Կարևոր իրադարձություններ

Ալիևը փորձում է հերքել անհերքելին

30 Հոկտեմբեր, 2015 22:27
Ալիևը  փորձում է հերքել անհերքելին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զեկույց է հրապարակել, որում կանխատեսել է Ադրբեջանի պետական բյուջեի համար նավթի արդյունավետ գինը:

Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի համար նավթի արդյունավետ գինը 2016թ մեկ բարելի դիմաց կկազմի 60 դոլար, երբ այն 2015թ եղել է 75 դոլար, իսկ 2014թ-ին 90 դոլար:

Հետաքրիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեի ցուցանիշները կազմվել են նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գնի, ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքի 1,05 մակարդակի հաշվառմամբ, իսկ 2015թ-ին այն հաշվառվել է մեկ բարելի դիմաց 90 դոլարի մակարդակում: Այսինքն, եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

ԱՄՀ-ի զեկույցի համաձայն նավթի գների անկման պատճառով Միջին Արևելքի երկրները՝ Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Լիբիան կարող են սպառել իրենց բյուջեն 5 տարուց էլ ավելի շուտ:

Ըստ ԱՄՀ-ի փորձագետների՝ Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում բյուջեի մեծ դեֆիցիտը նշանակում է, որ եթե այս երկրները չփորձեն դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները կամ էլ գումար «պարտքով չվերցնեն», ապա նրանք լուրջ խնդիրներ կունենան:

Համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն 2,25 դոլարով, կամ 4,72%-ով էժանացել է: Ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 49,90 դոլարի:

Համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 49,03 դոլար, WTI նավթի մեկ բարելը` $43.20 դոլար:

Ավելի վաղ, Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին հայտարարել էր, որ Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66 տոկոսով կախված են նավթից, անուղղակի գործոնների հաշվառմամբ` 80 տոկոսով, իսկ արտաքին առևտուրն ընդհանրապես նավթից կախված է 95 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների, ինչպես նաև մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է փակուղում:

Համաձայն միջազգային մի շարք գործակալությունների կանխատեսումների՝ Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը բարձրագոչ հայտարարություններով է հանդես գալիս. «Վերջին տարիներին տնտեսական զարգացման առումով աշխարհում Ադրբեջանին հավասարը չկա»,-նշել է վերջինս:

ԱՄՀ-ի զեկույցն ու Ադրբեջանի կողմից հաստատված 2016թ պետբյուջեն վառ ապացույց են այն բանի, որ Ադրբեջանի իշխանությունները՝ նախագահ Ալիևի գլխավորությամբ բարձրագոչ հայտարարություններով փորձում են հերքել անհերքելին:

 

Լրահոս

Դիտել ավելին