Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պարզաբանումը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածի միջադեպի կապակցությամբ

30 Օգոստոս, 2018 16:30
Ոստիկանության պարզաբանումը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածի միջադեպի կապակցությամբ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածի միջադեպի կապակցությամբ:

Պաարզաբանման մեջ ասվում է.

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բերման ենթարկում երկու օտարերկրացու: Տեսանյութը տարատեսակ կարծիքների ու մեկնաբանությունների առիթ է տվել, ուստի հարկ ենք համարում պարզաբանել:

Ոստիկանությունը որեւէ խնդիր չի տեսնում երաժշտության ու փողոցային երաժիշտների աշխատանքի մեջ: Խնդիրն այն է, որ երաժշտությունը չվերածվի աղմուկի եւ անհարմարավետություն չպատճառի հասարակության մյուս անդամներին:

Ուստի ոստիկանությունը, նկատի ունենալով, որ Հյուսիսային պողոտան նաեւ բնակելի տարածք է, փողոցային երաժիշտներին հորդորել է պահպանել լռության ռեժիմը, նվագելու համար ընտրել բնակարաններին չհարող տարածքներ ու զերծ մնալ չափազանց աղմկոտ կատարումներից:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա օգոստոսի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի հիմքով (Հասարակական վայրերում ոչ սթափ վիճակում հայտնվելը), իսկապես ոստիկանության Կենտրոնական բաժին են բերվել Ուկրաինայի Հանրապետության երկու քաղաքացի, կազմվել են համապատասխան արձանագրություններ, եւ նրանք օրենքով սահմանված կարգով ազատ են արձակվել:

Քաղաքացիները ոստիկանություն բերման են ենթարկվել, որովհետեւ խախտել էին հասարակական կարգն ու համակեցության կանոնները: Ու զարմանալի են անհիմն մեկնաբանություններն ու հարցադրումները, մասնավորապես, ոստիկանական գործողության կապակցությամբ: Հիշյալ անձինք վիճաբանության մեջ են մտել տարածքում գտնվող քաղաքացիների հետ, հայհոյել, իսկ երբ միջամտել են ոստիկանները, հրապարակված տեսագրություններից էլ երեւում է, որ իրավախախտներից մեկը ուղղակի պասիվ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչը, օրենքի համաձայն, կարող է հաղթահարվել ֆիզիկական ուժի գործադրմամբ»:

Նշենք, որ ոստիկանության գործողությունները հակազդեցություն են առաջացրել հասարակության շրջանում. Facebook-ում «Համերաշխություն Փողոցային Երաժիշտներին» վերնագրով միջոցառում է բացվել, որի մասնակիցները մտադիր են այսօր երեկոյան տարբեր երաժշտական գործիքներով հավաքվել Հյուսիսային պողոտայում եւ նվագել:

 

Լրահոս

Դիտել ավելին