Կարևոր իրադարձություններ

Կանաչապատման հարցում կլինեն գեղարվեստական նոր լուծումներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն Երևանի 2800-ամյակը. Ավետ Մարտիրոսյան

30 Մարտ, 2018 10:49
Կանաչապատման հարցում կլինեն գեղարվեստական նոր լուծումներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն Երևանի 2800-ամյակը. Ավետ Մարտիրոսյան

Մարտի 31-ը Երևանում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Ինչպե՞ս է պատրաստվել մայրաքաղաքն այդ օրվան: Shabat.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, մի փոքր կներկայացնե՞ք, թե ծառատունկը համաքաղաքային դարձնելու համար, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել:

-Գիտեք, որ ծառատունկերը կազմակերպվում են ինչպես գարնանը, այնպես էլ աշնանը: Դա պարտադիր գործընթաց է, որ իրականացվում է մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերի շրջանակում: Բայց որպեսզի այս նախաձեռնությանը մասնակից դառնան նաև մեր համաքաղաքացիները, մենք ամեն տարի հայտարարում ենք նաև համաքաղաքային ծառատունկի օրեր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին իսկապես ակտիվացել է բնակիչների մասնակցությունը ծառատունկերին, ովքեր մեծ սիրով են միանում Երևանի քաղաքապետարանի կոչին ու Երևանն էլ ավելի կանաչ դարձնելու գործին:

-Ի՞սկ ցանկացողներն ինչպե՞ս կարող են դառնալ մասնակից համաքաղաքային ծառատունկին:

-Մենք սիրով արձագանքում ենք մեր համաքաղաքացիների բոլոր հեռախոսազանգերին ու նամակներին, ովքեր ցանկանում են մասնակցել ծառատունկին: Բոլոր վարչական շրջաններն ակտիվ աշխատանք են տանում համատիրություններիհետ, որոնց և տրամադրվում են տնկիներ՝ ծառատունկին մասնակից բնակիչներին հատկացնելու նպատակով: Այնպես որ, մեկ անգամ ևս կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին միանալ համաքաղաքային ծառատունկինու շաբաթօրյակին:

-Պարոն Մարտիրոսյան, որպես ոլորտի պատասխանատու՝ հետաքրքիր է Ձեր գնահատականը կանաչապատման ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Ձեզ գոհացնո՞ւմ են ցուցանիշները:

-Գիտեք ինչ, աշխարհում չկա մի քաղաք, որ խնդիրներ չունենա: Ի վերջո, քաղաքն աճող օրգանիզմ է և անընդհատ նոր մոտեցումների անհրաժեշտություն է առաջանում: Բայց, այն որ, վերջին տարիներին Երևանում կանաչապատման ոլորտում իսկապես մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել և իրականացվում, չնկատելն անհնար է: Պատկերացում կազմելու համար պարզապես մի քանի օրինակ բերեմ. Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը դեռևս Խորհրդային տարիներին կազմում էր շուրջ 970 հա, սակայն 90-ական թվականներին, հայտնի պատճառներով այդ ցուցանիշը նվազեց՝ հասնելով 500 հա-ի: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը հասցնել ավելի քան 860 հա-ի: Նույն ժամանակահատվածում շուրջ 110 կմ-ով ընդլայնվել է Երևանի ոռոգման ցանցը, իրականացվել են նաև առկա ցանցի արդիականացման աշխատանքներ:Վերջին երեք տարվա ընթացքում 8 խորքային հոր է կառուցվել, որն ապահովեց շուրջ 100 հա կանաչ զանգվածի ոռոգումը: Որպես կարևոր ձեռքբերում նաև պետք է առանձնացնեմ ծառերի կպչողականության ցուցանիշը, որն այսօր կազմում է 70%: Սրանք լոկ խոսքեր չեն,այլ կատարված աշխատանքների հաշվետվություն է, որը կարծում եմ տեսանելի էբոլորի համար:

-Իսկ ի՞նչ ծրագրեր են նախատեսված 2018թ. ընթացքում:

-Բոլոր այն ուղղություններով, որոնք ներկայացրեցի, աշխատանքները լինելու են շարունակական նաև այս տարի: 2018թ. ծրագրով մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի ծառերի էտի գարնանային աշխատանքները, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 10-15-ը: Այս գործընթացն, ի դեպ, անչափ կարևոր է ծառերի կենսունակությունն ապահովելու համար: Երևանն այսօր զարդարում են շուրջ 750 հազար վարդակակաչները, որոնց ապրիլի կեսերից կփոխարինեն շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլները: Ամենօրյա են կանաչ տարածքների պահպանման ու խնամքի աշխատանքները: Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև Երևանի մուտքերի բարեկարգմանն ու կանաչապատմանը: Այս տարիների ընթացքում հյուրընկալ Երևանին համահունչ են դարձել մայրաքաղաք մտնող  բոլոր մուտքերը:

-2018թ. հոբելյանական տարի է Երևանի համար: Քաղաքի կանաչապատման հարցում ի՞նչ նոր մոտեցումներ են կիրառվելու:

-Իսկապես, հաճելի է նախապատրաստվել մի տոնի, որը խորհրդանշում է մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը: Այս տարին առանձնահատուկ կլինի նաև մայրաքաղաքի կանաչապատման հարցում: Կլինեն նոր մոտեցումներ, գեղարվեստական նոր լուծումներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն, որ Երևանը 2800 տարեկան է:

 

Լրահոս

Դիտել ավելին