Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանը չի հանդիպի հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանին

30 Հոկտեմբեր, 2015 19:08
Արփինե Հովհաննիսյանը չի հանդիպի հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի հանդիպի հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանին: Խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը պահանջում է հանդիպում նաեւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: Պատճառն այն է, որ Անկախ հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ մերժել է նրա վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, մասնավորապես ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, իր իրավասության եւ լիազորությունների շրջանակում, կատարել է համապատասխան գործողություն, այն է՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից Անկախ հանձնաժողովին է ներկայացրել դատապարտյալի վերաբերյալ բնութագիրն ու միջնորդագիրը՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Դիմումը բավարարելու կամ մերժելու իրավասությունը տրված է բացառապես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին, որի աշխատանքներին կամ կայացրած որոշումներին միջամտելու իրավասություն Արդարադատության նախարարությանը տրված չէ»,- տեղեկացրին ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միաժամանակ նախարարի կողմից հանձնարարական է տրվել քրեակատարողական վարչությանը՝ Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպելու համար:

«Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խնդրի լուծումը Արդարադատության նախարարությունից կախված չէ»,- հայտնեցին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին