Կարևոր իրադարձություններ

Հրանուշ Հակոբյանի վերանշանակման գաղտնիքները, կամ ինչպես Ռուբեն Ջաղինյանը «սիրված Ջազից» դարձավ «Ռաբիզը հարգող». Շաբաթի քաղաքական TOP 10 Ամենազավեշտալիները

01 Հոկտեմբեր, 2016 16:30
Հրանուշ Հակոբյանի վերանշանակման գաղտնիքները, կամ ինչպես Ռուբեն Ջաղինյանը «սիրված Ջազից» դարձավ «Ռաբիզը հարգող». Շաբաթի քաղաքական TOP 10 Ամենազավեշտալիները

Այս 10 գործիչները հայտնվել են ամենազավեշտալի իրավիճակներում և առաջացրել հանրության հրճվանքն ու հեգնանքը: Եվ այսպես.

 1.Հրանուշ Հակոբյան

Տիկին Հրանուշը միացավ ամենաբարետեսների ու ամենապրոֆեսիոնալների խոստումնալից կառավարությանը: Ահա և ամենամեծ զավեշտը... Հասարակությունը պարզապես քրքջում է՝ նույնիսկ առանց ֆեյսբուքյան հազարավոր հումորային ստատուսների: Գավառ քաղաքի ձայները, կոմերիտական քծնանքի վարպետությունն ու սփյուռքից խիստ դեմքով հազարական դոլար պահանջելու կարողությունը կոլորիտային տիկնոջը պահեցին ամենաների կառավարությունում: Փաստորեն, Կարեն Կարապետյանն արհամարհեց Պետրոս Ղազարյանի կարծիքը և վերջինիս չսիրած երկու կանանցից ճանապարհեց միայն Հասմիկ Պողոսյանին:

2. Ռուբեն Ջաղինյան

Հայաստանի ամենաինԾիլիգենտ մարդը, ով ամենուրեք գլուխ էր գովում, որ կարողացել է Հ1-ը դարձնել մակարդակով ալիք ու մաքրել ռաբիսությունից, դարձավ պարսավանքի թիրախ, երբ հեղինակեց Հանրային հեռուստատեսության երաժշտական պատմության մեջ ամենաէժանագին հեռուստաշոուն՝ այն ողողելով Սպիտակցի Հայկոների ղողանջներով: Այս ամենի մեղավորը Հանրայինի վաթսունամյակի միջոցառմանը Սերժ Սարգսյանի մոտ արդարացավ, որ ռաբիսը եթերում հնչում էր ի թիվս այլ ժանրերի՝ սրանով իսկ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր համար ռաբիսը հավասարեցված է ջազին ու դասականին:

3. Թևան Պողոսյան

Զինվորների սերմնահեղուկի թեմայով հանրաճանաչ դարձած պատգամավորն այս ամիս մի նոր զավեշտ երկնեց: Խաղաղության այս սև աղավնին Բաղրամյան 26-ից դեսանտ իջեցվեց Հայաստանի ամենակասկածելի ընդդիմադիր դաշտ, որպեսզի խաղաղեցնի յուրայիններին: Շատ զավեշտալի էր, երբ Զարուհի Փոստանջյանի կողմից իշխանությունների հետ համագործակցելու մեջ մեղադրվող Թևանն իր տուն հրավիրեց Էդմոնին, որին իշխանությունների հետ համագործակցելու մեջ մեղադրել էր Նիկոլը, որին իշխանությունների եղբայր էր հռչակել Սամվել Ալեքսանյանը:  

4. Աննա Գրիգորյան

Հովիկ Աբրահամյանի հերթական գեղեցկուհու աշխատանքից ազատումը դարձավ Հայաստանի ամենազավեշտալի պաշտոնանկությունը: Չափազանց գրավիչ արտաքինով այս գերպրոֆեսիոնալ օրիորդը հրապարակայնորեն հարձակվեց Կարեն Կարապետյանի վրա՝ նրա մեղադրելով թաքուն վախերի և իրեն առանձին չընդունելու մեջ: Վերջում էլ հայտարարեց, որ նորանշանակ վարչապետը միգուցե իրեն ազատել է, քանի որ ինքն ավելի բարետես է: Այսպիսով, բարետեսության մրցույթ դարձած ներկայիս քաղաքականությունը շարունակում է զվարճացնել հանրությանը իր սեքս-սիմվոլների բուռն ակտիվացմամբ: 

5. Արծվիկ Մինասյան

Հանրությունը նախ զվարճացավ, երբ նորանշանակ վարչապետը շշպռեց այս երբեմնի ընդդիմադիրին: Այնուհետև, դաշնակցական հոխորտանքների ֆոնին ընկեր Արծվիկը  ասուլիս հրավիրեց, որ ասի, որ դեռ ոչինչ չունի ասելու և պատրաստ է ցանկացած պաշտոնի, միայն թե մի բան տան: Ասուլիսին նա ձեռքի հետ էլ խոսեց իր յոթամսյա պաշտոնավարման ձեռքբերումների մասին, այսինքն՝ դարձյալ ոչնչի մասին: Վերջում էլ հանրությունը բուռն ծիծաղով տեղեկացավ, որ հիմք ընդունելով միայն ու միայն պրոֆեսիոնալիզմի չափանիշը՝ տնտեսագետ-իրավաբանը նշանակվել է բնապահպանության նախարար: 

6. Գալուստ Սահակյան

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող Վարդևան Գրիգորյանի որդու ողբերգական մահվանից ժամեր անց Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը բառացի հայտարարել է. «Ասում են՝ ինքն իրեն մահափորձ է կատարել»: Մի կողմ թողնելով հարցի իրավական, քաղաքական ու զուտ մարդկային կողմը՝ կարելի է փաստել, որ գործ ունենք հերթական լեզվական զավեշտի և բոլոր ժամանակների ամենաթոթովախոս քաղաքական գործչի խոհափիլիսոփայական նոր  փայլատակման հետ: 

7. Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը նրան մի քանի անգամ հրապարակայնորեն վիրավորեց, հետո ենթարկեց քաղաքական շանտաժի, հետո իր ամբողջ թիմով մեղադրեց իշխանական լինելու մեջ, վերջում էլ փորձեց ապացուցել, որ նա ո՛չ իմպիչմենթի գործընթացից է բան հասկանում, ո՛չ էլ երբևէ ռիսկ կանի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Եվ այսքանից հետո նա ընդունեց ամենազավեշտալի հրավերը ու տնական գինով, ղափամայով, ընտանեկան գեղեցիկ լուսանկարներով կուլ տվեց այդ ամենը: Հասարակությունը հեգնեց և գոռաց՝ «Անուշնե՜ր...»: 

8. Հրաչ Քեշիշյան

Մշակութային օբիժնիկությունը նույնքան զվարճալի է, որքան դրա բոլոր մյուս տեսակները: Երկրում տիրող բազմաթիվ անարդարությունների պարագայում այս իշխանասեր մտավորականը խիստ վրդովվեց և ֆեյսբուքյան մի ստատուսով հանդես եկավ, որտեղ ահավոր անարդար էր համարել, որ երկրի նախագահը վաստակավորի կոչումը շնորհել է Ավետ Բարսեղյանին և ոչ թե Խորեն Լևոնյանին: Քեշիշյանը ժամանակին դավաճանեց իր Հ1-ը և գնաց «Արմենիա» հեռուստաընկերություն, իսկ հիմա էլ բարկացել է, որ Հ1-ի ղեկավարությունը ավելի արժանավորներին չի առաջադրել պարգևատրման: Ֆեյսբուքյան մուննաթի փոխարեն նա կարող է վարադառնալ Հանրային հեռուստատեսություն և սպասել հաջորդ տարվա մեդալներին:

9. Վահան Բաբայան

Սկզբում Վահան Բաբայանի մերձավորները շրջանառեցին վերջինիս նախարար նշանակելու լուրը, հետո Բաբայանը ասուլիս հրավիրեց, որ հայտնի, որ իրեն դեռ նախարարի պաշտոն չեն առաջարկել: Այդպես էլ երիտասարդ ռեֆորմիստը չստացավ իր այդքան երազած պաշտոնը՝ չնայած նա ինքնամոռաց գովում էր Հովիկ Աբրահամյանին, հետո հայտարարեց, որ չի հավատում վարչապետի փոփոխմանը, հետո սկսեց նույն էնտուզիազմով բացատրել վարչապետի փոփոխության անհրաժեշտությունը ու սկսեց գովել արդեն նոր վարչապետին: Ցավոք, Բաբայանի այդքան չարչարանքը զուր էր և զավեշտալի...

10. Դոնալդ Թրամփ

Թրամփը զվարճացրեց ողջ աշխարհին ու նույնիսկ հայ հանրության գլոբալիզացված հատվածին, երբ բանավիճեց ու այնուհետև խայտառակ պարտվեց Հիլարի Քլինթոնին: Զվարճալի էր պարզել, որ վատ քաղաքական գործչին խանգարել էր խոսափողը, ճիշտ ինչպես վատ պարողին՝ մարմնի որոշ մասերը: Այս ամբարտավան, կռվարար, դատարկ ու օլիգարխիկ գործիչը պարզապես մխիթարանք է շատ հայերի համար, քանի որ պարզվում է՝ այսպիսիները միայն Հայաստանում չեն բուծվում ու բազմանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին