Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը լիաթոք ծիծաղում է, իսկ Գարեգին Բ-ն` խփում իր քաղաքական գոլը. Ամենաիշխանավորների TOP 10 (տեսանյութ)

02 Հուլիս, 2016 17:58
Սերժ Սարգսյանը լիաթոք ծիծաղում է, իսկ Գարեգին Բ-ն` խփում իր քաղաքական գոլը. Ամենաիշխանավորների TOP 10 (տեսանյութ)

Այս տասը մարդն իրենց ձեռքերում են կենտրոնացրել երկրի քաղաքական ու տնտեսական ողջ իշխանությունը: Եվ այսպես, նրանք են այս ամսվա ամենահզորները.

1. Սերժ Սարգսյան

Նա անկեղծ ու լիաթոք ծիծաղեց, երբ «Ռոյթերս»-ի թղթակիցը հարցրեց իր քաղաքական ապագայի մասին, քանի որ ոչ մի կասկած չունի, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթելու է իր կուսակցությունը, և ինքն էլ մնալու է քաղաքականությունում՝ իհարկե, համար մեկի դերով: Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Ալիևի հետ հանդիպմանը նա կարողացավ խուսանավել անշահավետ կարգավորման ծուղակներից և, վերադառնալով Հայաստան, սրտանց ուրախացավ՝ ընդունելով Հռոմի պապին ու ԵԱՀԿ գործող նախագահին: Այնուհետև ծիծաղեց ընդդիմության էժանագին գզվռտոցի վրա և ծաղրեց բոլորին անխնա ծաղրող յուրային կոմեդիանտներին:

 

2. Հովիկ Աբրահամյան

Նրա դիրքերը պարբերաբար ցնցվում են՝ լարսի սահմանի փակումով, Արթիկի ջրհեղեղով, հարկային նոր օրենսգրքի պարտադրված ընդունումով, բայց ամենակարևորը՝ իր տակը փորող ջահելների խարդավանքներով: Մինչ նա իր գործն էր անում, Հռոմի պապի այցի արարողակարգային պատասխանատուներն ամեն ինչ անում էին, որպեսզի այս եզակի շանսն օգտագործեին վարչապետին թուլացնելու և իրենց քաղաքական կշիռը բարձրացնելու համար: Եթե վարչապետը շարունակի այսքան պասիվ արձագանքել այս անվերջանալի խարդավանքներին, ապա կարող են իրականանալ իր դուշմանների կողմից անվերջ շրջանառվող լուրերը, որ շուտով համար երկուսին կփոխարինի համար երեքը:  

3. Վիգեն Սարգսյան

Նրան տրվեց Հռոմի պապի այցի համակարգման ողջ պատասխանատվությունը, և նա կարողացավ իրապես թռիչքային աճ արձանագրել ամենահզորների մրցավազքում: Նա հմտորեն օգտագործեց արարողակարգային իր լծակները, որպեսզի Հռոմի պապի և նրան ուշադիր հետևող հայ հանրության մոտ ընկալվի երկրորդը՝ նախագահից հետո: Նա այնքան տարվեց արարողակարգային մենիշխանության զգացումով, որ կոպտորեն խախտեց պետական էթիկայի բոլոր նորմերը և Հռոմի պապին դիմավորողների շարքում իր մի հովանավորյալին կանգնեցրեց Երևանի քաղաքապետից առաջ, իսկ Պապին ճանապարհելիս աստղ դարձրեց իր մյուս հովանավորյալ Հրանուշ Հակոբյանին:  

4. Վովա Գասպարյան

Նա այս ամիս դարձյալ փայլուն կատարեց իր վրա դրված բոլոր պարտականությունները. ոչ մի ակտիվիստ և ոչ մի քաղաքական հակառակորդ չկարողացավ փչացնել իշխանությունների տոնը Հռոմի պապի հետ: Տոնի ավարտին նա իր հրեշտակների հետ լուսանկարվեց հրեշտակային կերպար ունեցող Պապի հետ, ինչը յուրովի գնահատանք եղավ իր կատարած ծանր աշխատանքին: Ոմանք Պապին տխրադեմ տեսան ոստիկանների հետ լուսանկարում, իսկ ոմանք էլ հասկացան, որ Պապն իմաստուն է և լուրջ մարդկանց կողքին լուրջ դեմքով է հանդես գալիս:

5. Տարոն Մարգարյան

Նա այս ամիս էլ շարունակեց բարեկարգել քաղաքը՝ նոր կառույցներով ու պուրակներով գեղեցկացնելով այն: Նա կարողացավ հսկայական ու անթերի միջոցառում կազմակերպել Պապի այցի կապակցությամբ՝ չնայած նրան, որ միջոցառմանը մասնակցելու եկած երևանցիներին շատ ստուգեցին ու տանջեցին անվտանգության աշխատակիցները: Վերջապես, նա կարողացավ իր ավագանու ամփոփիչ նիստն էլ հանդարտ անցկացնել և բարելավված իշխանական դիրքավորմամբ փակել քաղաքական սեզոնը:

6. Գարեգին Բ

Նա կարողացավ Հայաստան բերել Հռոմի պապին և դրանով իսկ հայտնվել ամենահզորների կողքին: Պապի այցի շնորհիվ նա Հայաստանի նախագահի հետ երկար շփումների հնարավորություն ստացավ, ինչը բնականաբար ավելացրեց նրա քաղաքական ազդեցությունը: Հռոմի սիրված պապի հետ ամենուրեք շրջելով՝ նա որոշակիորեն վերականգնեց հոգևոր հեղինակությունը, որը մասամբ խարխլվել էր իր մերձավորների ձեռամբ սարքված մեդիա արշավների պատճառով: Ի վերջո, նա առիթ ստացավ շփվելու սեփական ժողովրդի հետ՝ մոտիկից տեսնելով հաշմանդամություն ու այլ ցավեր ունեցող բազում հավատացյալների:

7. Սեյրան Օհանյան

Ի հեճուկս նրա համակարգում հայտնաբերված մի քանի կոռուպցիոներների և դրանից օգտվել ցանկացող մի իշխանական խմբի, նա կարողացավ պահպանել իր հզոր դիրքերը և արդյունավետ շարունակել երկրի պաշտպանությունը լարված ռազմաքաղաքական պայմաններում: Նա չբարդութավորվեց իր կնոջ վերաբերյալ լրագրողական և ֆեյսբուքյան հարցադրումներից ու հպարտորեն ընդգծեց իր ազատական հայացքները կանանց հանրային ներգրավվածության վերաբերյալ: Ռազմական ոստիկանությունը ցանկացավ բերման ենթարկել «Ժողովուրդ» թերթի լրագրող Քնար Մանուկյանին, իսկ ինքն էլ դրանով հիշեցրեց իր ղեկավարած կառույցի հնարավորություններն իրեն վնասողների հետ պայքարելու գործում:

8. Գեորգի Կուտոյան

Նա չերևաց ամենասպիտակ հոգևորականի կողքին, բայց շարունակեց հանրությանը ներկայանալ որպես ամենասպիտակն ուժային կառույցների ղեկավարների շարքում: Նրա անբիծ անցյալն ու կենսակերպը, ինչպես նաև ԱԱԾ-ում անցկացվող շարունակական փոխատեղումները հանրությունն ընկալեց որպես իշխանության առողջ սերնդափոխության վառ և հուսադրող օրինակ: Նրա անվտանգության հարցերում անփորձությունը հերքվեց Հռոմի պապի անվտանգությունը փայլուն կազմակերպելու շնորհիվ, ինչն էլ ավելի ամրապնդեց նրա դիրքերն իր կառույցում և ամենաիշխանավորների այս տասնյակում:

9. Հովհաննես Հովսեփյան

Հարկերի և մաքսատուրքերի հավաքագրման թիվ մեկ պատասխանատուն շարունակում է կատարել իր առջև դրված բարդագույն խնդիրները նույնիսկ այսպիսի ծանր տնտեսական պայմաններում: Նրա կերպարին դրական լիցքեր հաղորդեց այն լուրը, որ իր կառույցը խոշոր հարկատուներից կարողացել է գումարներ ստանալ ոչ միայն բյուջեն լցնելու, այլև երկրի պաշտպանության խնդիրները լուծելու  համար: Այս արդյունավետ աշխատանքը փոքր-ինչ ստվերվեց Համաշխարհային բանկի և Եվրամիության կողմից պարտադրված ու նրա կառույցի կողմից ներկայացված հարկային նոր օրենսգրքով, որը դարձավ բազմաթիվ քննադատությունների թիրախ:

10. Գևորգ Կոստանյան

Չար լեզուները տարածեցին, որ նրա դիրքերը որոշակիորեն թուլացել են, ինչի վկայությունը դարձավ այն, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվեց իր հիմնական մրցակցի՝ ՀՔԾ պետի տեղակալը: Այսինքն՝ վերջին շրջանի իրավաբանական նշանակումներից Սերգեյ Առաքելյանն առաջինն էր, որ Կոստանյանի մարդը չէր: Այս անկումը մեր տասնյակում թերևս հետևանք է այն չար բանսարկությունների, որի մասնակից է նա դարձել՝ մոռանալով իր մտերմությունը հին ընկերների հետ և ջուր լցնելով փեսա-հարազատ-բարեկամի ջրաղացին: Նույն կերպ մոռանալով Դավիթ Հարությունյանի հետ ջերմագույն հարաբերությունները՝ նա աշխատանքից ազատեց վարչապետի մերձավորին՝ իր տեղակալ Հրաչ Բադալյանին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին