Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի նոր ռեալիթի շոուից մինչև Պավել Մանուկյանի հնարավոր ազատում. Ամենաքննարկվածները՝ Շաբաթի քաղաքական TOP 10-ում

17 Սեպտեմբեր, 2016 12:00
Կարեն Կարապետյանի նոր ռեալիթի շոուից մինչև Պավել Մանուկյանի հնարավոր ազատում. Ամենաքննարկվածները՝ Շաբաթի քաղաքական TOP 10-ում

Նրանք ամենահետաքրքիրն են... Նրանք են կարողացել ցրել հայաստանյան գաղջը: Վերջին շրջանում հենց նրանք են հայտնվել հանրային քննարկումների էպիկենտրոնում: Եվ այսպես.

 

1.Կարեն Կարապետյան

Նա այս ամիս դարձավ քաղաքական շոուբիզնեսի մի մեգաաստղ, ում արտաքինը գերել է գրեթե բոլոր կանանց: Նախկին քաղաքապետը դարձավ տասնչորսերորդ վարչապետ, և Հայաստանում սկսվեց մի նոր ռեալիթի շոու՝ «Հայկական Կոմս Մոնտե-Քրիստոյի վերադարձը՝ ռուսական դաբրոյով ու մեծ փողերով»: Նա հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ-շատ ծանր է, չհավատաց Արծվիկ Մինասյանին, Հասմիկ Պողոսյանից պահանջեց կարճ կապել, և նոր վարչապետը ռեյտինգներով հասավ Վլադիմիր Պուտինին ու Քիմ Քարդաշյանին: Սինգապուրյան հրաշքը Հայաստանում արդեն գրեթե կայացած է՝ նույնիսկ առանց կախարդական փայտիկի:

 

2.Ռոբերտ Քոչարյան

Նա վերադառնում է կամ, կարելի է ասել, արդեն վերադարձել է: Նրա թիմերն աստիճանաբար վերագրավում են թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր բարձունքները: Այս հզոր գործիչը չի ցանկանում լինել ո՛չ շարքային ընդդիմադիր, ո՛չ էլ շարքային իշխանավոր. դրա փոխարեն նա քաղաքական դաշտը երկու կողմերում էլ հեղեղել է իր մարդկանցով և ազդեցությամբ, իսկ ինքն էլ պարբերաբար հարցազրույցներ է տալիս ու դառնում ամենաքննարկվածներից մեկը Հայաստանում: Նրա բազմանշանակ մեսիջներով լի հարցազրույցները հասկանում են ընտրյալները, իսկ քաղաքական խաղի երիտասարդները Կարեն Ավագյանի պես տաքանում են և միամտորեն հայտնվում վտանգավոր կրակի կիզակետում: 

 3.Հովիկ Աբրահամյան

Աբրահամյանն արեց իր գործը, Աբրահամյանը կարող է հեռանալ: Չնայած տնտեսությունը շատ-շատ ծանր վիճակում է, չնայած մարդիկ անչափ դժգոհ են իշխանություններից, այնուամենայնիվ վարչապետ Աբրահամյանն այնպես էր աշխատել, որ իր հետևից վայրահաչողներ գրեթե չկային: Նույնիսկ իշխանությունները գիտեին, որ Աբրահամյանի կառավարությունը ներկայիս համակարգի պարագայում արել էր առավելագույնը, հետևաբար նրան գովեց Նախագահը, ջերմ խոսքեր հղեց Մեդվեդևը և «ընգեր պրիզնատ եկավ» իրեն փոխարինելու եկածը: Այսօր արդեն նրա փոխարեն քննարկվում է, թե իր կադրերից ով կմնա պաշտոնի:

4.Պավլիկ Մանուկյան

«Սասնա Ծռերից» ամենասիրվածն ու վաստակաշատը, իր որդու հետ ինքնազոհողության ֆանտաստիկ քայլ անելով, հայտնի դեպքերից հետո նույնիսկ այսքան օրեր անց շարունակում է մնալ ամենաքննարկվածը: Նրա ու որդու առողջությունը հուզում է շատերին, սակայն նրանց նամակների, պայքարի ու գործողությունների նկատմամբ կա հանրային հետաքրքրության որոշակի անկում: Այս պահին մարդիկ ամենաակտիվը քննարկում են, թե արդյո՞ք նա և մյուս «Սասնա Ծռերը» ազատ կարձակվեն անկախության քսանհինգամյակի համաներմամբ:

 

5.Արթուր Ալեքսանյան

Հայաստանի «Սպիտակ արջը» երկար տարիների ընդմիջումից հետո հայությանը պարգևեց օլիմպիական հաղթանակ: Նա մեդալը ստացավ Արցախում զոհված մեր հերոսի դիմանկարը կրծքին և հպարտության արցունքներն աչքերին: Այդ ամենից հետո շատ քննարկվեց, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում նրա անվան մարզադպրոցը, իսկ նա հայտարարեց, որ Գյումրին ավելի շատ օլիմպիական չեմպիոններ կտար, եթե մարզման պայմաններն այդպիսինը չլինեին:

 

6.Արթուր Դավթյան

Նա զարմացրեց բոլորին դատախազական համակարգում իր աստեղային վերելքով՝ թե՛ Աղվան Հովսեփյանի, թե՛ Գևորգ Կոստանյանի օրոք և թե՛ նրանցից հետո: Նոր Գլխավոր դատախազը սառնասրտորեն պատասխանեց լրագրողական ու պատգամավորական բոլոր հարձակումներին, խոստացավ կոռուպցիայի դեմ իրական պայքար, խաղի մեկ կանոն բոլորի համար և Մարտի մեկի գործի արդյունավետ քննություն: Նրա անձն այնքան անբիծ էր, որ մարդիկ չկարողացան ասել-խոսելու ու բամբասելու մի բան գտնել, բայց և անտարբեր չեղան այս իրապես յուրահատուկ երիտասարդի  նշանակման հանդեպ:

 

7.Վիտալի Բալասանյան

«Սասնա Ծռերի» հետ հայտնի բանակցողը, որ մինչ այդ հանդես էր գալիս որպես թունդ ընդդիմադիր, դաժան հարձակման ենթարկվեց հանրության ընդդիմադիր զանգվածի կողմից: Հրապարակվեց նրա հեռախոսազրույցը Վարուժան Ավետիսյանի հետ, որպեսզի ապացուցվի, որ նա խաբել է «Սասնա Ծռերին»: Կառավարության փոփոխությունների այս օրերին էլ լայնորեն քննարկվեց նրա Պաշտպանության նախարար դառնալը: Շատերը քննարկեցին նրան, բայց քչերը հասկացան, թե նա ի վերջո ո՞ր բանակից է:

 

8.Նիկոլ Փաշինյան

Եթե հնարավոր լիներ հարստանալ կամ իշխանություն ունենալ սենսացիաների պատճառ ու հերոս դառնալով, ապա այս գործիչը վաղուց կլիներ Հայաստանի ամենահզոր ու ամենահարուստ մարդը, բայց նա դեռ շարունակում է մնալ Հայաստանի ամենաքննարկվող ընդդիմադիրը: Վերջին շրջանում նա կարողացավ գրավել հանրության ուշադրությունը՝ դաժանորեն հարվածելով հին ու նոր, կեղծ ու իրական ընդդիմադիրներին:

9.Անդրեաս Ղուկասյան

Քանի՞ օր է արդեն նա հաց չի կերել, ինչպե՞ս են նրա օրգանները դիմանում հացադուլին: Այս հարցերը պարբերաբար գրավեցին հանրության ուշադրությունը, մինչև նա դադարեցրեց հացադուլը: Հանրությանը հետաքրքրեց ու զարմացրեց նաև այն, որ նրան այդպես էլ գրավով ազատ չարձակեցին, ինչպես դա արեցին լրիվ նույն խախտումների մեջ կասկածվող մյուս անձանց պարագայում:

 

10.Սամվել Բալասանյան

Նա առաջին մարդն էր Հայաստանում, ում անունով կոչվեց կուսակցությունների նախընտրական դաշինքը: Ամենաընդդիմադիր քաղաքի ընտրություններին մասնակցելիս իշխանությունը փորձեց թաքնվել նրա անվան և դեմքի հետևում, իսկ նա էլ հանդես եկավ զավեշտալի ու պարզամիտ կարգախոսով՝ «Աշխատավարձը տանք աշխատողներին»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին