Կարևոր իրադարձություններ

Փոքրիկ չաթլախը պառլամենտական ամբիոնից և չորս իշխանավորի կրքոտ հայացքներն Արփինե Հովհաննիսյանին. Ամենաքննարկվածները TOP 10

16 Հոկտեմբեր, 2016 10:27
Փոքրիկ չաթլախը պառլամենտական ամբիոնից և չորս իշխանավորի կրքոտ հայացքներն Արփինե Հովհաննիսյանին. Ամենաքննարկվածները TOP 10

 

Վանաձորի քաղաքապետի աթոռին նվիրված գզվռտոցը և Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային խաղը դարձան ամենասուր թեմաները, իսկ տասնյակ պաշտոնյաների տեղաշարժերը հետաքրքիր ժամանց ապահովեցին հանրության համար: Ի վերջո, լավ կամ վատ գործերով հատկապես աչքի ընկան այս տասը մարդը: Եվ այսպես.

 Տիգրան Ուրիխանյան

«Փոքրիկ չաթլախ» և «Աշոտյանի ջեբի շուն»՝ Ստեփան Սաֆարյանին այսպիսի հայհոյանքներով նախշելուց անմիջապես հետո նա խոստացավ դժոխքի վերածել Շարմազանովի կյանքը: Այնուհետև, նա Ազգային ժողովից ամոթանք տվեց «Ամոթ» անվանումով կայքի խմբագրին, իսկ անմիջապես հետո մեղադրվեց այդ նույն մարդու խմբակային ծեծը կազմակերպելու մեջ: Բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար այս ամենը նրան քիչ թվաց, ու նա հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը, իսկ մի քանի օր անց փոշմանեց՝ բնականաբար հաշվի առնելով հազարավոր հեռուստադիտողների խնդրանքները: Այսպիսով, Գյումրիի ընտրապայքարի գրեթե վերջինը այս տասնյակում դարձավ անվիճելի առաջինը:

2.Սեյրան Օհանյան 

Երկար քննարկվեց նրա հնարավոր պաշտոնանկությունը, և ահա նա այլևս պաշտպանության նախարարը չէ: Մինչ այդ շրջանառվեց նրա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալը, բայց նրա հանրաճանաչ կինը հայտարարեց, որ որևէ մեկը չի կարող իր ամուսնուն պարտադրել որևէ պաշտոն, և ահա նա մնաց անպաշտոն: Սամվել Բաբայանը մեծ սխալ համարեց իր երբեմնի ախոյանի պաշտոնազրկումը, իսկ հանրության մեջ լուրեր տարածվեցին, որ սիրված գեներալի ծաղկաշատ կյանքում սպասվում է մի նոր մեծ շրջադարձ՝ երկարամյա իշխանությունից դեպի ռադիկալ ընդդիմություն: 

3.Մամիկոն Ասլանյան

Միայն Վանաձորում հանրաճանաչ այս նոտարը դարձավ բոլոր ՏԻՄ ընտրությունների ամենաինտրիգային էպիզոդի հերոսը: Խոշորամարմին ՀՀԿ-ականը քիչ էր մնում ծեծկռտուքի մեջ մտներ ԼՀԿ-ի փոքրամարմին առաջնորդի հետ և վերջում էլ դառնար Հայաստանի առաջին ընդդիմադիր հանրապետականը: Հին իշխանության այս նոր էջի բախտն էլ բացվեց, երբ պարզվեց, որ Վանաձորի ավագանիում մեծամասնություն դարձած թունդ ընդդիմադիրներից չորսը ծպտյալ ՀՀԿ-ամոլներ են, որոնք արեցին այն, ինչ տարիներ շարունակ արել էին ԲՀԿ, ԼՀԿ ու ՀՎԿ կուսակցապետերը, այն է՝ խոսել ընդդիմադիր դիրքերից ու քվեարկել իշխանության օգտին: 

4.Սվետլանա Խաչատրյան

Իշխանության դեմքի հերթական պլաստիկ վիրահատության արդյունքում պաշտոնից ազատվեց Սուրիկ Խաչատրյանը, և այս փիարային գլուխգործոցը մի նոր ցնծություն պարգևեց ֆեյսբուքահայությանը: Զարմանալիորեն Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունից առավել շատ քննարկվեց նրա դստեր՝ Սվետլանայի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ կիսագրագետ էր որակվել ներկայիս բարձրագույն իշխանությունը: Չնայած մարզպետի դուստրը հայտարարեց, որ կոտրել են իր ֆեյսբուքյան էջը, և ինքն այդպիսի կարծիք չունի մեր երկրի ղեկավարների մասին, բայց նա, միևնույնն է, հաջողեց դառնալ այս ամսվա ամենաքննարկված ու ճանաչված մարդկանցից   մեկը: 

5. Վիկտոր Դալլաքյան

Վանաձորցի ամենաթունդ ընդդիմադիրը մեկ գիշերում դարձավ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նվիրյալը, իսկ չորս տարի անց կախարդական փայտիկի մեկ հպումով վերադարձավ ի շրջանս յուր: Նա հայտարարեց, որ այս ընթացքում շատ քարեր է հավաքել իր շեֆի դեմ և իր  նոր գործառույթի շրջանակներում հարձակվեց Էդմոն Մարուքյանի վրա՝ ձեռքի հետ էլ տեղեկացնելով իր կյանքին սպառնացող վտանգների մասին: Բարեբախտաբար, կյանքի համար նմանատիպ վտանգներով անցած Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը ողջ-առողջ են, այնպես որ հասարակությունը կկարողանա դեռ երկար քննարկել ու վայելել այս գործչի հետագա մեծ շրջադարձերը: 

6.Արմեն Ամիրյան

Բարետեսների կառավարության ամենահմայիչ նախարարին ներվում է ամեն ինչ: Քինդլների, աուդիոգրքերի ու այլ կրիչներով թվայնացված գրականության այս դարում նա իր հիմնական առաքելությունն է հռչակել գրախանութային ցանցի զարգացումը: Ճիշտ է, մի քանի տարի հետո, երբ գրեթե բոլորն օգտվեն էլեկտրոնային գրադարաններից, նրա այսօրվա եռանդուն աշխատանքը լրիվ անիմաստ կդառնա, բայց գոնե այսօր իրեն սիրողների մեծ բանակը կարող է հիացմունքով հետևել ու քննարկել նրա ամեն շունչն ու արտաշունչը:

7.Քիմ Քարդաշյան

Ինչպես Ամիրյանը Հայաստանում, այնպես էլ Քարդաշյանը ողջ աշխարհում... Բոլորը շունչները պահած հետևում ու մաս-մաս քննարկում էին Քարդաշյանի վրա գողերի հարձակումը Փարիզում, նրա գողացված զարդերը, այդ զարդերից մեկի հայտնաբերումը, Քիմի բռնաբարվելու կամ սպանվելու հավանականությունը: Քիմը դեպրեսիայի մեջ է, նա իրեն է մեղադրում, նրա ամուսինը լուրն իմանալուն պես դուրս է նետվել սեփական համերգից... Այս ամենը գրեթե նույնքան կարևոր էր հայ հանրության համար, որքան Հայաստանի մշակույթի նախարարի պատմական այցը երևանյան մի գրախանութ-ռեստորան:

8.Արփինե Հովհաննիսյան

Կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ նա իր նազանի կեցվածքով անցավ Ազգային ժողովի պոդիումով, և երկրի չորս բարձրաստիճան պաշտոնյաների անպատշաճ հայացքները գնացին անպատեհ ուղղությամբ: Մեկ այլ օր նրա վերնաշապիկի կոճակն անպատեհ արձակվեց հենց ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս: Երկու անհաջող միջադեպ, և ահա շատերը մոռացան արդարադատության հզոր նախարարի ռեֆորմներն ու կենտրոնացան գեղեցիկ կնոջ նրա կերպարի վրա:

 

9.Վլադիմիր Պուտին

Նա ժամանեց Երևան, և քաղաքի երթևեկությունը կրկին պարալիզացվեց: Դարձյալ եղան մի քանի մարդու բողոքի հակառուսական ակցիաներ, դարձյալ մարդիկ հիշեցին Ռուսաստանից եկող գազի գնի իջեցման հնարավորությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի կարևորագույն դերակատարությունը:

 

 

10. Կարեն Կարապետյան

Նրա աստղը մարում է, քանի որ ամենախոստումնալից պաշտոնյան թուլացրել է իր դրայվը թե՛ կառավարության նիստերին և թե՛ դրանցից դուրս: Նա գրեթե ամեն օր պաշտոններ է տալիս անհայտ ու անհամ նոր մարդկանց և մերթընդմերթ հին տեքստեր ասում Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի շտեմարանից: Ինտելեկտուալների համար նրա խոսքերը հասկանալի են ու անհավատալի, իսկ զանգվածների համար նվազել է նրա խոսքի հյութեղությունը: Այնպես որ, Վարչապետի փիար խորհրդատուներն այլևս չեն կարող հույսները դնել նոր դեմքի էֆեկտի կամ երաժշտական տաղանդի վրա: Միայն նոր գաղափարներն ու գործընկերները կարող են վերականգնել աստիճանաբար կորսվող դիրքերը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին