Կարևոր իրադարձություններ

Զարկեցի...

28 Ապրիլ, 2016 15:32
Զարկեցի...

Ես անգիր գիտեմ` ինչ է կատարվել, բայց ուզում եմ, որ Նարեկն ինքը պատմի:

-Մենք տանկերի էինք սպասում, բայց երբ հռնդյուն լսելով գետնատնակից դուրս վազեցի, տեսա հակառակորդի ուղղաթիռը…

Ինձ թվում է` պիտի ասի` թխալ եմ:

-Ու զարկեցի,- ասում է Նարեկը, և ես հիշում եմ, որ նա արտաշատցի է` իմ երկրացին: Մենք՝ «զարկում ենք»: «Զարկեցի» բառը մտերմիկ շոյում է ունկերս: Զարկեցիր` կրկնում եմ ես:

-Քո հերոսությունը…,- Նարեկը չի թողնում շարունակեմ:

-Իմ ընկերներից յուրաքանչյուրը նույնը կաներ, պարզապես ճակատագիրը ինձ ընտրեց:

-Ուրեմն, քո ընկերներն էլ են հերոս:

Հանկարծ իմ գլխում միտք է ծնվում:

-Ո՞ւմ ես կարոտել ամենից շատ,- հարցնում եմ:

-Մորս,- անմիջապես պատասխանում է Նարեկը:

-Քեզ անակնկալ եմ անելու,- ասում եմ:

Լռում է, փորձում է գուշակել:

♦♦♦

Ոլորանները հաղթահարելով՝ մեր մեքենան հասնում է վրան «Բարձրաշեն» գրած ցուցանակին ու մտնում գյուղ: Հեռվում մանուշակագույն բլուրները արտասովոր փայլում են, իսկ լանջերին տներ են, ծաղկած ծառեր, փարթամ կանաչ:

-Ո՞նց գտնեմ Նարեկենց տունը,- հարցնում է տաքսու վարորդը ճամփեզրին կանգնած տղամարդուն:

-Որ Նարեկենց, հերոսի՞…,- հարցնում է տղամարդը` մեկ առ մեկ զննելով բոլորիս,- ամբողջ գյուղով մեր տղային ենք սպասում: Բա ո՞նց, գյուղի պարծանքն է: Նարեկս միշտ էլ համարձակ է եղել, ուրեմն` մի անգամ…

Վարորդն անջատում է մեքենայի շարժիչը, ես թուղթ ու գրիչ եմ հանում:

-Նարեկը Ձեր ի՞նչն է,- հարցնում է լուսանկարիչ Արեգը, երբ տղամարդը ավարտում է պատմությունը:

-Ոնց` իմ ինչն է… Նարեկն իմ համագյուղացին է,- վիրավորվում է տղամարդը:

ԶԱՐԿԵՑԻ…Ընդարձակ հյուրասրահում հավաքվել են Նարեկի ընկերները, հարևանները, ուսուցիչները, ազգականները: Ուշադրությունս գրավում է 8-9 տարեկան տղան` խելոք, մեծ-մեծ աչքերով: Շատ է նման Նարեկին: Ձեռքով կանչում եմ, ժպտալով մոտենում է:

-Հաստատ Նարեկի եղբայրն ես,- ասում եմ:

Գլխով է անում:

-Անունս Մհեր է:

-Դպրոցում ի՞նչ կա: Ընկերներդ ոգեւորվա՞ծ են:

-Բոլորն էլ կուզենային, որ իրենց եղբայրը խփած լիներ էդ ուղղաթիռը,- «դիվանագիտական» պատասխան է տալիս Մհերը:

-Ես որ բանակ գնամ՝ հա՛մ տանկ եմ խփելու, հա՛մ ուղղաթիռ: Անպայման գոնե մի հատ տանկ խփելու եմ:

-Երբ դասերն աչքաթող է անում, ասում եմ` սպասի՛ր, Մհե՛ր տղա, քիչ մնաց, Նարեկը բանակից կգա, քո հալը կտեսնես: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի: Ասում է` Դուք էլ զարմացրիք, ընդամենը մի հատ ուղղաթիռ է խփել էլի Նարեկը, ես որ բանակ գնամ, կտեսնեք` ինչեր եմ անելու:

Մհերը շառագունում է մոր խոսքից:

-Նարեկի կտորն է,- երիտասարդ կին է խառնվում զրույցին: -Ես առաջին անգամ Նարեկին պարանից կախված եմ տեսել: Իմ հարսանիքն էր: Մեկ էլ տեսնեմ` մի փոքրիկ տղա պարանից կախված ճոճվում է: Երբ նայում եմ` կախված է: Ամուսնուս ասացի` էն երեխան ընկնելու է, վնասվի: Ասաց` մեր Նարեկն է, դա նրա բնական վիճակն է: Նա պիտի ինչ-որ տեղից կախված լինի:

Նարեկին գետնի վրա հազվադեպ էինք տեսնում` կա՛մ զգեստապահարանի գլխին էր, կա՛մ սեղանի վրա, կա՛մ ծառերի ամենաբարձր ճյուղերից կախված:

ԶԱՐԿԵՑԻ

-Հայրն ասում էր` դու շատ լավ հետախույզ կդառնաս,- շարունակում է Նարեկի մայրը` տիկին Անժելան,- ոչինչ հնարավոր չէր թաքցնել Նարեկից, փնտրում-գտնում էր: Անհանգիստ երեխա էր, միշտ ուզում էր ինչ-որ արտասովոր բան անել, աչքի ընկնել: Դեռ դպրոցական էր, ընկերոջ` Գևորգի հետ հող վերցրեց, մշակեց, լոբի ցանեց: Որսի էր գնում, նույնիսկ մի անգամ աղվես էր որսացել: Նարեկը շատ համարձակ է, ինքնավստահ, լավատես, չի ընկճվում դժվարություններից: Հեռախոսով ասում է` մա՛մ, մի քիչ դիմացիր, զորացրվեմ, ամեն ինչ լավ կլինի: Կաշխատեմ, տունը կնորոգեմ: Լիքը ծրագրեր ունեմ:

