Կարևոր իրադարձություններ

Երևանի և գերմանական երկու քաղաքների քաղաքապետերը քննարկել են համագործակցության ուղիները

10 Հոկտեմբեր, 2015 20:48
Երևանի և գերմանական երկու քաղաքների քաղաքապետերը քննարկել են համագործակցության ուղիները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Գերմանիայի Մուգենստրում քաղաքի քաղաքապետ Դիդմար Սպաթի, Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ Ռոլֆ Ռեյնարդի և Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը նկատել է, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի, որ գերմանական քաղաքների հետ նախանշված գործակցության ծրագրերն ընդլայնվեն ու գործնական ընթացք ստանան:

«Այս տարվա հունիսին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ու Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանն այսօր հաջորդում է հերթականը, որն արդեն առանձնանում է մշակութային ծրագրերով: Շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերն ու Ձեր մասնակցությունն եք ունենալու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Սա ևս խոսում է այն մասին, որ մեր բարեկամական փոխգործակցությունը շարունակական է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատվիրակության ղեկավար, Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերանշնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար, նաև համոզմունք հայտնել, որ հանդիպմանը ներկա Մուգենստրումի և Աբշտայնախի քաղաքապետերի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և գերմանական քաղաքների միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան:

«Երևանում կրկին գտնվելն իրոք հաճելի է: Երևանը ջերմ ու հյուրընկալ քաղաք է: Մեզ համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երևանում և առավել մոտիկից ծանոթանալ հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի ավանդույթներին ու մշակույթին: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանն ականատես եղանք դեռևս մեր առաջին այցի ժամանակ, փաստում են, որ Երևանը թեև հին, բայց երիտասարդ ու դինամիկ զարգացող քաղաք է: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ կանենք հնարավորը՝ գերմանական քաղաքների և Երևանի միջև գործընկերային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ »,- նշել է Բրայան Սթիվեն Ֆերան:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է` փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին