Կարևոր իրադարձություններ

Գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե` ոչ, ասում էինք, որ լավ ենք․ էջմիածնեցի կինը մանրամասներ է ներկայացրել. «Իրավունք»

18 Մարտ, 2020 20:51
Գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե` ոչ, ասում էինք, որ լավ ենք․ էջմիածնեցի կինը մանրամասներ է ներկայացրել. «Իրավունք»

Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը` առանց իմանալու, որ վարակվել է հայտնի վիրուսով, վերջին օրերի ամենաքննարկված թեման է: «Իրավունք»-ին  հաջողվել է հեռախոսակապ հաստատել Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջ` տիկին Անահիտի հետ։

«– Տիկին Անահիտ, Դուք իսկապե՞ս, արդեն իմանալով, որ վարակակիր եք, սիստեմաների տակից դուրս եք եկել և գնացել նշանադրության արարողության մասնակցելու:

     – Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում: Ես սիստեմա չեմ ընդունել և գնացել նշանդրեքի: Մենք շտապօգնությամբ տուն ենք կանչել բուժքրոջը մարտի 9-ին, իսկ նշանադրության արարողությունը եղել է մարտի 8-ին: Արարողությունից տուն եմ եկել և ամբողջ գիշեր ջերմություն եմ ունեցել, առավոտյան արդեն բուժքրոջը կանչել ենք: Եկավ և ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածված, թոքաբորբ եմ տանում: Սիստեմա միացրեց, ասաց, որ նորմալ կլինի: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկա: Բայց քանի որ ջերմությունս չիջավ, հաջորդ օրը որոշեցի գնալ, որ թոքերս նկարեն` մտածելով, որ եթե չի իջնում ջերմությունս և ցավ ունեմ մեջքի, ուրեմն թոքերի հետ կապված խնդիր կա: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմյան թոքաբորբ ունեմ և ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ, որպեսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի և ստանամ դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լավ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետևից ընկել, թոքաբորբ է, դեղերը կնշանակենք, կանցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պետք է նշանակեր, երբ իմացավ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման անալիզ հանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ հանձնել: Եվ այդպես եկա X հիվանդանոց: Իսկ այն լուրերը, թե շուտ եմ իմացել, սիտեմա եմ ընդունել ու հետո` գնացել նշանադրեքի, լրիվ սխալ տեղեկություններ են:


     – Կարո՞ղ ենք հստակ արձանագրել, որ Դուք նշանդրեքի գնալուց առաջ որևէ ախտանշան չեք ունեցել:
     – Ես ո՛չ ջերմություն եմ ունեցել, ո՛չ այլ խնդիր: Միայն մի քանի օր համի զգացողությունս էր բացակայում, բայց դրանից ի՞նչ ենթադրեի, որ ինձ մոտ կարող է լինել նման բան: Ասում էին` պետք է գրիպի նման լինի, կոկորդի ցավ ունենաս, բարձր ջերմություն, բայց այդպիսի ախտանշաններ չեմ ունեցել:


     – Երբ Իտալիայից ժամանել եք, որևէ ստուգում, որևէ վերահսկողություն եղե՞լ է Ձեր նկատմամբ կամ հորդորե՞լ են Ձեզ ինքնամեկուսանալ:
     – Վերադարձել եմ փետրվարի 29-ին, օդանավակայանում բոլորիս ստուգել են, գրանցել են անուն-ազգանունով ու գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե` ոչ: Ասում էինք, որ լավ ենք, նորմալ է ամեն ինչ: Այդպես մինչև երեւի մարտի 4-ը:

     – Իսկ երբ մարտի 8-ին կայացած նշանդրեքից հետո` մարտի 9-ին, Ձեզ ուղարկում էին թեստ հանձնելու, ո՞ւմ վերահսկողության ներքո էիք, և ո՞վ Ձեզ ուղեկցեց` մինչև համապատասխան բուժհիմնարկ:
     – Մեզ ոչ ոք չի ուղեկցել, մեր նախաձեռնությամբ ես ու ամուսինս մեքենայով ենք եկել հիվանդանոց ու ասել, որ եկել ենք թեստ հանձնենք:


     – Այսօր այդ ամբողջ շրջապատը կարանտինի մե՞ջ է, թե՞ էլի կան մարդիկ, որոնք շփվել են Ձեզ հետ, բայց կարանտինի մեջ չեն:
     – Ինչքան մարդ է իմ շուրջը հավաքված եղել, բոլորը կարանտինի մեջ են: Այդ վախի զգացողությունն այքան մեծ էր, որ մարդկանց վնաս չպատճառվի, իրենց ցանկությամբ բոլորի անունները տվել եմ ու ասել` ստուգվեք, թող ամեն ինչ նորմալ լինի, ես էլ հանգիստ լինեմ:


     – Եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ էիք Իտալիա մեկնել:
     – Փետրվարի 15-ին ենք մեկնել, նպատակս ծնունդս նշելն էր, որը փետրվարի 18-ին էր: Քանի որ Իտալիան շատ եմ սիրում, ամուսինս որոշել էր անակնկալ անել: Երեք օրով եղել ենք այնտեղ, այնուհետև գնացել եմ քրոջս տեսնեմ, որը բնակվում է Ֆրանսիայում: Հինգ օր էլ եղել եմ այնտեղ, հետո վերադարձել եմ Միլան, այնտեղից էլ` Հայաստան:

– Այս օրերի այն մեծ աղմուկին, որը պտտվում է Ձեր անվան շուրջ, ինչպե՞ս եք վերաբերվում:
     – Այդ տգիտությանն ինչպե՞ս վերաբերվեմ, Դուք կարո՞ղ եք ասել: Ըստ քննադատողների` ես այնքան հիմար էի, որ ուզում էի իմ տան անդամները, իմ հարազատները, բոլորը վարակվեի՞ն, ու ես էլ մահվան ճիրաններում գտնվեի՞: Իմանալով հանդերձ, թե վարակակիր եմ, նշանադրություն եմ արել, ջհանդամ, թե հետո չեմ մեռնի՞: Չգիտեմ, չեմ կարող մարդկանց ուղեղի մեջ մտնել և հասկանալ, թե իրենք ինչպես են մտածում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
     

 

Լրահոս

Դիտել ավելին