Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Լոռեցի կամավորականները կատակում են. «Գնացել էինք զինվորներին ոգևորենք մեր ներկայությամբ, բայց իրենք էին մեզ ոգևորում»

30 Ապրիլ, 2016 13:13
Լոռեցի կամավորականները կատակում են. «Գնացել էինք զինվորներին ոգևորենք մեր ներկայությամբ, բայց իրենք էին մեզ ոգևորում»

Hetq.am-ը գրում է.

Գայանե Սարգսյան

Ապրիլյան պատերազմի առաջին օրերից Արցախի առաջնագիծ մեկնած կամավորականների թվում նաև լոռեցիներ կային: Մարզի տարբեր համայնքներից հավաքված 110 կամավորականների ջոկատը Լեռնային Ղարաբաղ է մեկնել ապրիլի 3-ին: Օրեր առաջ մեկնել է երկրորդ ջոկատը՝ փոխարինելու Մատաղիսի ու Թալիշի դիրքերում գտնվող լոռեցիներին: Սահմանից վերադարձած կամավորականները կիսվում են տպավորություններով:

«Հլա մեր երեխեքի տարիքին, հլա իրանց դուխին»

Արտակ Պետրոսյան, ազատամարտիկ, Ձորագես

1992-93 թթ.-ին մասնակցել եմ Մարտակերտի, Հադրութի, Ֆիզուլու մարտերին: 1993թ.-ի օգոստոսի 15-ին ծանր վիրավորվել  եմ ու ամիսներ շարունակ բուժվել:

Վատ լուրն ասում են շուտ ա տեղ հասնում: Վատ լուրը որ տեղ հասավ, արագ հավաքվեցինք ու մեկնեցինք Ղարաբաղ՝ մեր զինվորի կողքին լինելու: Մեր պարտքն էր, որ էնտեղ լինենք, մեզ համար կարևոր էր, որ ինչ լինի, առաջնահերթ մենք դիմավորենք, նոր մեր երեխեքը:

Առաջին օրերին փորձում էինք երեխեքի հոգեբանական վիճակը հասկանանքԻրենց պետք չէր դուխ տալ, իրանք արդեն էդ դուխն ունեին: Ու որ մտանք դիրքեր, առաջինը հենց դրանից եմ հուզվել, որ հլա մեր երեխեքի տարիքին, հլա իրանց դուխին:

Շատ լավ երեխեք կային: Այսինքն՝ ոչ թե լավ երեխեք էին, այլ կայացած տղերք, որոնց առաջ ինչ առաջադրանք էլ դնեն, պատրաստ են լուծել: Գնացինք, մեր աչքով տեսանք, որ ճիշտ ա, շատ զոհեր են եղել, բայց մարդիկ արյան գնով պահել են: Երեխեքը դաժե ձեռնամարտի են բռնվել նրանց զինված բանակի հետ, լապատկով ու ավտոմատի ղոնդաղով ծեծելով սպանել են թուրքին: Էդքանը հերիք էր, որ երեխեքի մասին կարծիք կազմեինք:

Մեր զինվորներն իրանց մենակ չզգացին, տեսան, որ հայրենիքի մարտիկներն իրենց կողքին են ու դա երևի մեծ բան էր:

«Տղաներն այնքան ուրախ էին, կարծես հարսանիք էինք գնում»

Սամվել Սաքանյան, Երկրապահ կամավորանների միության Գուգարքի տարածաշրջանի բաժանմունքի նախագահ

Եղել եմ Գուգարքի միացյալ ջոկատների հրամանատարը: Ավելի ուշ ծառայության եմ անցել պայմանագրային գումարտակում՝ որպես հրամանատարի տեղակալ:

Արցախ մեկնելու ճանապարհին տղաներն այնքան ուրախ էին, կարծես հարսանիք էինք գնում: Միշտ է էդպես եղել: Ու էդպես էլ պիտի լիներ, բոլորը փորձված, պատերազմ տեսած տղաներ էին: Ու նրանց բարձր տրամադրությունը հույս էր ներշնչում, որ այս անգամ էլ ենք հաղթելու:  

