Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հայ լինելը դեռ չի ընկալվում որպես նորմալ երևույթ. Կարո Փայլան

28 Ապրիլ, 2016 18:24
Թուրքիայում հայ լինելը դեռ չի ընկալվում որպես նորմալ երևույթ. Կարո Փայլան

Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը մասնակցել է «Թուրքիայի այսօրվա դրությունն ու փոքրամասնությունների իրավունքները» խորագրով կոնֆերանսին:

Իր ելույթում Փայլանը նշել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պահվածքը ողջունվում է այն ժամանակ, երբ նրանք իրենց պահում են «խելոք երեխայի» նման, մինչդեռ, ցանկացած առարկության դեպքում նրանց որակում են «դավաճաններ»:

Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները վերստին ռիսկային օրեր են ապրում: Նա նկատել է, որ Թուրքիայի խորհրդարանի այսօրվա կազմն ունի 3 հայ, 1 ասորի ու 1 եզդի պատգամավոր.
«Անշուշտ ես հայ եմ: Ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ եմ, և հպարտ եմ դրանով: Սակայն Թուրքիայում հայ լինելը դեռ չի ընկալվում որպես նորմալ երևույթ:
Հայի ինքնությունը երբեմն շատ է մեծարվում, երբեմն էլ հողին է հավասարեցվում, վերածվում է հայհոյանքի, ինչին որ կրկին ականատես ենք լինում վերջին օրերին: Ես կցանկանայի, որ հայի ինքնությունը լինի նորմալ և պատվավոր, ինչպես որ մնացյալ բոլոր ինքնությունների դեպքում է:
Բնականաբար, հայ լինելս կարևոր գործոն է, սակայն ես երազում եմ, որ դա նորմալ ընդունվի: Ես օրինակ տնտեսագետ եմ և խորհրդարանի՝ բյուջեի ու պլանավորման հարցերով հանձնաժողովի անդամ եմ և չպետք է բախվեմ ռիսկերի հայի ինքնություն ունենալու համար»:

Փայլանը դժգոհել է, որ Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը, որի մեծ բյուջեն ձևավորվում է բոլոր քաղաքացիների հարկերից, զբաղվում է միայն սուննի մուսուլմանների կրոնական խնդիրներով, և անտեսում է կրոնական փոքրամասնությունների խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին