Կարևոր իրադարձություններ

Մինչ ամենասիրված վարչապետը սպասում է Պետրոսի հեռախոսազանգին, ամենասիրված «SOS»-ը հայհոյում է իշխանություններին. Ամենասիրվածների TOP 10

29 Հոկտեմբեր, 2016 20:00
Մինչ ամենասիրված վարչապետը սպասում է Պետրոսի հեռախոսազանգին, ամենասիրված «SOS»-ը հայհոյում է իշխանություններին. Ամենասիրվածների  TOP 10

 

Այս տասնյակում հայտնվածներից ոչ բոլորն են սիրված բոլորի կողմից, բայց նրանցով հիացող հայության բանակը հաստատապես ամենամեծն է՝ գոնե վերջին ամսվա ընթացքում: Եվ այսպես. 

1. Ալեք Ենիգոմշյան

Երբ «Սասնա Ծռերի» շատ առաջնորդներ հայտնվեցին բանտում, «ԱՍԱԼԱ»-ի այս հայրենասեր վետերանը ստանձնեց այդ շարժման ղեկավարումը և դարձավ ամենասիրվածներից առաջինը: Մասնակցելով Կարմենի հետ ամենաէժանագին հեռուստաշոուին՝ նա բռի հարձակման ենթարկվեց իշխանական բոլոր միջանցքներով քարշ եկած և ՕԵԿ-ական հեռուստատեսությունում ծվարած տիկնոջ կողմից, սակայն կարողացավ չափազանց կիրթ և հերոսաբար հաղթահարել նաև այս փորձությունը, ինչպես ի հեճուկս իր առողջական խնդիրների՝ հաղթահարել էր բանտարկումն ու բազմաթիվ այլ  դաժան փորձություններ: 

2. Կարեն Կարապետյան

Նոր վարչապետը շարունակում է գլխավորել ոչ միայն ՀՀԿ-ի կառավարությունը, այլև Հայաստանի ամենասիրված մարդկանց տասնյակը: Նա կրկին հայտնվեց հայերի սիրո օլիմպոսում, երբ հարցազրույց տվեց չորս հեռուստալրագրողների և հայտարարեց, որ այսուհետ ամեն ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել: Ավելին, նա Պետրոս Ղազարյանին առաջարկեց մաքսայինում ցանկացած խոչընդոտի մասին տեղեկանալիս զանգել անձամբ իրեն: Չար լեզուներն ասում են, որ դրանից հետո բախտավոր լրագրողը մտմտում է մաքսային բրոքեր դառնալու և ռաստամոժկայի գործերով լուրջ փողեր աշխատելու մասին, քանի որ վարչապետին անձամբ զանգելու էքսքլյուզիվն այսուհետ իրենն է: 

3.Վիլեն Գայֆեջյան

«SOS» հումորային տեսանախագծի նկատմամբ հանրային ողջ սերն ու հետաքրքրությունը մարմնավորված է այս դերասանի մեջ, ով իր սցենարիստի և ռեժիսորի հետ միասին ոչ միայն կարողանում է ցնցել ողջ իշխանական վերնախավը, այլև դրամական միջոցներ հայթայթել աղքատների համար ու ձեռքի հետ էլ իր հայհոյախառն հումորով զվարճացնել հայությանը: Ամենադաժան ու ամենահամարձակ նախագծի թիմն ու վարողը կարողացել են ռեկորդային դիտումներով առաջ անցնել ոչ միայն բոլոր համացանցային տեսանախագծերից, այլև հեռուստընկերությունների դիտելիությունից, ինչպես նաև մեծ սեր վայելել ընդդիմադիր զանգվածում:

4. Ռուբեն Վարդանյան

Պարզվում է՝ հայությունը ոչ միայն սիրում է իշխանությանը հայհոյողներին, այլև իշխանության նվիրյալներին: Ռուբեն Վարդանյանը իր իմաստուն ու բարի կերպարով, իր բազմաթիվ հանրաճանաչ նախագծերով կարող է Լևոն Տեր-Պետրոսյանի նման իրեն թույլ տալ հայտարարել, որ հայ ժողովրդի միակ փրկությունը ներկայիս նախագահի և վարչապետի շուրջ համախմբվելն է: Եվ օօօ,՜ հրաշք, մարդիկ շարունակում են սիրել նրան ու հիանալ նրանով՝ անկախ նրա իշխանասեր բոլոր հայտարարություններից:

5. Արթուր Ալեքսանյան

Գյումրվա Սպիտակ արջը դեռ երկար ժամանակ կարող է ոչինչ չանել և, միևնույն է, կմնա հայերի ամենասիրված հերոսը: Նա միակն է այս տասնյակում, որին սիրում են բոլորը՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից և սոցիալական պատկանելությունից: Հայաստանի Օլիմպիական չեմպիոնը իր բարի ու գեղեցիկ կերպարով հայտնվում է տարբեր լուսանկարներում, տեսանյութերում և նույնիսկ գովազդային հոլովակում՝ շարունակելով հպարտության ու ցնծության զգացում պարգևել բոլոր հայերին:

6. Ժիրայր Սեֆիլյան

Նա բանտում է և այդ իսկ պատճառով հազվագյուտ է հայտնվում լրատվական լուսարձակների ներքո, բայց մարդիկ հիշում են ազատամարտիկի նրա վեհ անցյալը և կարոտում նրա ընդդիմադիր թեժ գործունեությանը: Նույնիսկ բանտից նա կարողացավ հորդորել իր զինակից Կարո Եղնուկյանին դադարեցնել հացադուլը և հենց ազատազրկման վայրից Վարուժան Ավետիսյանի հետ փորձեց նոր թափ հաղորդել իրենց փոքր-ինչ դանդաղած իշխանափոխությանը:

7. Արմեն Ամիրյան

Նա շատ բան դեռ չի փոխել ներկայիս ռաբիզացած մշակութային կյանքում, սակայն դարձել է այդ մշակույթը կրողների իրական կուռքը: Նա վարչապետի նմանությամբ իջավ իր մեքենայից, բայց ոչ թե լացող կնոջից նամակ վերցնելու, այլ հարսանեկան զույգին ուրախություն պարգևելու համար: ԱՄՆ-ում դերասան Թոմ Հենքսը նկարվեց նորապսակների հետ և անչափ ուրախացրեց հարսուփեսին, իսկ Հայաստանում դա արեց սիրված մշակույթի նախարարը, ով ի դեպ նաև ԱՄՆ-ի մշտական բնակիչ է, քանի որ ունի ամերիկյան Գրին քարտ: 

8. Թամար Հովհաննիսյան

Մութ ու ցուրտ տարիներին ԱՄՆ-ում անցկացրած և Հայաստանը շատ կարոտած դերասանուհին վերադարձավ հայրենիք ու սկսեց դաժանորեն դատափետել իշխանություններին: Ֆրունզիկ Մկրտչյանի այրին մշտական գեղեցկուհու կոկետությամբ կանգնեց ապստամբների կողքին և իր խարիզմատիկ կերպարով ու թավշյա ձայնով կարողացավ դառնալ ամենաժողովրդականը դերասանների մեջ և ամենասիրվածն ընդդիմադիրների շարքում:

9. Նիկոլ Փաշինյան

Չնայած նրա կուսակցությունը բավական համեստ արդյունքներ արձանագրեց ՏԻՄ ընտրություններին և չդարձավ միակ ընդդիմությունը Հայաստանում, այդուհանդերձ նա իր սուր հումորով ու դաժան խայթոցներով դարձավ միակ հետաքրքրությունը ներկայիս գորշ խորհրդարանում: Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում նրա հարցադրումները դարձան ծանր փորձություն Կարեն Կարապետյանի համար, Ձկնկուլի սպանության թեմայով նրա հարցադրումը դարձավ հերթական սենսացիա, իսկ Սաշիկ Սարգսյանի տնտեսական գործակցի մասին երկրորդ անգամ հնչեցված հումորը դարձավ մի նոր նվեր ձանձրացող ժողովրդին: 

 

10. Զարուհի Փոստանջյան

Նրան հատկապես սիրում են այն զանգվածները, ովքեր քաղաքականության մեջ խփող-փրթող տղամարդու մարմաջը հագեցնում են Զառայի կրքոտ ելույթներով: Նա ավելի սիրվեց իր երկրպագուների կողմից, երբ Մուկուչյանի վերընտրության ժամանակ ահաբեկեց նրան՝ ասելով, որ մի օր մարդիկ հարձակվելու են հենց իր տան վրա: Մեկ այլ ելույթով նա հարձակվեց ոստիկանության վրա և դարձյալ խոստացավ կրակ ու պատիժ իր բոլոր թշնամիներին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին