Կարևոր իրադարձություններ

Դինքի սպանության գործի հետ կապված նոր սկանդալային բացահայտումներ են ի հայտ եկել (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2016 12:09
Դինքի սպանության գործի հետ կապված նոր սկանդալային բացահայտումներ են ի հայտ եկել (տեսանյութ)

Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նոր սկանդալային բացահայտումներ են հրապարակվել նրա սպանության գործի հետ կապված: Այդ մասին հաղորդում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «ՀայԹերթ»-ը:



Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

 

Տեսանյութում երևացող տղամարդիկ, ըստ Ստամբուլի դատախազության պնդումների, թուրքական ԶՈՒ-ի նախկին սպաներ են, որոնք վերջերս ձերբակալվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում կատարվող կադրային զտումների և խուզարկությունների շրջանակներում: 


Վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:


Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

 

Լրահոս

Դիտել ավելին