-Նարեկը հաղթող տեսակ է, նա չի հանգստանա, մինչև չիրականացնի իր բոլոր երազանքները,- շարունակում է Նարեկի մանկության ընկերը` Գևորգը: Նա այնպիսի սիրով ու հպարտությամբ է խոսում ընկերոջ մասին,- Նարեկը մեծ կամքի ուժ ունի: Հիշում եմ` ինչ եռանդով էր պարապում, երբ բոքսի էր գնում: Ու երբ իր ազգականը` Կարեն Ավագյանը, չեմպիոն դարձավ, ոնց էր ուրախացել: Ասում էր` մենք հայերով քիչ ենք, դրա համար էլ ամեն հայ պիտի չեմպիոն լինի:

-Նարեկն ամեն ինչում է չեմպիոն,- ավելացնում է Նարեկի զարմիկը` Գեղամը,- ոչ մի բան կիսատ-պռատ չի անում: Ասում էր` մինչև խրամատում չկանգնես, հողի գինը չես հասկանա: Շուտով բանակ եմ գնալու, ու Նարեկի բառերը սիրտս են մտել: Բոլոր տղաներն էլ պատմում են ծառայական կյանքից, բայց Նարեկի պատմածներն ուրիշ են, քեզ մի լավ բան  սովորեցնում են: Նարեկը իր սիրտն ու հոգին էր դրել ծառայության մեջ:

…Մենք հավաքվել ենք թեյի սեղանի շուրջ գույնզգույն կարպետներով ծածկված սենյակում ու խոսում ենք մեր զինվորի մասին: Բոլորից քիչ զինվորի մայրն է խոսում:  Նա  ներս ու դուրս է անում` տարբեր գյուղական բարիքներ է շարում սեղանին: «Կերե՛ք, Նարեկիս աճեցրած մրգերի չրերն են»:

Նարեկը մեզ կապել է իրար, միացրել-հարազատացրել, մտածում եմ, այսպես էլ ազգն է միավորվում:

-Նռնակներ չունենար, քարով էր խփելու,- Նարեկի ուսուցչուհին է` Ջեմմա Հակոբյանը, ինձ կտրում է մտքերից: -Նա դիմակայելու էր, հարվածն իր վրա էր վերցնելու: Չէր փախչելու…, չէր խցկվելու ապահով տեղ…

-Ամենակարևորը չեք ասում,- դժգոհում է Նարեկենց հարևանուհին` Նունե Բաբայանը: -Ամեն ինչի մասին խոսում եք, բայց չեք ասում, որ մեծի հարգն իմացող տղա է Նարեկը, բարի ու  անչափ ծնողասեր: Նարեկն իր հերոսությամբ մեզ, մեր գյուղացիներին ավելի լավը դարձրեց:

-Մեզ էլ,- ասում է Արեգը:

-Նարեկիս ծնունդը ապրիլի մեկին էր: Իր նկարով տորթ էի ուղարկել զորամաս, վրան էլ` Մարիամ Աստվածածնի բացիկը: Որ զանգեց, ասացի՝ Մարիամ Աստվածածնի նկարը զինվորական համազգեստիդ ծոցագրպանում կդնես: Հենց էդ գիշերը թուրքերը հարձակվել էին: Նարեկս ասում է` սրանից հետո իմ ծնունդը ոչ թե ապրիլի 1-ին, այլ ապրիլի 2-ին ենք նշելու:

…Զրույցն սկսվել ու չի ավարտվում. հյուրերն ավելանում են: Մարդիկ լսել են, որ պաշտպանության նախարարությունից լրագրողներ են եկել, և ուզում են մի լավ բան պատմել Նարեկի մասին: Մենք միասին նայում ենք Նարեկի մանկության նկարները: Կարդում ենք հինգերորդ դասարանում Նարեկի գրած շարադրությունը պատերազմի մասին: Հետո միասին գնում ենք դպրոց, որ տեսնենք Նարեկի պատվին բացված ցուցանակը: Փողոցում մեզ էլի մարդիկ են միանում, մեր խումբը մեծանում է: «Նարեկը մեզ ավելի լավը դարձրեց»` ակամա հիշում եմ Ջեմմա Հակոբյանի բառերը:

♦♦♦

ԶԱՐԿԵՑԻ

Հոդվածը գրել-ավարտել եմ: Մի քանի վերնագիր եմ առանձնացրել` «Ամեն հայ պիտի չեմպիոն լինի», «Նարեկը մեզ ավելի լավը դարձրեց», «Հաղթողը», ու չգիտեմ` որն ընտրեմ: Հեռախոսը զանգում է:

-Բարև Ձեզ, Մհերն է:

-Ո՞նց ես, Մհեր ջան:

-Լավ եմ: Գիտե՞ք, որ Նարեկին մեքենա են նվիրել:

-Ի՞նչ մեքենա…

-«Նիվա» մեքենա: Նարեկն էր զանգել: Ասաց, որ ուղղաթիռ զարկեցի, նվիրեցին: Չեմ համբերում` երբ եմ մեքենան տեսնելու: Ես որ գնամ բանակ…

Մհերն իր զրնգուն-երջանիկ ձայնով պատմում է, թե ինչեր է անելու, երբ գնա բանակ, իսկ ես լսում եմ նրան ու վերնագրում հոդվածը` Զարկեցի:

Նյութի աղբյուրը ` hayzinvor.am

 

Լրահոս

Դիտել ավելին