Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Հ1-ի խայտառակ ֆուտբոլային եթերից մինչև չինովնիկների ունեցվածքը վերահսկող հանձնաժողովի փախուստ. Ամենաչստացված կառույցների ղեկավարների TOP 10

18 Հունիս, 2016 17:30
Հ1-ի խայտառակ ֆուտբոլային եթերից մինչև չինովնիկների ունեցվածքը վերահսկող հանձնաժողովի փախուստ.  Ամենաչստացված կառույցների ղեկավարների TOP 10

Մարդ կա՝ իր չեղած դիրքին է շունչ ու փայլ տալիս, մարդ էլ կա՝ ստացած լուրջ պաշտոնն է փոշիացնում ու զրոյացնում: Եվ այսպես.

 1.Ռուբեն Ջաղինյան

Նրան շատ թունդ հիշեցին վերջին ֆուտբոլային խայտառակ մեկնաբանությունների ժամանակ, քանի որ մարդիկ ուզում են ազատվել Հ1-ով եվրագավաթի խաղերը նայելուց, բայց չեն կարողանում ու սկսում են հիշել ֆուտբոլային մեկնաբանին, այդ մեկնաբանին այդտեղ դնողին ու վերջապես «Հանրայինն» այս վիճակին հասցնողին: Սիրված կավեէնշիկը, ստանալով պետական ու մասնավոր հսկայական միջոցներ ունեցող Հ1-ը, լիովին զրոյացրեց դրա քաղաքական ու հեռուստատեսային քաշը: Դիտմամբ, թե պատահմամբ «Հանրայինը» դադարեց մրցակցել մասնավոր հեռուստաընկերությունների հետ, իսկ հանրությունն էլ դրա արդյունքում զրկվեց բազմազան, որակյալ, քաղաքական ու գունեղ եթեր ունենալու վերջին շանսից:

2.Հրանուշ Հակոբյան

Սփյուռքում այնքան են հոգնել այս սովետական մեթոդաբանությամբ գործող ու մտածող գործչից, որ դադարել են նույնիսկ բողոքել կոմսոմոլի այս հավերժ առաջնորդից, իսկ արդեն Հայաստանում նրան հիշում են միայն զվարճանալու նպատակով:  Նա դարձավ Սփյուռքի առաջին նախարարը, բայց այնպես աշխատեց, որ կարող է դառնալ նաև վերջինը: Մեծ պոտենցիալով այս կառույցը խեղդվեց օրորոցում, երբ դրա ղեկավարի ամենահայտնի առկայծումը դարձավ Սերժ Թանկյանի հետ լեզվակռիվը և հազարական դոլար սփյուռքից պահանջելու փիլիսոփայությունը: 

3.Վաչե Գաբրիելյան

Շատերը կզարմանան, եթե իմանան, որ Հայաստանը փոխվարչապետ ունի: Թերևս նա ընտրված է այդ բարձր պաշտոնում, որպեսզի ոչ մի քաղաքական ամբիցիա չդրսևորի և զբաղվի գեթ մեկ գործով՝ Եվրասիական ինտեգրացիայով, ինչը կարող էր հեշտությամբ անել ԱԳՆ որևէ վարչություն: Նրա անհասկանալի գործառույթները, նրա կասկածելի օգտակարությունը, նրա հազվագյուտ ու քնեցնող հրապարակային ելույթները նրան հիրավի դարձնում են ամենաանփայլ ու մոռացված պաշտոնյաներից մեկը Հայաստանում:

4.Գագիկ Բունիաթյան

Դուք նրան չեք տեսել, դուք նրան չեք լսել, դուք նրան չեք ճանաչում, բայց փոխարենը դուք ամեն օր վայելում եք նրա անգործության պտուղները, քանի որ նա է պատասխանատու ձեր հեռուստացույցի ողջ պարունակության համար: Եթե հայկական եթերը զուրկ է քաղաքական օբյեկտիվությունից, որակյալ արտադրանքից և լի է եթերային խախտումներով, ապա պետք է բողոքել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով: Կբողոքեիք, բայց ՀՌԱՀ-ը կարծես մահացել է, իսկ նրա ղեկավարությունն այդ մասին ոչ ոքի չի հայտնում, որ հանրության տրամադրությունը չընկնի:

 

5.Տիգրան Մուկուչյան

Երկրի համար ամենակարևոր կառույցներից մեկը հայտնի է միայն նրանով, որ ընտրությունից ընտրություն հանրությանը հայտնում է անվստահելի լուրեր: Այս կառույցի ղեկավարին հաջողվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնել որպես հաշվիչ անդեմ մեքենա՝ խուսափելով որևէ քաղաքական պատասխանատվությունից: Նա իր մշտական իրավատեխնիկական արդարացումներով ու խրթին լեգիստական բացատրություններով հասավ ամենացանկալի արդյունքին՝ իրեն ու իր կառույցն այլևս վատով չեն հիշում: Այն այլևս պարզապես չեն հիշում:

6.Ռադիկ Մարտիրոսյան

Նրա գործունեության վերջին տասնամյակի ամենավառ պրոդուկտը մեր երկիրը քոսոտ անվանելն էր: «Ամենաանպիտան կառույց» անվանակարգի մշտական դափնեկիրը, իհարկե,  Գիտությունների ազգային ակադեմիան է, որի միակ օգտակարությունն ակադեմիկոսի վեհ կոչում բաժանելն է յուրայիններին և մեկ-մեկ էլ՝ արժանիներին: Ավտոմեքենաների ու փոխնախարարների կրճատումից առաջ թերևս ճիշտ կլիներ կրճատել այս մեծապատիվ թոշակառուների հավաքատեղին՝ իր ողջ սովետական ժառանգությամբ:  

7.Վազգեն Մանուկյան

Երբեմնի այս հեղափոխականի բարձր հովանու ներքո Հանրային խորհրուրդ ստեղծելու շատ ողջունելի գաղափարը վերածվեց բյուրոկրատական մի ավերակի, որի կենսագործունեության ամենաէական արդյունքը դարձավ դրանում ներգրավվածների էգոն շոյելը: Ձեռքի հետ էլ, իհարկե, նրանց հազարից մեկ շանս տրվեց թույլատրվածի սահմաններում ըմբոստ կարծիքներ հնչեցնել՝ փորձելով ստվերել իրական ու անկախ քաղաքացիական հասարակությանը, և խառնաշփոթ ստեղծել հանրային իրական քննարկումների ընթացքում: 

8.Սիրանուշ Սահակյան

Երբ ամբողջ երկիրը խոսում է տարբեր պաշտոնյաների ունեցվածքի և դրա կասկածելի ծագման մասին, այս կառույցի ղեկավարի ձայնն անլսելի է, իսկ էթիկայի այս հանձնաժողովն ասես փախել է երկրից կամ իրականությունից: Հերթական կարևոր կառույցով ուզում էին գոհացնել եվրոպացիներին, իսկ ստացվեց գրեթե ինչպես միշտ՝ լավ գաղափարը սպանվեց հերթական ուսյալ երիտասարդի ձեռամբ: Այսօր չինովնիկական կոռուպցիան վերահսկող բարձրագույն այս մարմնում ամեն ինչ ճիշտ է արվում, այսինքն՝ գրագետ, զգույշ ու, իհարկե, լրիվ անարդյունք:  

9.Գաբրիել Ղազարյան

Սպորտի զարգացման հիմնական գործառույթները դրված է օլիմպիական կոմիտեի և առանձին սպորտային ֆեդերացիաների վրա: Երիտասարդության հարցերով էլ հիմնականում զբաղվում է ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանը: Էլ ի՞նչ է մնում այս երջանկագույն պաշտոնյային... Կե՛ր, խմի՛, քեֆ արա՛, գնա՛, այս ու այն միջոցառմանը խելոք դեմքով խոսա՛... Սպորտի ոլորտն էլ փափուկ ու տաք խալի՝ ամենաբախտավոր նախարարի ոտքի տակ: 

10.Արա Վարդանյան

Նրա աշխատանքի վատ ցուցանիշների մասին խոսում են թվերը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնների ժամանակ տարեցտարի ավելի քիչ հավաքագրվող գումարները: Հիմնադրամի տնօրենն իր հոգու խորքում այս ձախողումների համար մեղադրում է երկրին, իշխանություններին, մեկ-մեկ էլ ընդդիմությանը, բայց դե հասկանալի է՝ վատ պարողին ու մենեջերին միշտ էլ խանգարողներ կգտնվեն: Սփյուռքի վստահությունը կորցրած, այդ վստահության համար մարմնի ոչ մի մասն առանձնապես չշարժած ու շատ բարձր վարձատրվող այս պաշտոնյան հպարտորեն եզրափակում է իրեն վստահված կառույցը զրոյացրածների այս տխուր տասնյակը: 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին