Կարևոր իրադարձություններ

Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց Թատերական գործիչների միության նախագահ

29 Ապրիլ, 2016 15:06
Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց Թատերական գործիչների միության նախագահ

Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարը, որի ընթացքում միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Վերջինիս ընտրությունը կատարվեց միաձայն, այլ թեկնածուներ չառաջադրվեցին: Ենթադրվում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի թատերական գործիչների միությունը կշարունակի ղեկավարել Հակոբ Ղազանչյանը, թեև վերջինս ընտրությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասաց.

«Բոլորդ էլ հիշում եք, որ ես նախորդ համագումարի ավարտին հայտարարեցի, որ այլևս չեմ ուզում լինել միության նախագահ: Փաստարկներից մեկն էլ այն էր, որ երկու տարին մեկ համագումար կազմակերպելը շատ բարդ ու անհետաքրքիր մի բան է, ինչպես նաև կարծում եմ, որ երկու տարին, ըստ էության, լուրջ ժամկետ չէ: Վերընտրվելով՝ ես իմ առաջ ունեմ ևս չորս տարի, բայց մոտ ապագայում դուք կլսեք մեկ այլ հայտարարություն, որով ես ստիպված, ըստ երևույթին, մի զոհողություն կանեմ… Բանը նրանում է, որ միությունն այսօր շատ լուրջ ուշադրության կարիք ունի, ես ինքս դրանք գիտեմ, և կարիք չկա, որ որևէ մեկն ինձ հուշի այդ խնդիրների մասին: Ես գիտեմ, որ այստեղ հավաքվածներն ակնկալում են բոլորովին նոր թատերական գործիչների միություն, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մենք ունենանք սկզբունքայնորեն նորացված ծրագրերով ու աշխատաոճով ստեղծագործական միություն: Եթե ինձ չհաջողվի, եթե ինձ մոտ չստացվի իրականացնել նոր ծրագրերը, ապա հավաստիացնում եմ, որ առաջիկա չորս տարիներն ինձ համար շիրմա չեն լինելու, և ես հանգիստ հեռանալու եմ, որովհետև ինքս իմ տեսակով համակերպվող մարդ չեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին