Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի սենսացիոն հայտնությունից մինչև Միհրան Պողոսյանի սկանդալի ավարտ. Ամենաքննարկվածների TOP 10

04 Հունիս, 2016 15:00
Սամվել Բաբայանի սենսացիոն հայտնությունից մինչև Միհրան Պողոսյանի սկանդալի ավարտ. Ամենաքննարկվածների TOP 10

Վերջին օրերին ակտուալ էին ռազմական ու կոռուպցիոն թեմաները, և պատահական չէ, որ այս ամիս ամենից շատ քննարկվել են հայտնի հրամանատարները, ինչպես նաև կոռուպցիայի ու այլ հանցագործությունների հետ ասոցացված անձինք:

Եվ այսպես.

 1.Սամվել Բաբայան

Նախ նրա գալուստն ավետեցին ու գերխորհրդավոր դարձրեցին մի քանի ամենագետ լրատվամիջոցներ, հետո նա եկավ ու հարցազրույցներ տվեց մի քանի յուրային լրատվամիջոցների: Նա հայտարարեց, որ եկել է Արցախն ու հայությունը փրկելու և չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Մեկ այլ Բաբայան՝ Բակո Սահակյանի խոսնակը, խորհուրդ տվեց խոստովանել, որ իր նպատակը քաղաքականություն մտնելն է, իսկ մնացյալ իշխանավորները զգույշ և վախվորած փորձեցին Բաբայանին ներկայացնել որպես շարքային հայ, որ պարզապես վերադարձել է հայրենիք:

 

2.Ժիրայր Սեֆիլյան

Նա յուրօրինակ «Վիքիլիքս» կազմակերպեց չարաբաստիկ 800 հեկտարի գաղտնիքի հետ և դարձավ հայկական Ասանժ: Այնուհետև նա որոշեց իր թիմով հետ բերել այդ կորսված հողերը: Քանի որ ՀԱԿ-ը Ղարաբաղի բանակցություններում վստահության լայն մանդատ տվեց Սերժ Սարգսյանին, Սեֆիլյանն էլ «Ժառանգությունից» ու «Նոր Հայաստանից» ստացավ կորսված հողերի համար բանակցություններ վարելու լիազորություն, սակայն անհասկանալի մնաց, թե Սեֆիլյանն ում հետ և ինչ բանակցություններ պետք է վարի:

 

3.Ռոբերտ Քոչարյան

Նրա ցանկացած հրապարակային հայտնություն դառնում է քաղաքական թեժ քննարկումների առարկա: Այս անգամ էլ նա հարցազրույց տվեց, որն ըստ էության ապտակ էր Բաքվին և խայթոց երևանյան իշխանություններին: Նա բացատրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նման չի հանդիպել Սերժ Սարգսյանին, որ դա չօգտագործվի իշխանությունների ներքին փիարի համար, և չի նկարահանվել Ստեփանակերտում, որ դա չդարձնի իր փիար: Քոչարյանի հարցազրույցին կրկին հետևեց նրան կարոտախտով սպասողների քաղաքական էյֆորիան և նրան բոլոր մեղքերում մեղադրողների ֆեյսբուքյան հիստերիան:

 

4.Վահան Բադասյան

Լայն հանրության համար նա հայտնի դարձավ, երբ հարձակվեց Մանվել Գրիգորյանի վրա: Այնուհետև նա շարունակեց իր հանրային արշավը՝ թիրախավորելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այդ ամենից հետո Վահրամ Բաղդասարյանը Վահան Բադասյանին ասաց, որ նա պատասխան է տալու, իսկ Բադասյանն էլ իր անվտանգությունը երաշխավորելու համար հայտարարեց, որ դեռ շատ սկանդալային բաներ կարող է ասել: Բոլորը լռեցին, այդ թվում և Բադասյանը:

 

 5.Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ կազմակերպված ինչ-որ անձնական ռազբորկաների և դրան հետևած մեդիա արշավի շրջանակներում լայնորեն շրջանառվեց Բադասյանի թունոտ մեղադրանքներով տեսանյութը: Այնուհետև գեներալ Մանվելն ասաց, որ չի ճանաչում գեներալ Սամվելին, իսկ վերջինս էլ ակնարկեց գեներալի հագուստով և կոլխոզի նախագահի ելույթներով Բաքվում թեյ խմելու անհնարինության մասին: Գեներալ Մանվելի դիրքերը վերականգնեց Բակո Սահակյանը՝ վերջինիս հետ ղարաբաղցիների և հայաստանցիների հաշտեցման մեծ միջոցառում կազմակերպելով և նրա մասին մեծարանքի խոսքեր շռայլելով:

 

6.Արթուր Աղաբեկյան

Հայաստանի երեկվա զինվորականը, Արցախի այսօրվա փոխվարչապետն իր երկարամյա աշխատանքով հասել է մեծ բարձունքների, սակայն դեռևս բացառապես անձնական տնտեսական վիճակը բարելավելու գործում: Բարեգործական հիմնադրամի հետ կապված Անահիտ Բախշյանի աղմկոտ բացահայտումից հետո Արցախի հաջողակ գործարարն ու Հայաստանի հայտնի մեծահարուստը լիրիկական հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է հաջորդ տարի հեռանալ քաղաքականությունից: Հեռանալ՝ վայելելու վաստակած միլիոնները և մոռացության մատնելու կոռուպցիոն բոլոր մեղադրանքները:

 

7.Անի Հովհաննիսյան

Այս տասնյակի միակ կինն ու միակ ազատազրկվածը 600 դոլար է փորձել շորթել, մինչդեռ հազարավոր մարդկանցից նույն և այլ եղանակներով միլիոնավոր դոլարներ շորթածները վայելում են կյանքն արտերկրում և պարբերաբար փիարվում Հայաստանում: Այս պատմությունն էլ ավելի սկանդալային դարձավ, երբ լրագրողական շորթման հերոսուհին հայտարարեց, որ Ռուսաստանի դեսպանն է իր դեմ դավադրություն կազմակերպել: Վերջում էլ այս գործով ձերբակալվեց Վանոյի Արտակը, որը պարզվեց` ամենևին էլ Վանոյինը չէր:

 

8.Իվան Վոլինկին

Վոլինկինը հերքեց, որ Ուրիխանյանն իրենն է, և Ռուսաստանի դեսպանության տարածած պաշտոնական հայտարարությամբ անարգանքի սյունին գամեց ձերբակալված գեղեցկուհուն՝ դեսպանի մասին սուտ մեղադրանքներ տարածելու և ինքնարդարացման նպատակով ռուս-հայկական հարաբերություններին վնասելու համար: Մայիսի 9-ին էլ Ռուսաստանի դեսպանը լայնորեն քննարկվեց, երբ լրագրողներից փաստաթուղթ պահանջեց՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանրահայտ փաստը հաստատելու և դրան պատշաճ արձագանքելու համար:

 

9.Գուրգեն Արսենյան

Նրա որդին՝ Գուրգեն Գուրգենիչը, ձերբակալվեց մի քանի ընկերների հետ իրավապահ մարմնի ներկայացուցչին դաժան ծեծի ենթարկելու համար: Փողոցային մեկ այլ կռվում հերոսացած պատգամավորը հետամուտ եղավ, որպեսզի խստագույնս պատժվեն իր թիկնապահին վնասած երիտասարդները, և համանման հանգամանքներում հնարավորինս մեղմվի իր որդու իրավական պատասխանատվությունը: Այս ամենից հետո անհայտ մնաց մի հարց. Գուրգեն Արսենյանը որդուն իր անունն է տվել ռուսական ավանդույթներին հետևելով, թե՞ յուր անձի հանդեպ հատուկ վերաբերմունքից դրդված:

 

10.Միհրան Պողոսյան

Օֆշորային հայտնի սկանդալից և աղմկոտ պաշտոնանկությունից հետո պարբերաբար քննարկվեց նախկին գլխավոր հարկադիր կատարողի հետագա ճակատագիրը: Հանրությանը զարմացրեց նաև Միհրան Պողոսյանի գրասենյակի առկայությունը, իսկ հետո արդեն այդ գրասենյակի անհասկանալի բացատրությունը, որով հերքվում էր նրա որևէ առնչությունը պանամական հաշիվների հետ: Ինչևիցե, կնճռոտ միջադեպը կարծես թե անցյալում է, իսկ «Քեթրին» հասարական կազմակերպության և ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն կառույցի համատեղ միջոցառմանը թարմացած ու նոր սկիզբ բռնած Պողոսյանն արդեն Երևանի քաղաքապետի կողքին էր: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին