Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում թերթի գլխավոր խմբագրին դարձյալ ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար

10 Հոկտեմբեր, 2015 20:50
Թուրքիայում թերթի գլխավոր խմբագրին դարձյալ ձերբակալել են Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայում Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կասկածանքով ձերբակալել են անգլալեզու Todays Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին:

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Քենեշին ձերբակալել են Ստամբուլի իր գրասենյակում: Ամբողջ գործողությունը հեռարձակվել է թուրքական հեռուստատեսության եթերում:

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Քենեշի դեմ դատական գործը հարուցվել է Twitter-ի իր էջում, հետաքննության վարկածով, քաղաքական գործիչներին, այդ թվում` Նախագահ Էրդողանին եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով:

Բյուլենթ Քենեշը ժխտում է իր դեմ բոլոր մեղադրանքները: Նա պնդում է, որ ոչ մեկին չի վիրավորել, այլ միայն օգտվել է իշխանություններին քննադատելու համար խոսքի իրավունքից:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Նախագահին վիրավորել արգելող օրենքը նախկինում հազվադեպ էր օգտագործվել, սակայն, վերջին շրջանում այն կիրառում են այլախոհությունը ճնշելու համար: Անցյալ տարվա օգոստոսից Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հարյուր մարդու:

Բյուլենթ Քենեշն այս տարվա հունիսին համանման մեղադրանքով արդեն դատապարտվել էր 21 ամիս պայմանական ազատազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին