Կարևոր իրադարձություններ

Երեք գեներալների գերհզորացումից մինչև Հովիկ Աբրահամյանի հակակոռուպցիոն պատերազմ. Ամենաիշխանավորների TOP 10

28 Մայիս, 2016 17:01
Երեք գեներալների գերհզորացումից մինչև Հովիկ Աբրահամյանի հակակոռուպցիոն պատերազմ. Ամենաիշխանավորների TOP 10

Այսօր նրանց ձեռքում է երկրի ողջ իշխանությունը: Նրանք են որոշում Հայաստանի ներկան ու ապագան: Շատերն են ցանկանում մտնել այս տասնյակ, բայց իշխանական, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների պատշաճ կուտակում կարողացել է այս ամիս ապահովել միայն այս տասնյակը: Եվ այսպես.

 

1.Սերժ Սարգսյան

Վիեննայում լարված հանդիպումներից նա իր հետ բերեց փխրուն խաղաղություն, իսկ վերադարձի ճանապարհին տվեց իր ամենասենսացիոն հարցազրույցներից մեկը: Վիեննայում նա մտերմիկ շփվեց Քերիի, Մոգերինիի և Լավրովի հետ, իսկ արդեն Երևանում ջերմորեն ողջագուրվեց Մեդվեդևի հետ: Մինչ իր քաղաքական հակառակորդները փորձում էին համախմբվել իր դեմ, նա հաջողեց իր շուրջը համախմբել առաջին նախագահից մինչև վերջին ռեֆորմիստը: Ի հեճուկս բոլոր փորձությունների՝ իշխանական բուրգում նա կրկին առաջինն է:

 

2.Հովիկ Աբրահամյան

Մինչ հասարակությունը լրջորեն քննարկում էր կոռուպցիոներներին կուլակաթափ անելու գաղափարը, նա ամենահմուտ սերֆինգիստի պես սանձեց հանրային դժգոհության ալիքը և դարձավ հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշ: Նույն կերպ նա հաղթահարեց գառնեցիների բողոքի ալիքը, իսկ քիչ անց՝ կարկտահարված գյուղացիների դժգոհությունը: Վարպետորեն խաղարկելով իր հակառակորդների թուլությունները՝ նա կարողացավ կասեցնել իր դեմ հարձակումների մեդիա ալիքը և դարձավ ժողովրդական ու լրատվական դժգոհությունները լավագույնս կառավարող գործիչն այս տասնյակում:

 

3.Վովա Գասպարյան

Չնայած պասիվացած հրապարակային գործունեությանը՝ նա շարունակում է մնալ գերհզոր ֆիգուր իշխանական կուլիսներում և կարողացել է իր ազդեցության ներքո կենտրոնացնել բազմաթիվ ուժային լծակներ ու նույնիսկ հարևան կառույցներ: Նա այնքան է հզորացել, որ իր թիվ մեկ մրցակիցը փորձեց նրանից խլել իր արտաբյուջեն, բայց ձախողվեց: Նրա դեմ լարված թակարդների ձախողումը և ոստիկանության անվրեպ գործունեությունն ամուր են պահում այս խարիզմատիկ գեներալի դիրքերը գերհզորների եռյակում:

 

4.Սեյրան Օհանյան

Նա այս օրերի հազվագյուտ պաշտոնյաներից էր, ով չէր խուսափում հայտնվել լրագրողների տեսադաշտում և պատասխանել դժվար հարցերի: Նա զորքերի տեղաշարժ որակեց 800 հեկտարի հողային կորուստը և, ի ուրախություն շատերի, հայտարարեց, որ այդ ամայի ու չմշակված հողերը չեն մոռացվել և կազմում են Արցախի տարածքային ամբողջականության մաս: Ռազմական լարվածության ֆոնին պատերազմի հերոս-նախարարը ամենաիշխանավորների տասնյակում վերագտավ իր պաշտոնին հարիր այն դիրքը, որը կորցրել էր խաղաղ ժամանակ՝ անձնական որոշ հանգամանքների բերումով: 

 

 5.Բակո Սահակյան

Պատերազմական այս վիճակում նրա անձը գերկարևորվել է ոչ միայն որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար, ոչ միայն որպես հայաստանյան իշխանությունների հիմնական հենարան, այլև որպես հայության միասնության խորհրդանիշ: Հետևաբար, նրա շուրջ են պտտվում Հայաստանում իշխանության ձգտող բոլոր հիմնական ուժերը և բոլոր կարևոր իրադարձությունները: Երևանյան իշխանախաղում հաղթանակի բանալիներն այսօր Ստեփանակերտում են, իսկ այդ բանալիների հիմնական պահապանը՝ մեր այս տասնյակում:

 

6.Տարոն Մարգարյան

Չնայած նա չի ասոցացվում պատերազմական խնդիրների ու շարժերի հետ, սակայն իրագործում է բազմաթիվ խաղաղ քաղաքաշինական նախագծեր՝ շարունակելով ղեկավարել Հայաստանի կեսը՝ Երևանը:  Ոմանք չհավանեցին Բաղրամյանի ու Նժդեհի նորընծա արձանները, սակայն բոլորն են տեսնում օր օրի ծաղկող ու գեղեցկացող Երևանը: Այս է թերևս պատճառը, որ իշխանություններից համընդհանուր դժգոհության պարագայում երևանցիների 70 տոկոսը ցանկանում է նրան կրկին տեսնել քաղաքապետ՝ գոնե ըստ «Գելլափի» վերջին հարցումների:

 

7.Յուրի Խաչատուրով

Գեներալիտետի աճող դերակատարման և ազդեցության պարագայում շատ է մեծացել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի դերը հանրային և քաղաքական գործընթացներում: Ներկայիս հրադադարը կնքողը չկորցրեց իր ազդեցությունը նույնիսկ այն բանից հետո, երբ մի քանի կոռուպցիոն սկանդալներ ու մի քանի աղմկոտ պաշտոնանկություններ ցնցեցին զինված ուժերի ավանդաբար խաղաղ հիմքերը: Նա երկրի բարձագույն  իշխանության կողքին է մարտի դաշտում, Մոսկվայում և Բաղրամյանի արձանի բացմանը:

 

8.Գևորգ Կոստանյան

Իր քաղաքական սուր հոտառությամբ նա ճիշտ պահին ընդհանրապես անէացել է ու թաքնվել հանրային ուշադրության լուսարձակներից, սակայն իր բռի մեջ է հավաքել ու պահում ողջ իրավական դաշտն իր բոլոր իրավապահ կառույցներով: Նույնիսկ երևանյան քամիներն են գործում նրա օգտին՝ խարխլելով իր հիմնական մրցակցի շենքը: Չնայած նրա դատախազներից մեկը հարբած վիճակում հայտնվեց լճում, սակայն չոր ու անսասան մնացին գլխավոր դատախազի դիրքերը, ում կարծիքը որոշիչ է բոլոր կարևոր իրավական վեճերում:

 

9.Հովհաննես Հովսեփյան

Մարդկանց այսօր էլ հետաքրքրում է երկու հարց՝ Ղարաբաղն ու իրենց գրպանը: Բոլորի գրպանի պարունակությունն այսօր կախված է հենց այս պաշտոնյայից, ով այնպես է աշխատել, որ նրա հավաքագրած գումարի մասին հպարտությամբ նշում է երկրի նախագահը: Այդուհանդերձ նա չի բավարարվել իր միլիարդավոր ձեռքբերումներով և այս ամիս իր ազդեցության սահմաններն ընդլայնեց ընդհուպ մինչև Բելառուս՝ սերտացնելով համագործակցությունն այդ երկրի իր գործընկերոջ հետ:

 

 

 

10.Հրանտ Մարգարյան

Նա ունի երեք նախարար, երկու մարզպետ և էլի շատ ու շատ պաշտոնյաներ: Իշխանությունների հետ մերթ հակադրվող և մերթ համագործակցող «Դաշնակցության» երկարակյաց գորշ կարդինալն իր կուսակցության վերջին համագումարում կրկին վերահաստատեց իր ամուր դիրքերը սեփական թիմում և մեծ իշխանական քայլերով գնում է դեպի գալիք խորհրդարանական ընտրություններ: Նրա դերն էլ ավելի կարևորվեց քառօրյա պատերազմից հետո, քանի որ դաշնակցական կամավորներն ու ֆինանսավորողները մշտապես էական դեր են կատարում լարված ռազմական իրավիճակներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին