Կարևոր իրադարձություններ

ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ քննարկել է Փարիզում ստորագրվելիք համաձայնագրին առնչվող հարցեր

29 Հոկտեմբեր, 2015 10:54
ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ քննարկել է Փարիզում ստորագրվելիք համաձայնագրին առնչվող հարցեր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը քննարկվել են այս տարեվերջին Փարիզում` պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում ստորագրվելիք նոր համաձայնագրին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ռումինիայի փոխդեսպան Բոգդան Ցեբրեան, ԵՄ պատվիրկության քաղաքականության գծով խորհրդական Անդրեա Չալուպովան:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթուղթը սույն թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացվել է կոնվենցիայի քարտուղարությանը և պատրաստակամ է իրականացնել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները: Տեղեկացվել է, որ փաստաթուղթը քննարկվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել և շնորհավորել Հայաստանին «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթուղթն ընդունելու համար` շեշտելով, որ այն շատ հավակնոտ և լավ մշակված փաստաթուղթ է: Պյոտր Սվիտալսկին նաև շեշտել է, որ Փարիզում կայանալիք համաժողովը ԵՄ գերակա խնդիրներից է, որտեղ ցանկանում են ընդունել արդար, համապարփակ փաստաթուղթ: ԵՄ ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին միանալ ԵՄ երկրների ջանքերին` ընդունելու համաձայնագիրը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր ամեն ինչ կանի կլիմայի փոփոխության մեղմման նպատակով միջոցառումներ իրականացնելու համար, այն է` հասնել իր գործողությունների ծրագրով նախատեսված ոչ ավել քան 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացման: Բնապահպանության նախարարը միաժամանակ մտահոգություն է հայտնել նաև մոտ մեկ շաբաթ առաջ կոնվենցիայի քարտուղարությունից ստացած 150 երկրների ներկայացրած “Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների” (INDC) նախնական վերլուծության վերաբերյալ, ըստ որի, եթե ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ներդրումներն իրականանան ներկայացված ցուցանիշներով, ապա Երկրի մթնոլորտի ջերմաստիճանը կբարձրանա 3-3.5 աստիճան, այն դեպքում, երբ նախատեսված էր, որ առավելագույն շեմը պետք է լիներ 2 աստիճանը և երկրներն իրենց ազգային ներդրման ծրագրերը մշակում էին այդ չափորոշիչով:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն նկատել է, որ «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթղթի ընդունումը Հայաստանի կողմից քաղաքական կամքի դրսևորում է և լուրջ նախադրյալ, որ Փարիզում կլինեն արդյունավետ բանակցություններ և կարևոր համաձայնագիր կստորագրվի:

Հանդիպման ավարտին Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության երկրների դեսպաններին` արդյունավետ համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի ինտենսիվ կդառնա և մեծ ծավալներ կընդգրկի:

 

Լրահոս

Դիտել ավելին