Կարևոր իրադարձություններ

Միլանում կայացել է հայ-իտալական գործարար համաժողով

29 Հոկտեմբեր, 2015 20:16
Միլանում կայացել է հայ-իտալական գործարար համաժողով

«Հայաստանի ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» ծրագրի շրջանակում Միլանում կայացել է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ-իտալական գործարար համաժողով


ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այն կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպան ւթյունը՝ Իտալական առևտրի ազգային գործակալության (ICE), «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համագործակցությամբ:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները, անդրադարձել ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Ելույթներով հանդես են եկել Իտալական առևտրի ազգային գործակալության ձեռնարկությունների և հաստատությունների դեպարտամենտի տնօրեն Անիելլո Մուսելլան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը, Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Լետիցիա Տանկան և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:

Այնուհետև համաժողովի մասնակից հայկական ընկերությունների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունն ու ծրագրերը:

Համաժողովի ավարտին կայացել են B2B հանդիպումներ հայ և իտալական ընկերությունների ներկայացուցիչների միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին