Կարևոր իրադարձություններ

Ամենացուրտ գիշերը հունվարի 27-ն է լինելու, կգրանցվի մինուս 26 աստիճան

22 Հունվար, 2016 13:51
Ամենացուրտ գիշերը հունվարի 27-ն է լինելու, կգրանցվի մինուս 26 աստիճան

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողներին ներկայացրեց հունվար ամսվա եղանակային անոմալ երևույթները, ինչպես նաև փետրվար ամսվա կանխատեսումները:

Սուրենյանի խոսքով`2016 թվականի հունվարը բուռն անոմալիաներով է ուղեկցվել: «Հունվարը բավականին տաք էր և աչքի ընկավ օդերևութաբանական մի շարք անոմալ երևույթներով: Հունվարի 1-ին, 2-ին հզոր ցիկլոն թափանցեց մեր երկրի տարածք, և մեկ-երկու օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում թափվեցին ամսական նորմայի կրկնապատիկի չափով տեղումներ: Հունվարի 3-ին, 4-ին ջերմաստիճանը շատ կտրուկ նվազեց. Արարատյան դաշտում հունվարի 4-ի գիշերը գրանցվեց մինչև մինուս 24 աստիճան, լեռնային շրջաններում մինչև մինուս 30 աստիճան է եղել: Հունվարի 14-ին չտեսնված տաք եղավ` Կապանում` պլյուս 20 աստիճան, Իջևանում` 17 աստիճան: Սա նորմայի սահմաններում չի եղել»,- ասաց մասնագետը` հավելելով, որ այս ամսվա ընթացքում ոչ մի օր չի եղել, որ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում լինի:

Նա նշեց նաև, որ հզոր ցիկլոն է մոտենում մեր հանրապետության տարածքին: «Այն մեզ մոտ կլինի վաղը` երեկոյան ժամերին, և մինչև հունվարի 26-ը կմնա մեր երկրում: Հունվարի 23-ի երեկոյան ժամերին և 24-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի տաք հատվածում, լեռնային շրջաններում կտեղա ձյուն: Հունվարի 24-ի երեկոյան ժամերին հանրապետություն սկսում են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Հունվարի 26-27-ին կլինեն տեղումներ` ձյան տեսքով: Առատ տեղումներ կլինեն 24-25-ին: Հունվարի 24-27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը հունվարի 27 է լինելու: Լեռնային շրջաններում կգրանցվի մինուս 26 աստիճան, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` մինուս 16, 17 աստիճան»,- ասաց Սուրենյանը` հավելելով, որ ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնում է, և միայն փետրվարի երկրորդ կեսից օդի ջերմաստիճանը կբարձրանա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին