Կարևոր իրադարձություններ

Մադրիդում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի բարեխոսման կարգ է մատուցվել

28 Ապրիլ, 2016 17:38
Մադրիդում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի բարեխոսման կարգ է մատուցվել

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայի տարբեր հայաշատ քաղաքներում անց են կացվել մի շարք միջոցառումներ: Ապրիլի 24-ին Մադրիդում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի բարեխոսման կարգ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բարսելոնայում ապրիլի 23-ին տեղի ունեցավ հավաք-մոմավառություն Բարսելոնայում տեղադրված Խաչքարի մոտ։ Արարողության ընթացքում հնչեցին ելույթներ, երաժշտական կատարումներ: Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Վալենսիայում մեկնարկեցին ապրիլի 22-ին: Միսլատայի Մշակույթի Տանը տեղի ունեցավ «Սպի» ֆիլմի իսպաներեն տարբերակի («El padre») ցուցադրումը, որին ներկա էին բազմաթիվ հայ, իսպանացի և այլազգի հանդիսատեսներ Վալենսիայից, Միսլատայից, Կարկախենտից, Մանիսեսից, Կույերայից, Սիյայից և մարզի այլ քաղաքներից: Ապրիլի 24-ին տեղի ունեցավ բողոքի երթ՝ Թուրքիայի և Իսպանիայի կառավարությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Երթի մասնակիցները Վալենսիայից շարժվեցին Միսլատա, ուր երթն ամփոփվեց Միսլատայի «Կենաց ծառ» հայկական հուշարձանի մոտ ելույթներով և մոմավառությամբ:

Նույն պահանջով երթեր և հավաքներ տեղի ունեցան նաև Իսպանիայի այլ հայաշատ համայնքներում, մասնավորապես՝ Ալիկանտեում, Մալագայում, Սան Սեբաստիանում:

 

Լրահոս

Դիտել ավելին