Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կրթության որակն այնքան վատը չէ, որքան սովոր ենք լսել

28 Հոկտեմբեր, 2015 13:29
Հայաստանում կրթության որակն այնքան վատը չէ, որքան սովոր ենք լսել

Արդեն պատրաստ է «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածը: Հետազոտությունն իրականացվել է ԿԳ  նախարարության պատվերով՝  IPSC ընկերության կողմից:

IPSC ընկերության վերլուծաբան Սամվել Մանուկյանը նշեց, որ հետազոտության այս հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Հայաստանի կաևորագույն խնդիրների մասին` ուսանողների պատկերացումների, Հայաստանի ներկայիս հասարակարգի վերաբերյալ նրանց գիտելիքների և հասարակական ակտիվության վերաբերյալ:

Ըստ մասնագետի՝ հարցին, թե որո՞նք են Հայաստանի կարևորագույն խնդիրները, ուսանողների 25%-ը պատասխանել է` գործազրկությունը:

Հայաստանի առջև ծառացած հաջորդ կարևորագույն խնդիրներն են, ըստ հարցման,  աղքատությունը (20%), երկրի անվտանգության ապահովումը (19%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19%):

«Ուսանողների ընդամենը 7 %-ը ճիշտ գիտի «Ի՞նչ հասարակարգ է այսօր Հայաստանում» հարցի պատասխանը: Ընդ որում՝ հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների շրջանում ճիշտ գիտեն այդ հարցի պատասխանը ընդամենը 12 %-ը: Ի դեպ, հարցվածների 60 տոկոսն անկեղծորեն պատասխանել է, որ չգիտի հարցի պատասխանը: Ավելին՝ հարցման արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերում նրանք, ովքեր ավելի քիչ հասարակագիտական գիտելիքներ ունեն»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց նաև, որ ուսանողների 60  տոկոսը համաձայն են այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27%-ը համաձայն է, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառն անարդարությունն է, իսկ 12%-ը համաձայն է այն կարծիքին, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է. երբ երկիրը հարստանա, այդ խնդիրները կլուծվեն:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հետազոտությունը ոչ միայն կարևոր հիմնախնդիրներ է առաջ քաշում, այլ նաև ուսանողների դիրքորոշումն է արտահայտում այս կամ այն հարցի վերաբերյալ:

Ըստ  նախարարի` էական է այն, որ կարևոր խնդիրների շարքում ուսանողները քիչ ձայն են տվել կոռուպցիոն և կրթության որակի խնդիրներին` համապատասխանաբար` 4,6 և 5 տոկոս: Նրա հավաստմամբ` կոռուպցիայի մասին կրթական համակարգում ավելի շատ խոսում են, քան մասնակցում դրան:

«Ինքն իր վրա հույս դնող սերունդ է մեզ մոտ ձևավորվում, և կամաց-կամաց, կարծես, դուրս ենք գալիս այն համակարգից, երբ ամբողջ հույսը դնում էին պետության վրա: Կուզեի առանձնացնել ևս մեկ կարևոր կետ` ուսանողների քաղաքականացվածության աստիճանը. ուսանողների միայն 6,8 տոկոսն է այս կամ այն կուսակցության անդամ, սակայն 29 տոկոսը մասնակցում է քաղաքացիական նախաձեռնություններին: Այսինքն` հաճախ հնչող կարծիքները, թե ուսանողները քաղաքականացված են, միֆ է»,- ասաց Աշոտյանը:

Նախարարը, խոսելով այն մասին, որ ուսանողները հասարակագիտական գիտելիքներին այնքան էլ լավ չեն տիրապետում, նշեց, որ սա իրականում մարտահրավեր է, քանի որ հեշտ է ուսանողին քաղաքական մանիպուլյացիայի ենթարկել, երբ հիշյալ բազան չունի: «Պետք է բուհերում շեշտը դրվի հասարակագիտական առարկաների վրա: Միջազգային ֆոնդերից միլիոններ են ծախսվել քաղաքացիական կրթության և դաստիարակության վրա, բայց հասարակագիտության հիմք ուսանողները, ինչպես տեսնում ենք, չունեն»,- ասաց նա:

Աշոտյանն ասաց նաև, թե հետաքրքիր է այն հանգամանքը, որ ուսանողների մեծ մասը նշել է, որ առկա կուսակցություններից և ոչ մեկը չի արտահայտում իր քաղաքացիական դիրքորոշումը: Սա, նախարարի կարծիքով, կարող է նոր ձևավորվող կուսակցություններին «մտածելու տեղիք տալ»:

«Ամփոփելով հետազոտության տվյալները` կարող եմ ասել, որ Հայաստանում կրթության որակն այնքան վատը չէ, որքան սովոր ենք լսել, և սա մեր գնահատականը չէ: Ի դեպ, Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականի համաձայն էլ` 2009-ից մինչ այսօր մենք կրթության որակի ապահովման առումով մի մեծ թռիչք ենք կատարել»,- խոսքն ամփոփեց Աշոտյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին