Կարևոր իրադարձություններ

Ամենավտանգավոր ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանից մինչև Նիկոլ Փաշինյանի քեֆ-ուրախություն. Ամենաընդդիմադիրների TOP 10

24 Սեպտեմբեր, 2016 20:00
Ամենավտանգավոր ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանից մինչև Նիկոլ Փաշինյանի քեֆ-ուրախություն. Ամենաընդդիմադիրների TOP 10

Վերջին մեկ ամսում այս տասը մարդն են ամենից շատը նյարդայնացրել իշխանություններին կամ գոնե հովացրել ընդդիմադիր սրտերը: Եվ այսպես. 

1.Արայիկ Խանդոյան

Բոլոր Սասնա ծռերից նա ամենաբրենդայինն է դարձել այս ամիս՝ մասնակցելով Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններին: Շատերը նրա դիմանկարով շապիկներ հագած եկան ընտրատեղամաս, բայց միևնույնն է՝ ընտրվեց մեկ ուրիշը: Չնայած «Միայնակ գայլը» չդարձավ գյուղապետ, բայց նա նույնիսկ կալանավայրից կարողացավ որոշակի լարում ստեղծել իշխանությունների համար:

2. Արմեն Մարտիրոսյան

«Ամենակարծր ընդդիմադիրի» տիտղոսն այս ամիս արժանիորեն կարող է հենց նա կրել, քանի  որ նոր է ազատվել կալանքից, բայց էլի շարունակում է ակտիվորեն նյարդայնացնել իշխանություններին՝ հակաիշխանական թունդ ելույթներ ունենալով և բողոքի տարբեր ակցիաների մասնակցելով: Նա այն հազվագյուտ ընդդիմադիրներից էր, որ շատերի նման չփափկեց վարչապետի փոփոխմամբ և պաշտոնավարման առաջին իսկ օրվանից սկսեց անողոքաբար քննադատել Կարեն Կարապետյանին: 

3.Ժիրայր Սեֆիլյան

Նրա ձայնը վերջին շրջանում անլսելի է հանրության համար, սակայն Սասնա ծռերի նրա շարժումը դեռ շարունակում է ալեկոծել Հայաստանի կիսամեռ քաղաքական դաշտը: Նա բանտում է, նա լուռ է, նա չի իրագործել իշխանափոխության իր վաղեմի երազանքը, բայց նա, միևնույնն է, շարունակում է կրել ներկայիս իշխանությունների համար ամենավտանգավոր ընդդիմադիրի թագը:

4. Անդրեաս Ղուկասյան

Հայաստանի ամենատանջված ընդդիմադիրը շարունակում է մնալ բանտում, որտեղ իշխանությունների ձեռամբ օր օրի կերտվում է ընդդիմության մեծ նահատակի կերպարը: Նրա դաժան ծեծ, նրա անվերջանալի հացադուլ, նրա քրիստոնեավայել չարչարանքներն իշխանության այս լեգենդար զոհի համար ապահովել են ընդդիմադիր մեծ բարձունքներ:

5. Սյուզան Սիմոնյան

Ֆեյսբուքի ամենասուր և ամենաճանաչված ընդդիմադիրը՝ երրորդ թոռնիկն ունեցած այս անսպառ ու գեղեցիկ տիկինը, կարողանում է իրապես ցավոտ խայթել իշխանություններին՝ որակյալ քարոզչություն ապահովելով իր քաղաքական թիմի համար: Եթե իշխանական ֆեյքերի ու ՀՀԿ-ական բլոգերների փոխարեն իշխանությունը գոնե մեկ Սյուզան Սիմոնյան ունենար, ապա հնարավոր է՝ մի օր կարողանար հաղթել ֆեյսբուքյան այս դաժան պատերազմում: 

6. Նիկոլ Փաշինյան

Ամենասկանդալային ընդդիմադիրը տոնեց իր առաջին հաղթանակը ՏԻՄ ընտրություններից մեկում և իր թիմակցին կարգեց Նոր Կյանքի գյուղապետ:  Մե քե՜ֆ..., մե ուրախությու՜ն... Ցնծում էր ողջ «Քաղաքացիական պայմանագիրը» և շարունակում պնդել, որ իրենք են Հայաստանի միակ ընդդիմությունը: Միակը դառնալու ճանապարհին Փաշինյանը Էդմոն Մարուքյանին քաղաքական բարտեր առաջարկեց՝ հայտարարելով, որ ինքն ի օգուտ «Լուսավոր Հայաստանի» կհրաժարվի Վանաձորի ընտրապայքարից, եթե Մարուքյանն իր հերթին ագրեսիվորեն դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ: 

7. Արսինե Խանջյան

Նա դարձավ հանրաճանաչ սփյուռքահայերի շարքում ամենաընդդիմադիրը, երբ նրան ոստիկանները բերման ենթարկեցին հուլիսյան իրադարձությունների օրերին: Կանադահայ դերասանուհին՝ աշխարհահռչակ Ատոմ Եգոյանի կինը, այս ամիս հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց սփյուռքին կենտրոնանալ 2017 թվականի ընտրությունների վրա: Այսպիսով, իշխանության դեմ տեղական ընդդիմադիրների օգտին սփյուռքից տղա բերելով՝ նա հայտնվեց ամենաուժեղ ընդդիմադիրների տասնյակում:

 

8. Վահան Խաչատրյան

Նա այս տարվա ամենամեծ քաղաքական հայտնությունն էր, ով իր ընդդիմադիր հեռուստատեսությունը ձեռքի թեթև շարժումով հեշտորեն վերածեց ընդդիմադիր կուսակցության: Որքան էլ, որ նրա կուսակցության աշխարհագրությունը սահմանափակվում է մեկ մարզով, այնուամենայնիվ Գյումրիում նրա հաղթանակը կարող է ցնցել ողջ իշխանական բուրգը, իսկ պարտությունը կամ վարկաբեկումը՝ կոտրել Գյումրու ընդդիմադիր ողնաշարը: 

9. Դավիթ Սանասարյան

Դեռ չէր չորացել նրան գրավով ազատելու դատարանի որոշման թանաքը, երբ Անկախության օրը նա որդուն դրեց ուսերին, ձեռքն առավ եռագույնը և դարձյալ դուրս ելավ փողոց՝ և դարձյալ ընդդեմ Ռուսաստանի: Այս հակառուսական ամենաակտիվ գործիչն ամենից շատն է նյարդայնացնում հայաստանյան իշխանություններին, քանի որ վերջինս պետք է ամեն կերպ կարողանա մեծ եղբորը համոզել, որ Սանասարյանն իր որևէ թևի հետ որևէ առնչություն չունի:

10. Ռուբեն Հախվերդյան

Նա կանգնում է բոլոր նրանց կողքին, ովքեր տվյալ ժամանակաշրջանում ամենաշատն են ուզում իշխանափոխություն: Նա երգում է այն հանրահավաքներին, որտեղ ամենաուժեղն են դատափետում իշխանություններին: Հայաստանի ամենամշակութային ընդդիմադիրը դարձել է բոլոր իրական ընդդիմադիրների փոխանցիկ սիմվոլը, ով իր սուր լեզվով ու սիրված երգերով բոլոր ընդդիմադիրներից ամենադաժանն է կարողանում ցավացնել իշխանությանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին