Կարևոր իրադարձություններ

Ինչպես Կարեն Կարապետյանը մատ թափ տվեց տպարանը պայթեցնողների վրա, իսկ Ծառուկյանը սարսափեցրեց կեղծ ընդդիմադիրներին. Ամենահզորների TOP 10

05 Նոյեմբեր, 2016 19:00
Ինչպես Կարեն Կարապետյանը մատ թափ տվեց տպարանը պայթեցնողների վրա, իսկ Ծառուկյանը սարսափեցրեց կեղծ ընդդիմադիրներին. Ամենահզորների TOP 10

 

Այս տասը մարդն իրենց ձեռքն են վերցրել երկրի ողջ իշխանական, մարդկային ու տնտեսական ռեսուրսը: Եվ այսպես. 

1. Սերժ Սարգսյան

«Ալ-Ջազիրայի» հետ նրա վերջին հարցազրույցը դարձավ սենսացիա միայն միամիտների համար: Նա կրկին վերահաստատեց այն, ինչ գիտեին շատերը՝ խորհրդարանական ընտրություններից հետո չի բացառվում նրա վարչապետ դառնալը: Հանրապետականներն էլ շտապեցին վերահաստատել, որ ՀՀԿ գալիք խորհրդարանում Սերժ Սարգսյանը կրկին կընտրվի կուսակցության նախագահ, իսկ նա ամենահզոր պաշտոնյայի իր անսասան դիրքերից շարունակեց բարեփոխումները և հատուկ խորհրդակցություն նվիրեց կարմիր գծերին ու ավտոճանապարհային տեսախցիկներին՝ հանձնարարելով դրանց կառավարումն ու եկամուտը փոխանցել պետական մարմիններին:

2. Կարեն Կարապետյան

Մինչ Շմայսը հորդորում էր չխաբվել նրա հագուկապին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց, թե նա ու՞մ է շեֆ պրիզնատ գալիս: Վարչապետն էլ ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր ղեկավարը և իրեն աշխատանքի հրավիրողը Սերժ Սարգսյանն է, որից հետո իր ծրագիրը լիարժեք հավանություն ստացավ ամենահանրապետական խորհրդարանում: Նա Պուտինի նմանությամբ և Քոչարյանի ոճով մատ թափ տվեց մեղավոր չինովնիկների վրա, երբ տպարանի շենքի պայթյունի լուրը հասավ կառավարություն: Պետրոսից և այլ բողոքավոր քաղաքացիներից գլուխը ազատելու համար նա նաև հրապարակեց իր խորհրդականների ու օգնականների հեռախոսահամարները, որպեսզի մարդիկ զանգելու տեղ ունենան, իսկ ինքն էլ հանգիստ խղճով կարողանա կրճատել բոլոր այն ավելորդ պետական մարմինները, որոնց ըստ օրենքի մարդիկ պիտի դիմեին նման դեպքերում: 

3. Արմեն Գևորգյան

Ազգային ժողովում բյուջեի քննարկմանը Նախագահի աշխատակազմի գերհզոր ղեկավարը հստակ ու սպառիչ պատասխաններ տվեց պատգամավորներին և լրագրողներին՝ բոլորին հորդորելով համակերպվել այն մտքի հետ, որ Բաղրամյան 26-ն է ղեկավարելու երկիրը մինչև 2018 թվականի ապրիլը: Համակերպված հանրույթին հրաժեշտ տալով՝ նա գնաց Բաղրամյան 26 և արդեն իր աշխատավայրից շարունակեց բարձրացնել հանրության պոզիտիվ ակնկալիքներն իշխանությունից՝ աշխատանքից հեռացվածների թերացումները շտկելով ու երկրի թիվ մեկ կառույցի աշխատանքներն իրապես արդյունավետ դարձնելով: 

 

4. Սամվել Կարապետյան

Ռուսաստանաբնակ միլիարդատերը դարձել է Հայաստանի իշխանության իրական գորշ կարդինալը, քանի որ նրան հարգում է Հայաստանի նախագահը, նա վարչապետի մտերիմ ընկերն է և նա վայելում է ռուսական իշխանությունների վստահությունը: Այս ամենի հետ միասին նա դարձել է հայ բազմաթիվ օլիգարխների քավորն ու ավագ եղբայրը, որոնց հետ ամեն ամիս ժողովներ ու հանդիպումներ է անցկացնում Երևանում, Մոսկվայում ու Դուբայում: Իր ընկեր վարչապետի գործի հաջողության համար նա կարող է ու պատրաստ է սանձել ցանկացած չարաճճի մեծահարուստի և դրանով իսկ գրավել է այս պատկառելի հորիզոնականը ամենահզորների տասնյակում: 

5. Տարոն Մարգարյան

Տեղաց առաջին ձյունը, և ոչ մի դժգոհություն չհնչեց քաղաքապետի աշխատանքից: Ոմանք փորձեցին նրան մեղսագրել տպարանի շենքի պայթեցումը, բայց բոլորի կուռքը դարձած մշակույթի նախարարը հաստատեց, որ այդ շենքը որևէ մշակութային արժեք չունի, իսկ վարչապետն էլ մեղավոր հռչակեց արտակարգ իրավիճակների նախարարությանը: Երևանի քաղաքապետը շանթեց մեկ այլ անարդար մեղադրողի, երբ վերջինս փորձեց կասկածի տակ դնել երկու զոհված ազատամարտիկ ունեցող ընտանիքի համար արված հողհատկացումը: Այս ամենի արդյունքում Երևանն օր օրի ավելի բարեկարգ ու գեղեցիկ դարձրած պաշտոնյան բոլորին ցույց տվեց, թե ով է քաղաքի իրական տերը և էլ ավելի ամրացրեց իր դիրքերը հզորների այս տասնյակում:

6. Վիգեն Սարգսյան

Նա հայտնվել է մի նոր փորձության առաջ, բայց չի կքվել ամենահսկա կառույցն իր ուսերին շալակելուց հետո: Կանանց բանակում ծառայելու հնարավորությունը և ազգը բանակ դարձնելու գաղափարը դարձան նրա առաջին նորամուծություններն իր նոր պաշտոնում: Պաշտպանության նորանշանակ նախարարը ամենից շատն է հայտնվում լրատվական լուսարձակների ներքո, սակայն գրանցել է իշխանական դիրքերի որոշակի անկում, քանի որ դժվարությամբ է իրենով անում պաշտպանության ծանր համակարգը և փոքր-ինչ մեկուսացել է իշխանախաղի ընդհանուր համայնապատկերից:

 

7.Գեորգի Կուտոյան

Դատավորի կալանավորումը դարձավ այս ամսվա ամենացնցող իրադարձություններից մեկը, իսկ ԱԱԾ ղեկավարը՝ հակակոռուպցիոն պայքարի իրական հերոսը: Վաղուց հայտնի և բոլորին տանջող դատական կոռուպցիային հասցված լրջագույն հարվածին հաջորդեց մեկ այլ կոռուպցիոն բացահայտում՝ այս անգամ Աբովյանի քաղաքապետարանում և դարձյալ ԱԱԾ ջանքերով: Հայաստանի ամենացավոտ խնդրի՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը դարձած Կուտոյանը այս տեմպերով կարող է դառնալ նաև Հայաստանի ամենակարևոր ու սիրված պաշտոնյան: 

8. Վովա Գասպարայան

Նա հայտնվեց յուրային տեսախցիկների առաջ՝ մասնակցելով ոստիկանական հերթական զորհավաքին, բայց, ցավոք, առիթ չստեղծեց խոսելու լրագրողների հետ, որպեսզի ամփոփի իր պաշտոնավարման հնգամյակը և հնարավորություն տա հանրությանն իր շռայլած մի քանի բառը կրկին դարձնելու թևավոր խոսքեր: Նրա ձեռքում են շարունակում մնալ երկրի օպերատիվ տեղեկատվության բոլոր պաշարները, սակայն համատեղ աշխատանքի բոլոր դափնիները նա մեծահոգաբար զիջում է իր երիտասարդ գործընկերներին: Ոմանք փորձեցին նրան կապել ինչ-ինչ հարձակումների ու ահաբեկումների հետ, իսկ նա իր յուրահատուկ հումորով հերքեց այդ լուրերը՝ մեղմորեն ակնարկելով, թե ինչ կլինի, երբ փորձառու ոստիկանապետը իրապես ցանկանա մարդ վախեցնել: 

9. Վարդան Հարությունյան

Նա ստանձնել է երկրի թիվ մեկ հարկահավաքի պաշտոնը և իրապես հավակնում է դառնալ վարչապետական բոլոր խոստումների իրագործման լոկոմոտիվը: Նա կարճ ժամանակում մի քանի գործնական քայլերով կարողացել է ցնցում առաջացնել մաքսազերծման աշխարհում և այս ընթացքը պահելու պարագայում կարող է իրական շարժ սկսել մեռնող տնտեսությունում ու բարելավել հազարավոր աղքատների կյանքն այս դատարկվող երկրում: «ՀայՌուսգազարդ»-ի շնորհալի մենեջերը դարձել է հայկական տնտեսության փրկության հույսն ու ամենահզոր մարդկանցից մեկը Հայաստանում:

10. Գագիկ Ծառուկյան

Նա վերադարձել է քաղաքականություն և դարձել բոլոր կեղծ ընդդիմադիրների ու կիսաիշխանականների ահն ու սարսափը, քանի որ ցանկացած պահի կարող է իրենով անել նրանց ընտրազանգվածը: Նա Նախագահի հետ բացեց իր հերթական հսկայական բիզնես համալիրը, Ռուսաստանի դեսպանի հետ մասնակցեց իր կազմակերպած հերթական գյուղատնտեսական էքսպոյին և հերթական անգամ հայտնվեց ողջ հանրության ուշադրության կենտրոնում: Ծառուկյանը նաև հասցրեց հումորով ու ջերմությամբ դիտողություն անել իր գործընկեր և մայր Ռոզա Ծառուկյանին, ով որդու արդար ու խիստ գնահատականներից հետո խոստացավ մյուս տարի ավելի լավ աշխատել: Նա ցնցեց բոլորին, հեռացավ և խոստացավ վերադառնալ, երբ իրեն մի լավ ու կարգին խնդրեն բոլոր նրանք, ում ինքը վաղուց ներել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին