Կարևոր իրադարձություններ

Հալաբյանում ավտոբուսի պայթյունից տուժած երկու պատանիների վիճակը կայուն ծանր է

28 Ապրիլ, 2016 14:57
Հալաբյանում ավտոբուսի պայթյունից տուժած երկու պատանիների վիճակը կայուն ծանր է

Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` պարբերաբար նեղ մասնագետների հետ համատեղ քննարկվում է երեխաների բուժման հետագա ընթացքը, կատարվում է առողջական վիճակի գնահատում: Տղաներն այս փուլում ստանում են բազմապրոֆիլային բուժում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Մանկաբարձագինոկոլոգիական տեսանկյունից` նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հղին ունի ցավեր կրծքավանդակի շրջանում` պայմանավորված սալջարդերով:

Պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական խորհրդատվություններ: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանցից երկուսը գտնվում են քիթ-կոկորդ-ականջաբանության, մեկը` նյարդավիրաբուժության բաժանմունքներում, բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին