Կարևոր իրադարձություններ

Ամեն աշխատողից հազար դրամ գանձող պաշտպանության նախարարն ու դոլարային միլիոններ կուտակած մշակույթի նախարարը. Ամենաքննարկվածների TOP 10

12 Նոյեմբեր, 2016 19:00
Ամեն աշխատողից հազար դրամ գանձող պաշտպանության նախարարն ու դոլարային միլիոններ կուտակած մշակույթի նախարարը. Ամենաքննարկվածների TOP 10

Այս ամիս նրանք են դարձել Հայաստանի ամենաքննարկված տասը մարդը, ովքեր կարողացել են փարատել հանրային ձանձրույթն ու քաղաքական գաղջը: Եվ այսպես. 

1.Գագիկ Սուրենյան

Ջերմաստիճանի կտրուկ տատանումները հոկտեմբերին նրան դարձրեցին ամենապիտանին, իսկ նրա կանխատեսումները՝ ամենահետաքրքիրը հայ հանրության համար: Եղանակի բավական ճշգրիտ կանխագուշակումներով, ֆեյսբուքյան հումորային գրառումներով և իր ոչ ստանդարտ արտաքինով նա գրավեց շատերի ուշադրությունն ու ոմանց սրտերը: Կարեն Կարապետյանը կարող է կրճատել նաև «Հայպետհիդրոմետ»-ը, քանի որ ազգն ունի իր Գագիկ Սուրենյանը: 

 

2. Դոնալդ Թրամփ

Ռասիստն ու սեքսիստը դարձավ մարդու իրավունքների չեմպիոն հռչակված պետության քառասունհինգերորդ նախագահը: Այս զավեշտալի միլիարդատերը խոստանում էր արգելել մուսուլմանների մուտքը երկիր, իսկ մեքսիկներին անվանում էր բռնաբարողներ: Նա տարբեր առիթներով ձեռք էր գցել օտար կանանց բարեմասնություններին, իսկ նրա երրորդ կնոջ մերկ լուսանկարները ցնցել էին ողջ աշխարհը: Թրամփի հաղթանակով Պուտինը հաղթեց ոչ միայն Ռուսաստանում ու Սիրիայում, այլև հենց ԱՄՆ-ում, իսկ շատ դեմոկրատ ամերիկացիներ սկսեցին արտագաղթելու տեղ որոնել: 

 

3. Լևոն Ալթունյան

Լրագրողներին միշտ անկեղծ ու ինքնատիպ պատասխաններ տվող Առողջապահության նախարարը փորձեց բացատրել, որ իր իրավասությունների մեջ չի մտնում ծննդկանների մահացության դեպքերի քննությունը, իսկ ֆեյսբուքյան բարոյախոսները դա ընկալեցին որպես քամահրանք զոհերի նկատմամբ: Սկանդալը բարեհաջող հարթվեց, երբ քաղաքական լեզվախաղերում անփորձ նախարարը հերքեց այդ թյուրըմբռնումն ու իր մոտ հրավիրեց մահացածների հարազատներին: 

4. Հովհաննես Հարությունյան

Նրա ոտքի սևացման ու ամպուտացիայի մասին լուրը լայնորեն շրջանառվեց «Սասնա Ծռերի» ու հատկապես նրանց խոսնակ Սյուզան Սիմոնյանի կողմից: Այնուհետև, այդ դաժան լուրը հերքվեց իշխանության ներկայացուցիչների և հատկապես ՄԻՊ Թաթոյանի կողմից, սակայն մարդիկ չհավատացին և բողոքի ցույց կազմակերպեցին նրա ոտքի փրկության համար: 

5. Ռուբեն Հայրապետյան

Ֆուտբոլային մի քանի դաժան պարտություններից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայի անսասան նախագահը նորից հայտնվեց լրագրողների առաջ և հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ միայն այն դեպքում, երբ գտնվի իրեն արժանի փոխարինողը: Նա Սպորտի նախարարին խորհուրդ տվեց ատամնաբուժությամբ զբաղվել, իսկ Սպորտի նախարարն էլ հակադարձեց, որ Հայրապետյանն իր խորհրդատուների ցանկում չէ:

 

6. Գագիկ Ծառուկյան

Ներկլանային, ներքաղաքական և նույնիսկ ներֆուտբոլային կռիվների ներկայիս ամենակարևոր խաղացողը չի դադադրում լինել բոլոր հանրային քննարկումների հիմնական աստղը: Մինչև բազմաթիվ դավաճաններ իրենց տեղը չեն կարողանում գտնել քաղաքական արևի տակ, հայկական առյուծն իր խնամու ու այլ ներված հզորների հետ Դուբայում նրանց ճակատագիրն է որոշում:

 

7. Արմեն Ամիրյան

Ոմանք հիշեցրին այս շատ դրական լույսի ներքո ներկայացող նախարարի բազմամիլիոն ունեցվածքի մասին, երբ նա հայտարարեց, որ պայթեցված տպարանի շենքը մշակութային արժեք չուներ: Թատրոնի բեմում ասուլիս կազմակերպելով՝ նա կարողացավ ցրել տհաճ խոսակցությունները և մոռացության մատնել իր աստղաբաշխական հարստությունը, որը կուտակել էր երկար տարիների պետական ծառայության ընթացքում:

 

8. Վիգեն Սարգսյան

Նա բարձրագույն պաշտոնյաներից առաջինն  էր, ում հնարավորություն տրվեց Նախագահի հետ շփվել նոր ձևաչափով, այսինքն՝ վերադասի հետ աշխատանքային հանդիպումն անցկացնել  հեռուստատեսային լուսարձակների ներքո: Այդուհանդերձ, այս նոր և բացառիկ հեռուստանախագծից առավել շատ քննարկվեց նրա օրենսդրական առաջարկը, ըստ որի յուրաքանչյուր աշխատող մարդ այսուհետ իր աշխատավարձից բանակին պարտավոր կլինի վճարել ամիսը հազար դրամ: 

 

9. Միխաիլ Սաակաշվիլի

Վրաստանի համար թռիչքային տնտեսական աճ և ժողովրդավարություն ապահովելուց հետո նա մեկնեց Ուկրաինա, որտեղ դարձավ Օդեսայի նահանգապետ և, ինչպես ամենուր, այստեղ էլ սկսեց սենսացիոն պայքար կոռուպցիայի դեմ: Նահանգապետի պաշտոնից հրաժարականը դարձավ այս սկանդալային ու պատմական խոպանչու բացառիկ կարիերայի հերթական ուշագրավ էպիզոդը, որի միջազգային լայն արձագանքը հասավ նույնիսկ Հայաստան: 

10. Արթուր Բաղդասարյան

Իր ծննդյան առթիվ նա որոշեց մի մեծ նվեր մատուցել հանրությանը՝ հայտարարելով, որ հնարավոր է դարձյալ կոալիցիա կազմի իշխանության հետ: Քանի որ Վանաձորի ավագանին բոյկոտի պատճառով շուտով կարող է լուծարվել, իշխանությունը որոշեց նորից փուռը տալ իր ամենանվիրյալին, այն էլ մինչև խորհրդարանական ընտրությունները: Բաղդասարյանի մեծահոգությունն իրապես սահման չունի, քանզի նա կրկին կզոհաբերվի հանուն հայրենիքի՝ հանուն Վանաձորում ՀՀԿ վերջնական հաղթանակի:

 

Լրահոս

Դիտել ավելին