Սահմանը պահողները մի ուրիշ տղաներ էին, մեզանից հզոր էին պատկերացրեք: Երևի թե սա պետք էր, որ ես ավելի շատ սկսեմ իմ ազգը սիրել: Միշտ եմ սիրել, բայց էս անգամ իմ մեջ շատ բան փոխվեց, ես նորովի սիրեցի իմ ազգը: Էս անգամվա ոգին ավելի բարձր էր, քան 90-ականներին: Սա բոլորի ցավն էր ու բոլորն անխտիր  մասնակցեցին:

 

«Մեր զինվորներով հիացած եմ հետ եկել»

Հարություն Ղարագյոզյան, Ստեփանավան

1990-ականների սկզբին ես գտնվում էի առողջական ծանր վիճակում՝ երկու երիկամս չէին գործում ու այդ ժամանակ չկարողացա մասնակցել պատերազմին: Այդ օրվանից մտածում էի, որ Աստված մի արասցե եթե պատերազմ լինի, ես պիտի առաջինը մեկնեմ սահման ու իմ պարտքը տամ հայրենիքիս…

Ոչ մեկին չեմ տեղեկացրել, թե ուր եմ գնում: Դուրս եմ եկել տնից առանց որևէ բան ասելու թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Միայն Երևանում համազգետսն ստանալուց հետո զանգահարեցի ու տեղեկացրի՝ ես ուշ կգամ, մեկնում եմ Ղարաբաղ:

Երեխաներ ունեինք, որ շատ դուխով, շատ պատրաստակամ պահում էին մեր պոստերը: Գնացել էինք, որ էդ երեխաներին ոգևորենք մեր ներկայությամբ, բայց այնքան ոգևորված էին ու այնքան պատրաստակամ, որ իրենք էին մեզ ոգևորում:

Մեր զինվորներով հիացած եմ հետ եկել: Որ ասում էինք՝ եկել ենք ձեզ օգնելու, սատարելու, եկել ենք ձեր կողքին լենելու, դուք ետ անցեք, մենք առաջ, այնպիսի մի ոգևորություն ու պատրաստակամություն էր… Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ էր ամեն ինչի, ընդհուպ մինչև զոհվել՝ հողի համար:

«Ինչ-որ բան պահում ա մեզ, չեն թողնում որ առաջ գնանք»

Խաչիկ Քալաշյան,  ազատամարտիկ, Գարգառ

Մասնակցել եմ Նոյմբերյանի, Լաչինի միջանցքի, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մարտերին:

Ես ոգևորված էի գնացել Թալիշ: Թալիշի հետ կապված շատ հուշեր ունեմ, շատ ընկերներ եմ այնտեղ կորցրել: 

Մինչև այսօր դեռ պատերազմը չի պրծել իմ համար: Արցախյան պատերազմից հետո ծառայել եմ հայոց բանակում, ներկայումս պահեստազորի կապիտան եմ, թոշակառու, բայց պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ պայքարել հանուն մեր հայրենիքի, հանուն մեր երեխաների:

Առաջին պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով: Այն ժամանակ մեր կողքին, ոնց են ասում, մենք էինք կանգնած ու մենք: Իսկ հիմա մեր երեխեքի, մեր զինվորների կողքին կանգնած են կամավորակններն ու ամբողջ ազգը: Այսպիսի համախմբածություն ես չէի պատկերացնում ճիշտն ասած:

Թուրքը էն ազգը չի, էն մարդը չի, որ նրա հետ նստես հանգիստ բանակցություններ վարես: Թուրքին պիտի ճնշես, պիտի ճնշես էնքան, ինչքան կարող ես: Տեսնելով էսօրվա զինվորի մարտական պատրաստվածությունը, ես ավելի ու ավելի վստահ եմ՝ մենք շատ բան կարող ենք անել: Թուրքը չի էլ պատկերացնում, թե ինչքան բան մենք կարող ենք անել: Բայց ինչ-որ բան պահում ա մեզ, չեն թողնում, որ առաջ գնանք: Թույլտվություն ա պետք, հրաման:

Հետոն մի քիչ բարդ ա գուշակելը, բայց ես գիտեմ, որ մեր կամքն ու ոգին ուժեղ ա, մենք պիտի հաղթնեք, մենք պարտավոր ենք հաղթել…

Լրահոս

Դիտել ավելին