Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ են քննարկել համանախագահները Բակո Սահակյանի հետ. մանրամասնել է Պոպովը

27 Հոկտեմբեր, 2015 13:28
Ի՞նչ են քննարկել համանախագահները Բակո Սահակյանի հետ. մանրամասնել է Պոպովը

Ստեփանակերտում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է շփման գծում տիրող իրավիճակը: Այս մասին, հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է«Արցախպրեսը»:

Նա նշել է, որ նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացներին վերաբերող հարցեր: «Խոսել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին, որը մենք պատրաստվում ենք կազմակերպել: Խոսել ենք նաեւ հումանիտար հարցերից, եւ այդ համատեքստում՝ հայ եւ ադրբեջանցի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպելու հնարավորության մասին: Այնուամենայնիվ, քննարկման գլխավոր հարցը եղել է շփման գծում տիրող իրավիճակը: Մեզ համար անընդունելի է այն, որ իրավիճակը սրվում է սահմանում, եւ ծանր զինատեսակներ են կիրառվում: Մենք կհանդիպենք եւ այդ խնդրի շուրջ քննարկումներ կունենանք նաեւ բանակի ներկայացուցիչների հետ»,¬-մանրամասնել է Իգոր Պոպովը:

Նշենք, որ համանախագահները տարածաշրջան են այցելել հոկտեմբերի 26-ին: Նրանք երեկ եղել են Երեւանում, ապա մեկնել ԼՂՀ: Այսօր համանախագահները մասնակցելու են Մարտակերտ¬-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախաահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին