Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում անապահով ընտանիքները ձմռան համար կստանան անվճար փայտ

28 Հոկտեմբեր, 2015 19:38
Թբիլիսիում անապահով ընտանիքները ձմռան համար կստանան անվճար փայտ

News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք զրկված են էլեկտրական կամ գազային վառարաններով տունը տաքացնելու հնարավորությունից, ձմռան համար անվճար փայտ կստանան։ Այդ մասին Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան։

Վրաստանում սոցիալապես անապահովի կարգավիճակ տրվում է այն քաղաքացիներին, որոնք բարեկեցության չափանաիշների գնահատականի արդյունքներով հավաքում են անհրաժեշտ քանակի միավոր։ Առաջիկա ձմռանը նախկինի նման նոյեմբերից սկսած հինգ ամիս կոմունալ ծառայությունների վաուչերներ կստանան Թբիլիսիի բոլոր ընտանիքները։

Էլեկտրաէներգիայի, ջրի ու աղբի համար վաուչերի ընդհանուր գումարը կազմում է 100 լարի (մոտ 41.6 դոլար), այսինքն՝ ամսական 20 լարի։ Անապահովների համար վաուչերի գումարը կազմում է շատ ավելին՝ 500 լարի (մոտ 208 դոլար)։

Թբիլիսիում միջին հաշվով 31.5 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված՝ քաղաքապետարանը հոկտեմբերից իր վրա է վերցրել անապահովների ծախսերի մի մասը։ Սոցիալապես անապահովները էլեկտրաէներգիայի համար կվճարեն նախկին սակագնով, մնացյալ մասը կվճարեն քաղաքային իշխանությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին