Կարևոր իրադարձություններ

Ջազը հանուն համամարդկային արժեքների. Երևանը նշեց Ջազի միջազգային օրը

30 Ապրիլ, 2016 22:51
Ջազը հանուն համամարդկային արժեքների. Երևանը նշեց Ջազի միջազգային օրը

 Երևանն արդեն 5-րդ տարին անընդմեջ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին նշում է Ջազի միջազգային օրը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Կասկադ համալիրի տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառմանը ելույթ ունեցան հայտնի հայ ջազմեններ՝ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Արմեն Թութունջյանը (Չիկո), Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաև երիտասարդ ջազմեններ՝ իրենց բենդերով:


Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:


Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա գլխավոր անակնկալը միջոցառման հյուր, ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնայի ելույթն էր: Արմեն Հյուսնունցի բենդի հետ Ռիչարդ Բոնան կատարել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը՝ դուդուկի ուղեկցությամբ:


Միջոցառման ևս մեկ անակնկալը հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսի ելույթն էր: Երգիչը հայ հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի մասին երգի պրեմիերայով:


Ջազային ռիթմերը  Կասկադ համալիր էին բերել ոչ միայն երևանցիներին, այլև մայրաքաղաքի տասնյակ հյուրերին:
  

 

Լրահոս

Դիտել ավելին