Կարևոր իրադարձություններ

21-րդ դարի հիվանդություն. ի՞նչ է անորեքսիան

29 Ապրիլ, 2016 00:37
21-րդ դարի հիվանդություն. ի՞նչ է անորեքսիան

Անորեքսիան ախտաբանական վիճակ է, որի դեպքում նկատվում է ախորժակի լիակատար բացակայություն օրգանիզմի սնման օբյեկտիվ անհրաժեշտության առկայության պարագայում: Անորեքսիայի առաջացումը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով. օրինակ՝ պարազիտար ինվազիա և վարակիչ հիվանդություններ, մարսողական համակարգի հիվանդություններ: Առանձին դիտարկման է արժանի նյարդային անորեքսիան:  

Նյարդային անորեքսիան իրենից ներկայացնում է սննդի ընդունման խախտում, որի դեպքում մարդը կանխամտածված հրաժարվում է սննդից հանուն քաշի նվազեցման: Հաճախ այս հիվանդությունը հանդիպում է աղջիկների մոտ: Այնուամենայնիվ այն կարող է դիտվել ոչ միայն երիտասարդ, այլև հասուն տարիքում, ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց շրջանում:

Նյարդային անորեքսիան բնութագրվում է նիհարելու ախտաբանական ցանկության առաջացմամբ, որն ուղեկցվում է ճարպակալության նկատմամբ ուժեղ վախի ձևավորմամբ: Անորեքսիայով տառապող մարդկանց մոտ դիտվում է սեփական մարմնի խեղաթյուրված ընկալում, առկա է քաշի ավելացման հարցում անհանգստություն, նույնիսկ այն դեպքում, երբ նման բան չկա: Անորեքսիայի առաջացման պատճառները բաժանվում են հոգեբանականի (ներքին կոնֆլիկտներ, ընտանիքի ազդեցություն), կենսաբանականի (գենետիկ հակում) և սոցիալականի (հասարակության ազդեցությունը՝ սննդակարգի ժողովրդականությունը, կուռքերին ընդօրինակելը):

Անորեքսիան ընթանում է փուլերով, որոնք են դիսմորֆոմանիկ, անորեքտիկ և կախեկտիկ փուլերը: Առաջին՝ դիսմորֆոմանիկ փուլը բնորոշվում է ենթադրյալ գիրության պատճառով սեփական թերարժեքության մասին մտքերի առաջացմամբ: Ընդ որում, հիվանդի մոտ առաջանում է տագնապ, ճնշված տրամադրություն, նա երկար ժամանակ իրեն ուսումնասիրում է հայելու առաջ: Այս փուլում դիտվում են նաև ուտելիքի սահմանափակման առաջին փորձերը:

Երկրորդ փուլում հիվանդն անցնում է կոշտ դիետաների և հյուծող ֆիզիկական ծանրաբեռնվածության: Այդ ընթացքում նա զգալիորեն նիհարում է, սակայն չի դադարեցնում սովը, քանի որ չի կարող օբյեկտիվորեն գնահատել նիհարելու աստիճանը: Անընդհատ անբավարար սնման արդյունքում օրգանիզմում տեղի են ունենում ախտաբանական ռեակցիաներ: Առաջանում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են մազաթափությունը, մաշկի չորությունը, սեռական հակման նվազեցումը, ուշաթափությունները, առիթմիան, ստամոքսի ցավերը, սրտխառնոցը, դեպրեսիան: Առաջանում է չբերություն՝ կանանց մոտ կապված ամենորեայի՝ դաշտանի դադարեցման, իսկ տղամարդկանց մոտ՝ սպերմատոգենեզի ճնշման հետ:

Հիվանդի մարմնի զանգվածը շարունակում է նվազել, օրգանիզմում տեղի են ունենում դիստրոֆիկ փոփոխություններ և առաջանում է կախեկտիկ ժամանակահատվածը: Անորեքսիայի այդ փուլը սովորաբար առաջանում է հիվանդությունը սկսվելուց հետո երկու տարի անց: Օրգանիզմում կատարված ախտաբանական փոփոխությունները հանգեցնում են բոլոր օրգանների և համակարգերի անդառնալի ճնշմանը, և ավարտվում մահվամբ: Պայմանավորված նման չընդհատվող ընթացքով և ծանր հետևանքներով՝ անորեքսիան համարվում է պարտադիր բուժում պահանջող լուրջ
հիվանդություն:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

 

Լրահոս

Դիտել ավելին