Կարևոր իրադարձություններ

Հայկական հարսանեկան ավանդույթներ

20 Նոյեմբեր, 2016 10:25
Հայկական հարսանեկան ավանդույթներ

Wedding.am-ը` վկայակոչելով Кavkaz-uzel.ru-ին, ներկայացնում է հայկական հարսանեկան հարուստ և հետաքրքիր ավանդույթները, որոնք հասել են մեզ, իհարկե, ենթարկվելով որոշ փոփոխությունների:

1. Խնամախոսության արարողությամբ հիմնականում զբաղվում էին տղամարդիկ, չէ՞ որ բանակցություններ վարելը կանացի գործ չէ:  Ի դեպ, այս գործընթացն անցկացվում էր երեկոյան, երբ մութ ընկնում էր, որպեսզի հարևաններից ոչ-ոք չիմանար այդ մասին: Այս ամենը գաղտնի պահելը պայմանավորված էր նրանով,  որ եթե աղջկա ծնողները մերժեին խնամիներին, ապա մերժված փեսացուի հեղինակությունը կընկներ գյուղացիների շրջանում: Պետք է նկատել նաև, որ խնամիների առաջին այցի ժամանակ հայրը չպետք է կնության տար աղջկան, քանի որ դա կնշանակեր, որ աղջիկն ունի որոշ թերություններ, որի արդյունքում հայրն ուզում է ամեն կերպ ձերբազատվել աղջկանից: Քանի որ աղջկան կնության տալը բավականին նուրբ հարց էր, տարիների ընթացքում ձևավորվել էր, կարելի է ասել, հատուկ լեզվի կոդ: Օրինակ, եթե աղջկա կողմը ասում էր, որ դեռ պետք է մտածեն, քանի որ նմանատիպ հարցերը որոշում է հորեղբայրը, իսկ նա տանից բացակայում է` նշանակում է մերժում, որը երկրորդ այցելուցյան դեպքում կարող էր վերածվել համաձայնության, իսկ «նրանք դեռ շատ երիտասարդ են»արտահայտությունը նշանակում էր, որ երկրորդ անգամ իմաստ չունի այդ աղջկա ձեռքը խնդրել: Նշենք, որ մերժումը ամենևին էլ պայմանավորված չէր փեսացուի կամ նրա ընտանիքի որոշակի որակների բացակայությամբ, պարզապես դա ընդունված կարգ էր:

  
2. Փեսացուի ընտանիքի երրորդ ժամանումը հիմնակնում տեղի է ունենում հաջող բանակցություններ վարելուց հետո, որն իրենից ենթադրում էր նշանադրության գործընթացը՝ խոսքկապը: Այս պահից սկսած՝ աղջկան արգելվում է հանդիպել փեսացուին: Հիմնականում հարսնացուի մայրն ամուսնուց գաղտնի ընդունում էր փեսացուին՝ պայմանով, որ նա ոչ մի դեպքում չի դիպչի աղջկան: Ի տարբերություն մոր` յուրաքանչյուր իրեն հարգող և իսկական հայ հայր, երբ տեղեկանում էր, որ նախքան հարսանիքը տուն է մտել աղջկա փեսացուն, կռիվ էր սարքում: Միևնույն ժամանակ, երբեմն հայրերը, հիշելով, որ իրենք էլ ժամանակին հայտնվել են այդ նույն կարգավիճակում, ցույց են տալիս, թե չեն նկատում փեսացուի երթիկից տուն մտնելը: Նշանադրությանը հաջորդում էր պսակադրության արարողությունը, որը տեղի էր ունենում հարսնացուի տանը: Այդ օրը փեսացուի ընտանիքը հարսնացուին բազմաթիվ նվերներ էր բերում, իսկ արդեն XX դարի երկրորդ կեսից ավանդույթ դարձավ ադամանդե մատանի նվիրելը:

 

3. Ոչ մի հայկական հարսանիք տեղի չի ունենում առանց  լավաշ թխելու գործընթացի, լավաշը թխում էին ինչպես հարսի, այնպես էլ փեսայի ընտանիքում: Արարողությանը մասնակցում էին հարսի և փեսայի մտերիմ ընկերները, ովքեր երգում և պարում էին` միմյանց վրա ալյուր շաղ տալով: Հյուրերը միմյանց վրա էին շպրտում նաև ալյուրի հետ շաղախված քաղցրավենիքներ, չրեղեն, ընկույզ: Հայաստանի որոշ մարզերում լավաշ թխելու արարողությանը մասնակցում էին միայն կանայք: Նշենք, որ նորապսակների ուսին լավաշ գցելու արարողությունը պահպանվել է նաև մեր օրերում: 


4. Հարսնացուի և փեսացուի ծնողների միջև համաձայնությունը պետք է կնքվեր մինչ նշանադրությունը: Հայաստանի որոշ մարզերում, օրինակ` Շիրակում և Ալաշկերտում, այս գործընթացն իրականացնում էին բավականին յուրահատուկ կերպով` ընտանիքների ղեկավարները լավաշ էին թխում:  Միևնույն ժամանակ, որպես կանոն, այս ամենին ներկա էր գտնվում նաև քահանան, ով կանգնում էր երկու տղամարդկանց միջև, օրհնում նրանց, որից հետո փաթաթված լավաշի ծայրից ձգում էին ընտանիքի գլխավորները: Այս գործողությունը հավասարազոր էր ամուսնական պայմանագիր ստորագրելուն և նշանակում էր, որ այսուհետև նրանք միմյանց հետ են կիսելու իրենց հացը: Իսկ հացին, մենք գիտենք, որ մեր նախնիները միշտ էլ խիստ մեծարանքով են վերաբերվել:

 

5. Պետք է նշել, որ երկու ընտանիքների միջև ծավալվող բանակցություններն իրականացվում էին միջնորդի հովանավորությամբ` «խնամախոսի» միջոցով: Այս բանակցությունների ընթացքում որոշվում էր հարսանիքի օրը, հյուրերի քանակը, քննարկվում էր, թե որքան և ինչպիսի կտոր պետք է գնի փեսայի կողմը` հարսնացուի զգեստը կարելու համար: Այս ավանդույթը կոչվում է «շորձևեք»: Հարսնացուի զգեստը կարելու գործընթացը նույնպես հանդիսավոր արարողությամբ է նշվել: Հարսնացուի տուն էին հրավիրվում լավ դերձակներ և մտերին ազգականներ: Հիշեցնենք, որ հայկական գյուղերում «շորձևեքի» ավանդույթը տարածված է եղել դեռ անցյալ դարում: Ավելի ուշ, երբ երբ հարսանեկան զգեստը սկսեցին գնել խանութից կամ վարձակալել, այս ծեսը աստիճանաբար անհետացավ:

 

6.Կարևոր ծիսական նախապատրաստություններից մեկն էլ համարվում էր եզ մորթելը` «եզմորթուկը», քան որ հարսանեկան սեղանները զարդարում են եզան մսից պատրաստված ուտեստներով: Եզին մորթում էին հատուկ արարողակարգով. կենդանուն առաջին հարվածը փեսացուն էր հասցնում, ում հարսանիքի ընթացքում թագավոր էին անվանում: Նշենք, որ հարսանիքի սեղաններին անհնար էր եզ տեսնել, քանի որ հիմնականում ցուլ էին մորթում, սակայն ընդունված էր եզ ասել, որովհետև այն պտղաբերության խորհրդանիշ էր համարվում: Զոհաբերության արարողությունը կատարվում էր ուրբաթ օրը: 


7. Ըստ ավանդույթի` փեսացուն նաև պետք է լողանար: Այս գործընթացը տեղի էր ունենում, երբ երիտասարդ տղաները հավաքվում էին մի տեղում, որից հետո քավորը լողացնում էր փեսացուին: Փեսացուին և նրա գլխավոր ընկերոջը` «ազաբ բաշի»-ին նստեցնում էին միմյանց կողքի և ջուր լցնում նրանց վրա: Ըստ այս արարողակարգի` փեսացուն բաժանվում էր ամուրի ընկերներից և մուտք գործում նոր կյանք: Փեսացուի ընկերը կատարում էր նաև փեսացուի և հարսնացուի թիկնապահի դերը` պահելով իր ձեռքին թուրն ու հարսանեկան ծառը: Քավորի տանը փեսացուին հագցնում էին ու այդ ծառը զարդարում ուռենու ճյուղերով, որը նույնպես պտղաբերություն էր խորհրդանշում: Ծառը զարդարում էին մրգերով ու քաղցրավենիքով, իսկ գագաթին մոմ դնում:

  
8. Ամենավառ ավանդական հարսանեկան արարողություններից մեկն էլ հավ գողանալու գործընթացն էր: Ըստ այս ավանդույթի` հարսանիքում պետք է լիներ նաև «աղվես», որի դերում հանդես էր գալիս փեսայի տոհմից ամենաաշխույժ տղան: Հարսանիքի աղվեսը պետք է հարսի ընտանիքի հավաբնից հավ գողանար և հայտներ փեսայի գալստի մասին, որից հետո նա առաջինը պետք է փեսայի մորն ասեր հարսի գալու լուրը: Իսկ հավաքված երիտասարդներն ամեն ինչ պետք է անեին, որպեսզի այդ լուրը ուշ հաղորդվեր:

 

9. Այժմ անցում կատարենք հարսնացուին տոնական զգեստը հագցնելու արարողակարգին: Ըստ ավանդույթի` փեսայի բարեկամները քավորի գլխավորությամբ գալիս էին հարսի տուն, մերկացնում նրան և ամենաերիտասարդ կինը, ում առաջնեկը տղա էր, սկսում էր հագցնել հարսնացուին: Այս ընթացքում հավաքված տիկնայք փառաբանական երգեր էին կատարում`ի պատիվ հարսնացուի: Հագցնելու արարողության ընթացքում հարսնացուի մազերը հյուսում էին. նշենք` հյուսքերը կանացիության ու հասունության խորհրդանիշ են:

 

10.Մեծ շուքով էր նշվում հարսանյաց արարողությունը նաև եկեղեցում: Արարողությունը անցնում էր երգ ու պարով, օդում կրակում էին, որպեսզի վախեցնեն չար ոգիներին: Այս ընթացքում որևէ մեկին չէր թույլատրվում անցնել հարսի և փեսայի մեջտեղով: Եկեղեցում քահանան փեսայի և հարսի պարանոցին, ճակատին ու ձեռքերին կանաչ և կարմիր հյուսված թելեր էր կապում`ամրացնելով թելերի ծայրին մեղրամոմ: Պսակը հանելու արարողությունը տեղի էր ունենում 3 կամ 7 օր հետո: Քահանան ինքն էր գալիս նորապսակների տուն, նրանք ծնկի էին իջնում և աղոթում: Միաժամանակ հանում էին կարմիր ու կանաչ թելերը, հարսանեկան ծառի մրգերն ու քաղցրավենիքը: Եվ միայն այս ամենից հետո հարսն ու փեսան իրավունք ունեին ամուսնական անկողին մտնել:

  
11.Հարսանեկան արարողությունը պետք է լինի զվարճալի, ուստի, ըստ ավանդույթի, փեսայի հայրն ու մայրը կռիվ էին բեմադրում, որտեղ անպայման պետք է կինը հաղթեր. բոլոր հյուրերը սկսում էին ծիծաղել, երգել և ուրախանալ, չէ՞ որ առավել զվարճալի բան չկա, քան կռվի մեջ ամուսնուն հաղթած կինը: Այս ընթացքում երգեր էին հնչում նաև այն մասին, թե հարսն ինչպես պետք է ծեծի ենթարկի սկեսրոջը (կատակ երգեր): Քանի որ հարսանիքը բավական լուրջ էր անցնում, ուստի արարողությունը հաճախ ընդմիջվում էր փոքրիկ հումորային ներկայացումներով:


12.Շքեղ սեղանն ու առատ հյուրասիրությունը ոչ միայն հայկական ավանդական հարսանիքի գրավականներն էին, այլև ծնողների պատիվը` հատկապես փեսացուի ծնողների համար: Հյուրասիրության հարցերին հատկապես լուրջ էին վերաբերվում: Սկզբում ընտրում էին մեծահասակներին, ովքեր հյուրասիրություն կազմակերպելու մեծ վարպետ էին, որպեսզի կարողանային հաշվարկել, թե ինչից որքան է պետք, որից հետո փեսացուի ընտանիքը հարսնացուի ընտանիքին ուղարկում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր` միջոցառմանը պատրաստվելու համար: 


13. Դեռևս հին ժամանակներից հարսնացուի կուսությանը մեծ կարևորություն էին տալիս: Կուսության մասին հավաստի տվյալները ահա թե ինչպես էր բացահայտվում: Քանի որ նախկինում ԴՆԹ հետազոտություն գոյություն չուներ, համոզվելու համար, որ առաջնեկը նրանց հետնորդն է, թե ոչ, հարսանեկան առաջին գիշերը դռան մոտ կանգնում էր հարսնացուի ամուսնացած ընկերուհին, ով բոլորին առաջինն էր հայտնում ուրախ լուրն և ստանում նվերներ:

Նշենք, որ «Կարմիր խնձորի» ավանդույթն առաջացավ միայն խորհրդային տարիներին: Ըստ այս ավանդույթի` առավոտյան, առաջին հարսանեկան գիշերից հետո, երբ բացահայտվում է աղջկա անմեղությունը, նրա մորն ուղարկում են կարմի խնձորներ և մեկ շիշ կոնյակ, որը կապված է լինում կարմիր ժապավենով: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին