Կարևոր իրադարձություններ

Ինչպես իրականացնել իշխանափոխություն՝ մեկ օրում. «168 ժամ»

31 Հոկտեմբեր, 2015 08:01
Ինչպես իրականացնել իշխանափոխություն՝ մեկ օրում. «168 ժամ»

Այսօր խնայողությունների համաշխարհային օրն է: Աշխարհում հոկտեմբերի 31-ը, մի քանի տարի է, նշվում է՝ որպես խնայողությունների օր՝ խնայողությունների դասական իմաստով: Այսինքն՝ որպես բանկային խնայողությունների, ավանդների օր: Սակայն Հայաստանում այս «տոնը», ցավոք, չի կարող նշվել այն պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների չնչին մասը բանկերում կամ «բարձի տակ» խնայողություններ ունի, որովհետեւ օրվա հաց վաստակող հասարակությունը չի կարող խնայողություններ ունենալ:

Սակայն այս օրը Հայաստանում կարող է իսկական տոն դառնալ խնայողության ոչ թե՝ բանկային, այլ՝ ավելի ընդգրկուն իմաստով: Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է անցնել խնայողության ռեժիմի, ինչն արվում է, եւ ինչի վկայությունն է հաջորդ տարվա պետական բյուջեի, մեղմ ասած, համեստ նախագիծը: Բայց Հայաստանին անհրաժեշտ է խնայողություն ոչ թե՝ բյուջեի, այսինքն՝ հասարակության հաշվին, այլ խնայողություն՝ բյուջեն կազմողների ու իրականացնողների, այսինքն՝ իշխանությունների կենցաղում:

Մեր մամուլը հեղեղված է պետական նույնիսկ ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյաների շլացուցիչ ունեցվածքի մասին հրապարակումներով, դրանք այնքան շատ են, որ արդեն դարձել են սովորական երեւույթ: Հասարակությունն այնքան է լսել ու կարդացել համեստ աշխատավարձով ապրող փոխնախարարների, վարչության պետերի, առավել եւս՝ նախարարների ու դատավորների բազմամիլիոնանոց կարողությունների մասին, որ արդեն «բթացել» է նմանօրինակ տեղեկատվության նկատմամբ:

Հայաստանն ունի ագահ, չափից ավելի ագահ իշխանություններ՝ ընդհանուր առմամբ, եւ պաշտոնյաներ՝ մասնավորաբար: Բայց Հայաստանն այլեւս չունի այդ ագահությունը բավարարելու ռեսուրսներ, ու բանը հասել է արդեն խղճուկ բյուջե ունենալուն: Այսինքն՝ պաշտոնյաներն իրենց շվայտ կյանքում խնայողությունների ռեժիմի անցնելու փոխարեն՝ հասարակութանն են պարտադրում առանց այն էլ խղճուկ կյանքն ապրել ավելի խնայողաբար:

Այն, որ պաշտոնյաները կարող են ու պետք է ապրեն արաբական շեյխերին վայել կյանքով, կարծես ընդունվում է բոլորի կողմից: Այդ երեւույթը մերժում է միայն Քրեական օրենսգիրքը, սակայն այն չի գործում, ինչպես մնացած բոլոր օրենսգրքերը: Ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ Հայաստանն օրենքի երկիր չէ, այլ, որովհետեւ հանրային գիտակցության մեջ լեգիտիմացել է պաշտոնյայի՝ շքեղ կյանք ունենալու իրավունքը: Լեգիտիմացել է, որովհետեւ հասարակության մեծամասնությունը դժգոհում է ոչ թե՝ օրենքների խախտումից, դրա արդյունքում առաջացող անարդարությունից, այլ նրանից, որ օրենքը խախտողը ոչ թե ինքն է, այլ հարեւանը: Իսկ դա, համաձայնեք, մահացու անարդարություն է:

Ի դեպ, հետաքրքիր կլիներ հաշվարկել՝ որքա՞ն գումար կխնայվեր, եթե Հայաստանի բոլոր պաշտոնյաները տարվա մեջ գոնե մեկ օր ապրեին օրենքով՝ երթեւեկեին առանց մի քանի տասնյակ հազար դոլար արժեցող ավտոմեքենաների շարասյուների, հրաժարվեին մի քանի ցենտներ կշռող թիկնապահներից, ստանային համեստ նվերներ… ապրեին շարքային քաղաքացու կյանքով, մի խոսքով, ինչպես պետք է ապրեն, եթե առաջնորդվեն Սահմանադրությամբ:

Նման հաշվարկներ, ցավոք, չկան, բայց կարծում ենք՝ որեւէ մեկը չի կասկածում, որ այդ մեկ օրվա խնայողությունը հսկայական գումար կկազմեր: Բայց դա, իհարկե, անթույլատրելի է, որովհետեւ, եթե բոլոր պաշտոնյաները թեկուզ մի օր ապրեն շարքային քաղաքացու կյանքով, այնպես կհիասթափվեն Հայաստանից, որ երկիրը կմնա առանց պետական կառավարման համակարգի: Այդպիսով, ի դեպ, կլուծվեր նաեւ իշխանափոխության հարցը, այսինքն՝ ընդդիմադիրները կհասնեին իրենց մուրազին: Բայց նրանք հազիվ թե համաձայնեին զբաղեցնել իշխանության տեղը, եթե իմանային, որ ապրելու են ոչ թե՝ իշխանության, այլ՝ քաղաքացու կյանքով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին