Կարևոր իրադարձություններ

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

23 Ապրիլ, 2024 12:54
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ս․թ․ ապրիլի 22 ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Արդյունքում, վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։

Մատակարարումների վերսկսմանը նպաստել են ինչպես լիազոր մարմինների միջև նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերք վերամշակող ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության վերաբերյալ։ Այս ուղղությամբ բանակցությունները շարունակական են լինելու երկկողմանի պայմանավորվածությունների շրջանակներում։

Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի մատակարարումների զգալի աճը․ ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 20,8 հազար, տոննա ապրանք՝ 1,9 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (11 հազար տոննա)։ Հիմնականում խաղող, լոլիկ և վարունգ։

Սերգեյ Դանկվերտը և Արմեն Հայրապետյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված և զարգացող գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ և հաստատել համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին