Կարևոր իրադարձություններ

Գեներալ Սարոյանի ցնցող հումորներից մինչև «X Factor» հեռուստանախագծի խայտառակ ձեռառնոցի. Զավեշտների TOP 10

20 Նոյեմբեր, 2016 00:12
Գեներալ Սարոյանի ցնցող հումորներից մինչև «X Factor» հեռուստանախագծի խայտառակ ձեռառնոցի. Զավեշտների TOP 10

Այս ամիս հանրությանը զվարճացրել են մի քանի զավեշտալի գործիչներ՝ իրենց խայտառակ դրսևորումներով, ինչպես նաև որոշ հարգարժան այրեր՝ իրենց յուրօրինակ ելույթներով կամ արարքներով: 

1. Գարիկ Պապոյան

«X Factor» նախագծի ժյուրին այնպես թունոտ ծաղրեց գյուղից եկած տասնյոթամյա պատանուն, որ ֆեյսբուքահայությունը որոշեց մի լավ ծաղրել ծաղրողներին: Այդ գռեհիկ ձեռառնոցին առավել զավեշտալի էր, քանի որ խեղճ գյուղացի տղայի ոչ այնքան բարձրաճաշակ երգը ծաղրեցին նույնքան ցածրաճաշակ մշակույթի կրողները՝ այն էլ երկրի ամենագավառական հեռուստատեսության բարձունքից: Մարդիկ հատկապես թիրախավորեցին ժյուրիի ամենացինիկ անդամին՝ Գարիկ Պապոյանին, ում հիշեցրին կիսամերկ լուսանկարներով համասեռամոլություն տարածելը: 

2. Տիգրան Աբրահամյան

Մինչ ողջ ազգը դժվարությամբ հազարական դրամ էր փորձում հավաքել բանակի համար, նա միլիոններ էր մսխում պետական բյուջեից և ամեն ֆեսյբուքյան գրառման համար մի տասնհինգ հազար դրամ պոկում բանակի պոտենցիալ փողից: Սակայն ամենամեծ զավեշտն այն է, որ այդքան գումար նրան տրվել էր կառավարության փիարն անելու համար, մինչդեռ «Սասնա Ծռերի» օրերին բոլորը համոզվեցին, թե որքան ցածր էր մնացել կառավարության վարկանիշը, և որքան անիմաստ էր վարձատրվել այս ապաշնորհ ու թանկաբազար փիարշիկը: 

3. Գագիկ Մելիքյան 

Նա «տականք» անվանեց բոլոր նրանց, ովքեր համաձայն չէին հազար դրամի օրենքի հետ, իսկ հետո զավեշտալիորեն փորձեց հետողորմյա անել սեփական ասածը: Նա մարդկանց վիրավորեց՝ առանց հասկանալու, որ նրանք ոչ թե դեմ են հազարական դրամ տալ բանակին, այլ չեն ցանկանում իրենց սուղ միջոցներից փակել բյուջեի ճեղքերը, որոնք առաջացել են դղյակներ կառուցած ու երկրից միլիարդավոր դոլարներ հանած չինովնիկների հայրենանվեր թալանի արդյունքում:

4. Նաիրա Զոհրաբյան 

Վանաձորի ավագանու չորս դավաճան ընդդիմադիրներին նա կատաղի դեմքով կոչ արեց տղամարդավարի խոստովանել, որ լքել են իրենց ընդդիմադիր դիրքերը՝ մոռանալով, որ ինքն էլ դեռ տղամարդավարի չի խոստովանել սեփական բազմաթիվ դավաճանությունները: Լիսա Ալիսայի կերպարով ներկայացող խորամանկ տիկինն իր Կոտ Բազիլիոյի՝ Միքայել Մելքումյանի հետ փորձում է նոր Բուրատինո գտնել ու նրա ոսկիներով մի կուշտ տեղ զբաղեցնել ապագա խորհրդարանում՝  տարբեր առիթներով մի լավ ուրախացնելով քաղաքականապես հասուն ողջ հանրությանը:

5.Գևորգ Ալթունյան

Լրատվադաշտը գրաված ապաշնորհների թիմը նախ հեռացվեց նախագահականից, իսկ այնուհետև՝ հանրային հեռուստատեսությունից: Ի վերջո, պաշտոնից ազատվեց նաև Հայաստանի թիվ մեկ քարոզչամեքենայի այս ղեկավարը, ով կարողացել էր լիարժեք զրոյացնել այդ մեքենայի վարկանիշը: Ամենածիծաղելին այն է, որ նման ձախողումներ թույլ տված անձին մի տեղ դասավորելու համար նրան տարան պաշտպանության նախարարություն՝ երևի թե մտածելով, որ բանակի վարկանիշն այնքան բարձր է, որ այն չի կարողանա իջեցնել նույնիսկ Ալթունյանը: 

6. Մամիկոն Ասլանյան

Իրապես զվարճալի է այն, որ նա քաղաքապետ է առանց քաղաքապետարանի, առանց բյուջեի, առանց ավագանու և առանց աշխատելու հնարավորության: Նա Հայաստանի միակ իշխանավորն է, որը չի կարողանում մարսել զոռբայությամբ ստացված պաշտոնը: Իհարկե, հնարավոր է, որ նա փրկվի, եթե Նաիրա Զոհրաբյանը մի գիշերում փոխի իր դիրքորոշումը, ինչպես դա արեց սահմանադրական փոփոխությունների ժամանակ, կամ Արթուր Բաղդասարյանը նորից ինքնազոհաբերվի և հայ ժողովրդի փրկության համար կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: 

7. Կորյուն Նահապետյան 

Մինչ «Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում բոյկոտում էր ավագանու նիստերը և պարալիզացնում Հայաստանի երրորդ քաղաքի կենսագործունեությունը, այդ կուսակցության առաջնորդը փորձում էր պարալիզացնել Կորյուն Նահապետյանի հանձնաժողովի աշխատանքը: Այսպիսով, Ազգային ժողովում սուր լեզվակռիվը, մանկապարտեզային վարքածի մեղադրանքներն ու կարմրժռած դեմքերը ևս մեկ անգամ մեծ ուրախություն պարգևեցին հայ հանրությանը: 

8. Սեյրան Սարոյան

Նրա հերթական շեդևրալ ելույթը մեծ ցնծություն էր շատերի համար: Նա իր անկեղծ խոսքով ու գեներալական հումորով լիցքաթափեց խորհրդարանական լարված մթնոլորտն ու քարոզեց հազար դրամանոցների օրենքի օգտին՝ ավետելով բանակից գողացողների աստվածային պատժի մասին: Նա միայն մոռացավ ասել, թե Էջմիածնում ի՞նչ պատիժ է սահմանվել պետպատվերով բուժման փողերը յուրացնողների, ճանապարհների ասֆալտը գողացողների և բոլոր մյուս թալանչիների համար: 

9. Էդուարդ Շարմազանով

Կարեն Կարապետյանը «շանտղություն» բառն օգտագործեց սննդի որակը լավ չստուգելու պարագայում, իսկ ՀՀԿ խոսնակը վերցրեց Վարչապետի տերմինաբանությունը և «շան տղա» հայտարարեց նրանց, ովքեր կփորձեն յուրացնել բանակի համար հավաքվելիք հազարական դրամները: Այսպիսով, Վարչապետը դարձավ քաղաքական նոր լեքսիկոնի հիմնադիր, իսկ ԱԺ փոխնախագահը քֆուր դնելը դարձրեց հանցագործության համար սահմանված իրավական պատասխանատվության հենասյուն:

 10. Մահմուդ Ահմադինեժադ

Աշխարհի ամենահարուստ ու հզոր պետության՝ Իրանի նախկին նախագահը երկարատև պաշտոնավարումից հետո այնքան միամիտ է գտնվել, որ ոչ մի ունեցվածք չի դիզել: Այս հարիֆ նախագահը հիմա չոբան է դարձել և անասնապահությամբ է իր հացը վաստակում: Այս դեպքում վիճելի է, թե ո՞վ է առավել զավեշտալի՝ Իրանի նախկին նախագահը, թե՞ մեր ժողովուրդը, որի գրեթե ամեն մի չինովնիկ հարյուրապատիկ ավելի ունևոր է, քան միլիոնապատիկ ավելի հարուստ հարևան երկրի նախագահը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին