Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամենաքննարկվածները. Շաբաթի TOP 10

14 Նոյեմբեր, 2015 10:31
Հայաստանի ամենաքննարկվածները. Շաբաթի  TOP 10

 

Այս տասնյակում մենք ընդգրկում ենք հանրային հնչեղություն ունեցող դեպքերով կամ գործողություններով աչքի ընկած անհատներին: Եվ այսպես, Հայաստանում այս ամիս ամենաակտիվը քննարկվել ու լուսաբանվել են

 

10. Շանթ Հարությունյան

Նրան նորից հիշեցին իր որդու ջանքերի, անոնիմուսների երթի ու նրա կալանավորման տարեդարձի կապացկությամբ: Հիշեցին ներկայիս կալանավորին նաև այն ժամանակ, երբ նրա ընկերներից մի քանիսը ազատություն ստացան: Մարդիկ հիշեցին նրա բոցաշունչ ելույթները, քննարկեցին նրա սուր խոսքերը, վերապրեցին նրա ռոմանտիկ ակցիան և շարունակեցին ապրել իրենց կյանքով: Իսկ նա իր որդու հետ դարձավ շատ քննարկված, բայց շարունակեց իր կյանքը ճաղերից այն կողմ:

9. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը եկավ Հայաստան և իր հետ բերեց բազմաթիվ խոսակցություններ այն մասին, թե ինչու էր նա եկել Երևան: Քննարկվեցին նրա այցի բազմաթիվ հորինված ու իրական պատճառներ, բայց հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչ հետևանքներ է ունենալու Ռուսաստանի ամենահզոր մարդկանցից մեկի այցը հայաստանյան իշխանությունների, հանրաքվեի արդյունքների, Ղարաբաղի ճակատագրի, ինչպես նաև Ադրբեջանի եվրասիական ապագայի համար:

8. Արփինե Հովհաննիսյան

Նա շարունակում է մնալ ամենաբարետես նախարարը Հայաստանում: Նա նույնիսկ հայտնվել է աշխարհի գեղեցկագույն նախարարների տասնյակում: Արդարադատության համակարգի հետ կապված ամեն հնարավոր առիթով մարդիկ հիշում են նրան և շարունակում ավելացնել իրենց սպասումները երիտասարդ ու հաճելի նախարարից: Նրա մասին բազմաթիվ հիշատակումներին այս ամիս հատկապես նպաստեցին մի քանի սկանդալաներն ու իրադարձությունները կալանավայրերում, ինչպես նաև նրա բարդ հարաբերությունները իրեն չենթարկվող ենթակաների հետ:

7. Գևորգ Կոստանյան

Եվրոպական դատարանում քննված Փերինչեքի գործը դարձավ ամենաքննարկված դատական պրոցեսը Հայաստանում: Թվում էր, թե Քլունիի գեղատեսիլ կինը պետք է դառնար այս կասկածելի հաղթանակի սիմվոլը, սակայն Ամալին այստեղ մեծ անակնկալ էր սպասում: Գլխավոր դատախազը, ով նաև իր դժվարին աշխատանքը համատեղում է եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի հետ, կարողացավ խամրեցնել վերջինների աստղը: Նա կարողացավ արդեն իսկ Հայաստանի դեմ կայացրած վճիռը ձևափոխել՝ թե՛ բովանդակային, թե՛ փիարային իմաստով: Կոստանյանը, իր դատախազական գործառույթներն իրականացնելիս, կարողացավ երևալ նաև մի քանի այլ խոշոր քրեական պատմությունների շրջանակներում, սակայն միջազգային դատարանում քննված գործը ամենաշատը ստիպեց անդրադառնալ ամենաաշխատասեր իրավապահին:

6. Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շարունակում է իր յուրօրինակ պայքարը մեր երկրի կոռուպցիայի ու տնտեսական մենաշնորհների դեմ, ասես ընդհանրապես չի վախենում Վահրամ Բաղդասարյանից, ով իրեն հրապարակայնորեն հորդորել էր չմիջամտել Հայաստանի ներքին կոռուպցիոն գործերին: Նա շատ ճիշտ ու բարի մեսիջներ է հղում հայ հանրությանը և առաջարկում է վերացնել կոռուպցիան, առաջարկում է ազատ ու հավասար դաշտ ստեղծել բիզնեսների, հանրաքվեին «ո՛չ» քարոզողների, ընդդիմադիրների համար: Նրա հարցումից հետո այս ամիս կարճվեց Բաղրամյանի ցուցարարների դեմ հարուցված քրեական գործը: Այս ամիս նա նաև այցելեց ու սատարեց միասեռականներին, բայց զարմանալիորեն ոչ ոք չհամարձակվեց դրա համար պախարակել նրան:

5. Ռուզաննա Խաչատրյան

Հայ պաշտոնյաների տիկնանցից ամենաակտիվն ու գեղեցիկը չի դադարում զարմացնել ու հետաքրքրել հանրությանը: Այս ամիս նրա գունային ու ծաղկային ներդաշնակությամբ հայտնի լուսանկարները ողողեցին հայաստանյան լրատվական դաշտը, քանի որ նա արժանացավ գիտությունների դոկտորի կոչման, շարունակվեց նրա դատական գործը Հրապարակ օրաթերթի դեմ, դատախազությունն էլ գործ հարուցեց նրա դեմ սուտ մատնությամբ հանդես գալու համար:

4.Վոլոդյա Ավետիսյան

Նա նույնիսկ կալանավայրից կարողացավ հանրային ալիք բարձրացնել և իր նախաձեռնած հացադուլով մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեց իր անձի ու դատապարտյալների խնդիրների վրա: Նա իր մոտ բերեց օմբուդսմենին, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Էլինար Վարդանյանին, ինչպես նաև պետական այլ պաշտոնյաների: Իր այս բողոքի ակցիայով նա յուրօրինակ հաղթանակ գրանցեց՝ վաղաժամկետ ազատվելու դիմումների բազմաթիվ պարտությունների ֆոնին:

3.Արմեն Աշոտյան

Հայաստանի ամենաչսիրված մարդկանցից մեկը, նաև ամենաքննարկվածն է, ճիշտ այնպես, ինչպես կրթության նախարարը, նաև հաղորդավար է: Ծանր վիճակում հայտնված ու ամեն տեղ տարածվող այս նախարարը իր քաղաքական կաշին փրկելու համար որոշեց Հ1-ի եթերում «ինքնահրկիզվել» հանուն սահմանադրական փոփոխությունների, սակայն արջի ծառայություն մատուցեց իր կուսակցությանը, քանի որ հանրաքվեի քարոզարշավը քննադատելու հերթական առիթը տվեց թե ընդդիմությանը և թե միջազգային կառույցներին:

2.Ռոբերտ Ուոլթեր

Այս ծախու անգլիացին կարողացավ առաջացնել բուռն հույզեր ու քննարկումներ Հայաստանում: Նա Ալիևի պատվերով գրեց մի հակահայ զեկույց և արժանացավ բոլոր ողջամիտ մարդկանց, այդ թվում Մինսկի համանախագահների քննադատությանը: Խավիարասեր անգլիացին կարողացավ վրդովեցնել նաև պատվերով խոսող, գործող ու գրող բազմաթիվ հայաստանցիների, ովքեր միջազգային ասպարեզում ծախված լինելը անբարո են համարում, բայցև հաճույքով նույնն են անում ներհայաստանյան քաղաքականության մեջ:

1.Լևոն Մութաֆյան

Իր սուր ու թունոտ ֆեյսբուքյան գրառումներով նա հաճախ էր լինում ուշադրության կենտրոնում, իսկ այս ամիս նա դարձավ ամենաքննարկվածն իր անժամանակ մահվան խորհրդավոր հանգամանքներով: Նա կյանքից հեռացավ սեփական քաղաքի հյուրանոցային համարում, ուր իբր գնացել էր լոգանք ընդունելու: Անհայտ տղամարդու հետ այդ հյուրանոցում լինելը առաջացրեց բազմաթիվ նոր խոսակցություններ այս հայտնի մարդու և նրա մահվան հանգամանքների շուրջ: Այսպիսով նա այս տասնյակի առաջատարն է՝ ցավոք, թերևս, վերջին անգամ:

Չենք անդրադառնում հանրության կողմից լայնորեն քննարկված մյուս գործիչներին, քանի որ եթե հանրային գործիչը իր լավ կամ վատ գործերով այս տասնյակում չէ, ապա գոնե այս ամիս և այս համատեքստում նրան հիշատակելու կարիք չկա:

Շաբաթի թղթակցակազմի և իր դիտարկումները ամփոփեց և ներկայացրեց`

Տիգրան Գալստյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին