Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում իշխանության ղեկը ստանձնում է միգրանտների հանդեպ թշնամաբար տրամադրված կուսակցությունը

27 Հոկտեմբեր, 2015 23:00
Լեհաստանում իշխանության ղեկը ստանձնում է միգրանտների հանդեպ թշնամաբար տրամադրված կուսակցությունը

Լեհաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթել է Յարոսլավ Կաչինսկու գլխավորած պահպանողական «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը: Ինչպես գրում է The Times-ը, քվեարկությունը ցույց է տվել, որ միգրանտների հետ կապված ճգնաժամն ամրապնդել է ազգայնականների դիրքերը, նույնիսկ այս երկրում, որն ընդունել է բավականին քիչ թվով փախստականներ:

«Մոտ երկու շաբաթ առաջ Կաչինսկին հանրահավաքի ժամանակ ասել է հետեւյալը. «Արդեն կան շատ վտանգավոր հիվանդությունների նախանշաններ, որոնք վաղուց չեն եղել Եվրոպայում: Խոլերա՝ հունական կղզիներում, դիզենտերիա՝ Վիենայում, տարբեր մակաբույծներ: Սա չի նշանակում խտրականություն որեւէ մեկի նկատմամբ: Բայց պետք է ստուգումներ իրականացնել»:

«Պահպանողականների հաղթանակը վերջ դրեց աջակենտրոնների 8-ամյա ղեկավարմանը: Կառավարության ներկայիս ղեկավար Էվա Կոպաչը չվիճարկեց իր պարտությունը: Երկու ժամկետի ընթացքում, որոնց ժամանակ իշխում էր կայուն աջակենտրոն կոալիցիան «Քաղաքացիական հարթակ» կուսակցության գլխավորությամբ, որը ղեկավարում էր Կոպաչը, Լեհաստանի տնտեսությունն աճեց մեկ երրորդով, եւ այդ երկիրը դարձավ ԵՄ-ի միակ անդամը, որն անկում չարձանագրեց 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո»,- ասվում է հոդվածում:

«Իրավունք եւ արդարություն»-ից վարչապետի թեկնածու էր առաջադրվել Բեատա Շիդլոն, ով ավելի վաղ գլխավորել է Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդայի նախընտրական շտաբը: Միեւնույն ժամանակ, գրում է The Times-ը, քչերն են կասկածում, որ կուլիսների ետեւում Կաչինսկին զգալի ազդեցություն կպահպանի:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան 

galatv.am

 

Լրահոս

Դիտել ավելին