Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայից ապրանք չներմուծվի

28 Ապրիլ, 2016 18:28
Ի՞նչ կլինի, եթե Թուրքիայից ապրանք չներմուծվի

Նախօրեին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Թուրքիայից  Հայաստան  ապրանքների ներմուծումն արգելելու  վերաբերյալ հարցին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար  Արծվիկ Մինասյանը  ուշագրավ հայտարարություն արեց:  Ըստ Մինասյանի, իր գլխավորած նախարարությունը արդեն  ուսումնասիրում է նման հնարավորությունը և դրա արդյունքում  պետք է ներկայացվի  ամբողջական փաթեթ:

Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ.

-Պրն. Բոստանջյան, ի՞նչ կլինի, եթե մասնակի կամ ամբողջությամբ արգելվի ապրանքների ներմուծումը՝ Թուրքիայից Հայաստան:

-Ընդհանրապես համագործակցության առումով մինչև անգամ ոչ բարեկամ երկրի հետ, այդպես կտրուկ հարցադրումը՝ արգելել թե՞ թողնել, սանկցիաներ կիրառել, թե՞ ոչ, պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, գոնե տնտեսական դիվանագիտության տեսանկյունից այդպես չպետք է խոսեն:

Բոլոր պարագաներում այդ համագործակցությունն ուղղակիորեն պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ՀՀ սպառողները, կարիք են ունեցել որոշակի ապրանքատեսակների պահանջների, որոնք ենթադրենք բավարարվել են թուրքական արտադրության կողմից:

Բոլոր  այն ապրանքատեսակները , որոնք մենք ստանում ենք Թուրքիայից, Հայաստանը գրեթե ունի հնարավորություններ այդ բոլոր ապրանքների արտադրությունը կազմակերպելու առումով, Արծվիկ Մինասյանն ամենայն հավանականությամբ դա է ասել, որում ամբողջական փաթեթով կարելի է և պետք է դիտարկել այդ հարցը:

Ինչ վերաբերում է այսօրվա դրությամբ մեր շուկաներում հայտնված թուրքական ապրանքատեսակներին՝ որոշ մոնոպոլ նկրտումներ ունեցող սուբյեկտներ գերշահույթ հետապնդելու նպատակով կարող են թուրքական արտադրության ամենաէժան կամ անորակ ապրանքը բերել և իրացնել մեր երկրում, այստեղ թուրքերը որևէ դերակատարում չունեն: Նման իրավիճակներում պետք է մտածել  ներքին և արտաքին քաղաքականության մասին, եթե դա տարիներ շարունակ չի եղել և թողտվության պայմաններում կատարվել է ամենինչ, մենք այսօր ականատես ենք լինում, ուրեմն դրա վերաբերյալ կտրուկ հայտարարությունները՝ արգելել, թույլատրել, ընդհանրապես տեղին չէ: Հատկապես այն պարագայում, որ աշխարհաքաղաքական զարգացումներ են գնում  , ըստ էության գտնվում ենք, ոչ այդքան նպաստավոր կիզակետում:  Այդ իմաստով կարելի է առանց բարձրաձայնումների, եթե իհարկե կան համակարգային այլ մոտեցումներ, աշխատել և վերականգնել  երկրում գործող բոլոր արտադրամասերը, որոնք կարող են մեր սպառումը բավարարել և կարող են տնտեսական համակարգը որակապես բարձրացնել:

-Մասնակի չներմուծվելու դեպքում գնաճ կարձանագրվի՞

-Բնականաբար, գնային համակարգում փոփոխություն կլինի, դա ածանցյալ երևույթ է: Ցանկանում եմ նշել, որ տնտեսության հիմնական  օրենքը մեր կամքից անկախ՝ պահանջարկի և առաջարկի հավասարակշռության օրենքն է: Եթե պահանջարկը մեծ է և առաջարկը քիչ է, բնականաբար գնաճ է արձանագրվում: Եթե արգելվի բազմաթիվ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան, առավել ևս, երբ մեր երկիրը դեռևս ձեռնամուխ չի եղել այդ ապրանքների արտադրության, առաջին ժամանակահատվածում կգրանցի գների աճ:

-ՓՄՁ-ներն ի՞նչ իրավիճակում կհայտնվեն:

-Այսօրվա դրությամբ նմանատիպ ձեռնարկատերերը կամ տիրությունը ընդհանրապես կանգնած է իր տեղում: Մոնոպոլ դիրքերը գրաված սուբյեկտները չեն թողնում նրանց գործունեությունը ծավալով իրականցանել: Այդ առումով, եթե  շեշտը դրվի ի վերջո տնտեսական զարգացում  ապահովելու՝ բնականաբար այն իր հետ կբերի ՓՄՁ-ների գործունեության խթանմանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին