Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այսօր աջակցություն է հայտնել Վրաստանում գազի մատակարարումների դիվերսֆիկացման գաղափարին, այդ թվում նաև «Գազպրոմ»-ի հետ բանակցություններին։
Նրա խոսքերով՝ ռուսական գազ ստանում է ողջ Եվրոպան, և որ հանցավոր որևէ բան չկա նրանում, եթե Վրաստանը նույնպես ստանա ռուսական գազ։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը վաղուց ստանում է ռուսական գազ՝ Հայաստանին գազամատակարարման տարանցման դիմաց։
«Որևէ վատ բան չեմ տեսնում շուկայի դիվերսիֆիկացման հարցում, որպեսզի մեր գործարարներին հնարավորություն տրվի գազ գնել այնտեղ, որտեղ որ նրանք կցանկանան։ Մենք, այդ թվում նաև ես, ձգտում ենք ակտիվ լինել այն հարցում, որպեսզի Վրաստանը ստանա իրանական գազ»,- ասել է Իվանիշվիլին։
Մեկնաբանելով այն հարցը, թե ադրբեջանական գազն ավելի էժան է ռուսական գազից, նա հայտարարել է, որ գործարարները հիմար չեն, որպեսզի գնեն թանկարժեք գազ. «Մենք շնորհակալ ենք ադրբեջանական կողմին, SOCAR-ին, սակայն եթե ստացվի, որ մեկ ընկերությունը չլինի մոնոպոլիստ, դա կլինի միայն լավ։ Այդ հարցում որևէ մտավախություն չկա նաև Բաքվում»։