Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

28 Հոկտեմբեր, 2015 16:11
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանին հոկտեմբերի 28-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի, գիտության և մշակույթի ոլորտում մեծ ներդրում ունեցած Գալոյան եղբայրների անուններով, ինչպես նաև Ոսկերիչների փողոցներ անվանակոչելու մասին որոշումների նախագծերին: Վաստակաշատ շինարար Էդիկ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է ավագանու հավանությանը:

Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին: 

Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններից մեկը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին հարցի քննարկման ժամանակ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը ավագանուն է փոխանցել Քոչինյանների ընտանիքի շնորհակալությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ աջակցության և ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար: 
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը: 
Ավագանու նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին: 
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը որոշվել է գումարել նոյեմբերի 25-ին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին