Կարևոր իրադարձություններ

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե ինչքան արագ կարող են հալվել սառեցված հակամարտությունները». Թորբյորն Յագլանդի զեկույցը

28 Ապրիլ, 2016 16:31
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե ինչքան արագ կարող են հալվել սառեցված հակամարտությունները». Թորբյորն Յագլանդի զեկույցը

Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և անվտանգության հարցերին վերաբերող 2015 թվականի իր ծավալուն զեկույցը:

Ըստ Թորբյորն Յագլանդի զեկույցի՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը վտանգված են մայրցամաքում:

«Եվրոպան ներկայում պայքարում է բազմաթիվ մարտահրավերների դեմ, ներառյալ՝ ահաբեկչությունը, միգրացիան ու հակամարտությունը: Սա հաջողությամբ օգտագործվում է ազգայնականների ու ամբոխավարների կողմից բազմաթիվ վայրերում, և նվազում է եվրոպական ինստիտուտների նկատմամբ վստահությունը»,- գրում է Յագլանդը:

Միաժամանակ, նրա խոսքով, մենք դեռևս տեսնում ենք բազմաթիվ կարևոր բացեր իրավունքի և հաստատված կարգի ոլորտում, որոնք մեր անդամներն ունեն, և մարդկային հիմնարար իրավունքները, ներառյալ՝ խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը ու մասնավոր կյանքի իրավունքները սահմանափակվում են:
«Դա ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր է: Եթե մենք չպաշտպանենք մեր ժողովրդավարական սկզբունքներն ու չլուծենք մեր առաջ ծառացած խնդիրները, ապա մարդու իրավունքների հարցում իրավիճակը միայն ավելի վատանալու է»,- նշված է զեկույցում:

Զեկույցի առաջին իսկ տողերում Թորբյորն Յագլանդն արձանագրել է, որ անցած տարի մեր հասարակությունները շոկի մատնվեցին ահաբեկչական հարձակումների պատճառով, և փախստականների հոսքը քաոս առաջացրեց Եվրոպայի սահմանների հարևանությամբ: Ուկրաինայի արևելքում դեռ խաղաղությունն ապահովված չէ:
Յագլանդը նաև ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա: «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե ինչքան արագ կարող են հալվել սառեցված հակամարտություները»,- նշված է զեկույցում:

Նա իր ուշադրությունն է հրավիրել նաև Եվրոպայում ազգայնականության ու քսենոֆոբիայի, հակասեմիթականության աճի վրա:

Զեկույցում ուշադրության կենտրոնում է հայտնվել Եվրոպայում արդարադատության համակարգը, որում արտացոլվել են քաղաքական միջամտությունները, կոռուպցիան, ոչ ուժային մեթոդներով արդարադատության որոշումների վրա ճնշումների փաստերը:
Յագլանդն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի դատական համակարգին՝ նշելով, թե այն փաստացի անկախ չէ:

«Հայաստանը, օրինակ, ներկայացրել է ընդարձակ բարեփոխումներ՝ քրեականացնելով դատավորի վրա ազդելու փորձերը, և դատավորի վրա սահմանել պարտավորություն՝ զեկուցել նման կարգի ազդեցությունների մասին»,- գրում է Յագլանդը՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, զեկույցները համառորեն շարունակում են վկայել փաստացի արդարադատության ոլորտում անկախության բացակայության մասին։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան իր այցի արդյունքով կազմված զեկույցում նշված է, որ «դատական համակարգերի վերևի օղակները միջամտում են ստորին ատյանների աշխատանքին», բացի այդ, դատական ատյանների աշխատանքին միջամտում են նաև գործադիր իշխանության մարմինները:

Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն անդրադարձ կատարելիս՝ նշվում է, որ Հայաստանում 2015թ. դեկտեմբերին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն մեծացնում է խորհրդարանի դերը ու թույլ է տալիս ավելի շատ ներգործել քաղաքական գործընթացների վրա: Այդուհանդերձ, ժողովրդավարական մշակույթն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ դեռևս փխրուն են այս կարևոր բարեփոխումների գործընթացում:
Հավաքների ազատության հետ կապված՝ նշվում է, որ Հայաստանում դեռ չկան արդյունավետ միջոցներ՝ պայքարելու իրավապահների կողմից հավաքների ազատության իրավունքը խախտող դեպքերի դեմ։

Զեկույցում նշվել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կեսում չի ապահովվում լրագրողների անվտանգությունը, և հղում է կատարվում անցած տարում գրանցված ցուցանիշներին, երբ գրանցվել է ֆիզիկական հարձակումների աճ:
Արձանագրվել է, որ մեդիաբազմազանությունն անբավարար է 26 անդամ երկրների մոտ, նշվել է, որ մեդիայի աշխատանքում եղել է միջամտություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին