, որի զենքն այդ պահին անսարք լինելու պատճառով չի կրակել: Հետագայում, ԱՄՆ-ի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան: Լինետ Ֆրոմը հանդիսացել է Չարլզ Մեդիսոնի ահաբեկչական խմբավորման անդամ, որն իր քաղաքական հայացքներին հակադրվողներին մշտապես փորձել է ճանապարհից հեռու պահել: Երկրորդ մահափորձը սեպտեմբերի 21-ին իրականացրել է աջ դեմոկրատ, ակտիվիստ Սառա Ջեյն Մուրը, ով վրիպել և այլ ուղությամբ է կրակել: Այս կապակցությամբ Անգլիայի 61-րդ վարչապետ Ուինսթոն Չերչիլը հետագայում ասել է. «Կյանքում ոչինչ այնպես չի ոգևորում, ինչպես այն, որ քեզ վրա կրակել ու վրիպել են» :

Լուսանկարում՝ ԱՄՆ նախագահներից Ջերալդ Ֆորդն է

ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին համարում են ԱՄՆ նախագահներից ամենահաջողակը, քանի որ նա թեև ընտրվել է 1980թ., սակայն շամանի անեծքի զոհը չի դարձել: 1981թ. Ռեյգանի վրա մահափորձ է կատարվել, և ծանր վիրավորվել է, սակայն հրաշքով ողջ է մնացել: Փորձագետների կարծիքով, Ռեյգանի դեմ մահափորձն արվել է կնոջ պատճառով: Նախագահի դեմ մահափորձի հեղինակը` 25-ամյա Ջոն Հինկլին, այս քայլին դիմելով, պարզապես ցանկացել է տպավորություն գործել հոլիվուդյան աստղ Ջոդի Ֆոսթերի վրա:

Լուսանկարում՝ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն է

Ջորջ Բուշը ԱՄՆ-ի վերջին նախագահներից է, ում վրա մահափորձ է կատարվել: Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը` 2005թ. մայիսի 10-ին, Թբիլիսիի կենտրոնական հրապարակի մեջտեղում, ական է նետում, նպատակ ունենալով սպանել պաշտոնական այցելությամբ Վրաստան ժամանած ԱՄՆ-ի նախագահին: Հետաքննության ընթացքում պարզ է դառնում, որ Հարությունյանը միայնակ է գործել, առանց որևէ ահաբեկչական խմբավորման, և սեփական դրդապատճառներն է ունեցել ԱՄՆ-ի նախագահին սպանելու համար:

 Անհաջող փորձեր

 Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարնաձեի վրա` 1995թ. օգոստոսի 29-ին մահափորձ է կատարվել: Մահափորձի մեղավորը ճանաչվել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Իգոր Գեորգադզեն: Գեորգադզեի խոսքերով` մահափորձի հեղինակը հենց Շևարնաձեն է, ով բեմադրել է սպանության սցենարը, սեփական վարկանիշը երկրում բարձրացնելու նպատակով: Երկրորդ մահափորձը Շևարնաձեի դեմ կատարվել է 1998թ. փետրվարի 9-ին` ահաբեկչական խմբավորման կողմից: Մահափորձի ժամանակ մահացել է նախագահի թիկնապահներից մեկը: Այս գործով ձերբակալվել են 13 կասկածյալ, ինչպես նաև Վրաստանի նախկին ֆինանսների նախարար Զվիադա Գամսախուրդիան: Շևարնաձեին հաջողվել է ողջ մնալ: 1997թ. ապրիլի 30-ին Տաջիկստանի պատմության մեջ առաջին անգամ մահափորձ է իրականացվել նախագահ Էմոմալի Ռահմանովի վրա: Մարդասպանը նռնակ է նետել նախագահի ուղղությամբ: Ռահմանովը երկու ոտքից վիրավորվել է:

Լուսանկարում՝ Վրաստանի նախագահներից  Էդուարդ Շևարնաձեն է 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին