Կարևոր իրադարձություններ

Հայաստանը դո՞ւրս է մղվում ԵՏՄ-ից. Ինչի մասին են խոսում ԱՎԾ-ի հրապարակած տվյալները

31 Հոկտեմբեր, 2015 17:26
Հայաստանը դո՞ւրս է մղվում ԵՏՄ-ից. Ինչի մասին են խոսում ԱՎԾ-ի հրապարակած տվյալները

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն,  այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ նվազել է 14.1 տոկոսով, այդ թվում դեպի Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 27.8 տոկոսով, ՌԴ-ից ՀՀ ներմուծման ծավալները՝ 12.9 տոկոսով:

Նվազել է նաև Ղազախստանի և Բելառուսի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը, Ղազախստանի հետ ՝ 21.2 տոկոսով, իսկ Բելառուսի հետ՝ 17.3 Դեպի Բելառուս արտահանման ծավալները նվազել են 36.7, իսկ դեպի Ղազախաստան՝ 20 տոկոսով:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքվեցինք, թե ինչի՞ մասին են վկայում այս տվյալները, կարո՞ղ ենք ասել, որ այս կերպ Հայաստանը կամաց-կամաց դուրս է մղվում ԵՏՄ-ից:

«ԵՏՄ-ի շրջանակներում գործունեությունը ծավալուն ձևով դեռևս սկսված չէ: Ընթացիկ տարվա սկզբում ստորագրվեցին հիմնական փաստաթղթերը, իսկ գործունեության համար կանոնակարգված պրոցեսը դեռևս գտնվում է ձևավորման փուլում»,-Shabat.am-ին հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, անկախ ԵՏՄ-ից, այս պահի դրությամբ ապրանքաշրջանառության ծավալը նկատելիորեն պակասել է:

«Չեմ կարծում, որ վիճակագրական ծառայության կողմից ամրագրված ցուցանիշները իրականությանը համապատասխանում են: Հնարավոր են որոշակի տատանումներ, բայց տվյալ ցուցանիշների մակարդակը ստվերային տնտեսության արդյունք է»,-կարծում է տնտեսագետը և վկայակոչում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճը Իրաքի և Դանիայի հետ, որոնք  համապատասխանաբար աճել են 22.2 և 40.6 տոկոսով:

«Բոլոր այն զարգացած երկրներում, որտեղ, ըստ էության, ստվերային գործունեության նկատմամբ վերահոսկողությունը մեծ է, մենք աճ ունենք, իսկ Ռուսաստանում, Ղազախստանում և Բելոռուսում,  որտեղ վերահսկողության թույլ մակարդակ կա, այլ տվայլներ են»,-ասաց տնտեսագետը, նկատելով, որ եթե ԵՏՄ-ն որպես ի միություն կայանա, ստվերայնությունը որոշակիորեն կնահանջի:

Իսկ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնում, ըստ տնտեսագետի, պետք չէ դարձնել մատի փաթաթան. «Տիգրան Սարգսյանի նշանակմանը և՛ ՀՀ-ն, և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ն լուռ թե ոչ լուռ ձևով հայտնել են իրենց համաձայնությունը»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին