Կարևոր իրադարձություններ

Արցախում ներդրվելու է նոր պատվաստանյութ

29 Հոկտեմբեր, 2015 23:44
Արցախում ներդրվելու է նոր պատվաստանյութ

Նոյեմբերի 2-ից Արցախի Հանրապետության առողջապահական հաստատությունների առաջնային օղակում ներդրվելու է ևս մեկ պատվաստանյութ:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ պատվաստումների պետական օրացույցում կավելանա պնևմակոկային վարակի դեմ պատվաստումը:

Կպատվաստվեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ից հետո ծնված բոլոր երեխաները: Հարկ է նկատել, որ պնևմակոկային պատվաստանյութը կանխարգելում է պնևմակոկային վարակները` մասնավորապես ստրեպտակոկուս-պնևմոնիայով պայմանավորված թոքաբորբերը, մենինգիտները, բրոնխիտները: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն արդեն հագեցած է անհրաժեշտ պնևմակոկային պատվաստանյութերով և բժշկական պարագաներով:

Պատվաստումներին զուգահեռ կիրականացվի ամենօրյա մոնիտորինգ՝ համաձայն առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պնևմակոկային պատվաստումների իրականացման մասին» հրամանի: Նոր պատվաստանյութի ներդրմանն ընդառաջ Ստեփանակերտ էին ժամանել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը և նույն կենտրոնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանը: Նրանք սեմինար-խորհրդակցություն են անցկացրել մանկաբույժների, պատվաստումների գործընթացում ներգրավված բուժքույրերի և համաճարակաբանների համար:

Բանախոսները ներկայացրել են համաշխարհային, ինչպես նաև Հայաստանի վերջին տարվա փորձը, գործընկերների հետ քննարկել հետաքրքրող հարցերը: Աշխատանքային օրվա ավարտին հյուրերը հանդիպել են Արցախի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պնևմակոկային պատվաստանյութի ներդրման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր: Երևանից ժամանած հյուրերը փոխնախարարին են ներկայացրել Արցախի պատվաստումների պետական օրացույցի, ինչպես նաև սառցե շղթայի բարելավման հետ կապված մասնագիտական նկատառումները:

 

Լրահոս

Դիտել ավելին