Կարևոր իրադարձություններ

Անկախ նրանից, թե քաղաքացին ինքնությունը հավաստող քանի փաստաթուղթ ունի, կարող է քվեարկել միայն 1 անգամ. ոստիկանության պարզաբանումը

29 Հոկտեմբեր, 2015 21:57
Անկախ նրանից, թե քաղաքացին ինքնությունը հավաստող քանի փաստաթուղթ ունի, կարող է քվեարկել միայն 1 անգամ. ոստիկանության պարզաբանումը

Անկախ այն հանգամանքից, թե քաղաքացին ինքնությունը հավաստող քանի փաստաթուղթ ունի, քվեարկությանը նա կարող է մասնակցել միայն մեկ անգամ:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. ««Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր նույնականացման քարտի և անձնագրի առկայությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կրկնակի քվեարկության հնարավորություն են ստեղծում: 

Ըստ կենտրոնի փորձագետի՝ նույնականացման քարտ ունեցողները կարող են մի քանի անգամ ընտրել՝ տարբեր տեղամասեր գնալով:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակչության պետական ռեգիստրը վարվում է քաղաքացուն միայն մեկ մշտական բնակության վայրում հաշվառելու սկզբունքով: Միայն նշված սկզբունքով է հնարավոր երաշխավորել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի կիրառումը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: 

Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացին ինքնությունը հավաստող քանի փաստաթուղթ ունի՝ քվեարկությանը նա կարող է մասնակցել միայն մեկ անգամ: 

Հանրաքվեի օրինական ընթացքով շահագրգռված բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում մտահոգություններ հայտնելուց առաջ ընտրացուցակները ներբեռնել ինտերնետից և ստուգել՝ միևնույն անհատական տվյալներով քանի ընտրողներ կան ցուցակներում:

Ոստիկանության պաշտոնական police.am կայքում նախապես հրապարակված միևնույն անհատական տվյալներն ունեցող 218 ընտրողներից բացի, ընտրողների տվյալների այլ կրկնությունները բացառված են»:

 

Լրահոս

Դիտել ավելին